Ի՞նչ պատկեր է արձանագրում Լին Թրեյսին, ով հանդիպել է մի քանի քաղաքական ուժերի հետ

- in Վերլուծական

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նախօրեին հանդիպել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչների հետ՝ քննարկելով քաղաքական իրողություններին առնչվող հարցեր, նաև՝ հետագա գործակցության հեռանկարներ:

Դեսպանի և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կուսակցության երիտասարդները փաստացի հայտարարեցին կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույցը դադարեցնելու մասին: Կա՞պ ուներ այդ որոշումը հանդիպման հետ, թե՞ ոչ՝ բավականին դժվար է ասել, սակայն թերևս ակնառու է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը սկսել է քաղաքական գործընկերների փնտրտուք:

Բանն այն է, որ հայ-ամերիկյան հարաբերության հեռանկարը կախված չէ լոկ իշխանության մակարդակում հայ-ամերիկյան գործակցությունից, և շատ կարևոր է, որպեսզի գործընկերային կապեր ձևավորվեն նաև քաղաքական դաշտի այլ տիրույթներում:

Ավելին, դա գուցե ոչ միայն պակաս կարևոր չէ, այլև ավելի կարևոր է՝ հաշվի առնելով այն, որ հաճախ խնդիրներ ու հարցեր կան, որոնք պահանջում են ոչ թե միանվագ լուծումներ, այլ ենթադրում են քաղաքական գործընթաց: Իսկ դա հնարավոր չէր իրականացնել առանց լայն քաղաքական սպեկտորի, միայն իշխանության մակարդակում: Մեծ հաշվով, նախորդ տարիներին ԱՄՆ-ը Հայաստանում բախվել է հենց այդ խնդրին՝ քաղաքական դաշտում կարողունակ գործընկերների բացակայությանը, ինչը բերել էր քաղաքական բալանսի լրջագույն խախտման և Հայաստանի ինքնիշխանության ու ռեգիոնալ կայունության, ռեգիոնալ ռազմաքաղաքական բալանսի լուրջ խախտման, երբ Հայաստանում ընդդիմությունը եվրասիական քաղաքականության հարցում իշխանությունից ավելի «կաթոլիկ» էր:

Հայաստանում ԱՄՆ դեսպանն ըստ երևույթին փորձում է շոշափել հետհեղափոխական իրավիճակում իշխանության տիրույթում քաղաքական փոփոխությանը զուգահեռ արտաիշխանական քաղաքական տիրույթում քաղաքական իրողությունների փոփոխության հանգամանքը՝ թերևս իր համար ունենալով իր նախորդների փորձը և գնահատականը: Թե ինչ պատկեր է արձանագրում Լին Թրեյսին, որը հանդիպել է մի քանի քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, բարդ է ասել, սակայն պետք է նկատել, որ քաղաքական գունապնակի առումով Հայաստանում տեղի է ունեցել առավելապես դիրքային վերադասավորում, իսկ որակական, արժեհամակարգային և գաղափարական առումով պատկերը խոշոր հաշվով շարունակում է լինել նույնը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի շաբաթ առաջ Փարիզում հայտարարեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունում մոտ են կարևոր ճեղքման: Առ այսօր փակ է, թե հատկապես ինչի մասին էր խոսքը: Չի բացառվում, որ ԱՄՆ դեսպանն էլ իր հերթին է փորձում գտնել ճեղքման ուղիներ քաղաքական դաշտում կամ դիտարկել հնարավոր ճեղքման պոտենցիալ ռիսկերն այդ դաշտից:

ԱՄՆ հետ Հայաստանի հարաբերությունների մասին իր պատկերացումներն է այսօր ներկայացրել նախկին վարչապետ, «Ելք» խմբակցությունից ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Արամ Սարգսյանը։

«Մենք սովորաբար սիրում ենք աշխատել պետության առաջին դեմքերի հետ: Դա տարածված սխալ է, որովհետև ցանկացած երկրի հետ աշխատանքի հաջողության ու անհաջողության հիմքում այդ երկրի դեսպանն ու նրա ծառայողական գրագրրությունն է հայրենիքի հետ: Ուստի եթե ուզում ենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացում մեզ համար կենսական օրակարգով, պիտի հանգիստ չտանք դեսպանին», – գրել է Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments