Ի՞նչ սկզբունքով է Ռուսաստանը որոշում՝ ում պահել, պատսպարել, և ում ձերբակալմանն աջակցել

- in Ով ով է ...

Ռուսաստանի Զելենոգրադ քաղաքում Լևոն Սարգսյանի՝ նախկին իշխող համակարգի կարկառուն ներկայացուցիչ Ալրաղացի Լյովի ձերբակալությունը, որի մասին տեղեկությունը Հայաստանի իրավապահները տարածեցին նոյեմբերի 22-ին, բավական ուշագրավ է և անշուշտ կարող է էական ազդեցություն թողնել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա:

Այստեղ դիտարժան հանգամանքներից մեկը Ռուսաստանի դերակատարումն է: Առավել ևս, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Լևոն Սարգսյանին ձերբակալելուն օգնել են նաև ՌԴ ՆԳՆ ստորաբաժանումները: Մյուս կողմից շատ միամիտ կլիներ կարծել, թե հնարավոր էր լինելու իրականացնել ձերբակալում, եթե չլիներ ՌԴ աջակցությունը: Եվ, թերևս, խոսքը ամենևին զուտ մասնագիտական աջակցության մասին չէ, այլ քաղաքական, այսինքն՝ քաղաքական որոշման:

Ահա այդ առումով, Լևոն Սարգսյանի ձերբակալությունը առաջացնում է մի բավականին հետաքրքիր հարց: Ի՞նչ սկզբունքով է Ռուսաստանը որոշում՝ ում պահել, պատսպարել, և ում ձերբակալմանն աջակցել: Թավշյա հեղափոխությունից հետո Ռուսաստանը դարձել է Հայաստանում իրավական մի շարք գործընթացներով անցնող և մեղադրվող կամ կասկածվող պաշտոնյաների, օլիգարխների ապաստարան: Այնտեղ են, օրինակ, մարտիմեկյան գործով անցնող նախկին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, մարտիմեկյան գործի նախկին քննիչ, քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը: Ինչպես հայտնի է, Ռուսաստանում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, որին նախ ձերբակալեցին, հետո որոշեցին չարտահանձնել Հայաստանին: Հիմա ձերբակալվել է Ալրաղացի Լյովը: Ի՞նչ են անելու նրա հետ՝ արտահանձնելո՞ւ են, թե՞ Միհրան Պողոսյանի կամ մյուսների նման՝ պատսպարելու: Արդյո՞ք սա յուրօրինակ «պատանդառություն» է, որով ՌԴ-ն փորձում է հարաբերվել Հայաստանի նոր իշխանության հետ, նոր հարաբերության կառուցման հետհեղափոխական բարդ և բազմաշերտ գործընթացում:

Է՞լ ինչ պատանդներ կան Ռուսաստանում Հայաստանի նախկին իշխող համակարգից, որոնք հեղափոխությունից հետո պետք է պատասխանեն իրավապահների անհարմար հարցերին, սակայն հարմար տեղավորվել են Մոսկվայում կամ ՌԴ այլ քաղաքներում: Թեև նրանց դեպքում հարմարությունն, իհարկե, հարաբերական է, որովհետև երևի թե որևէ մեկը նրանցից պատկերացում էլ չունի, թե իրենց երբ կձերբակալեն, կարտահանձնեն, թե ոչ, կամ երբ կարտահանձնեն: Նրանք, իհարկե, իրենց ճակատագրի տերը չեն: Ամբողջ հարցն այն է, թե ով է նրանց չճակատագրի տերը, կամ ինչը՝ Հայաստանի Հանրապետության օրենքը և Սահմանադրությո՞ւնը, թե՞ Ռուսաստանի իշխանության քաղաքական հաշվարկները: Եվ մեծ հարց է, մեղմ ասած, թե որ «ենթակայության» ներքո նրանք կարող են իրենց զգալ հարմարավետ կամ, ավելի շուտ՝ ապահով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...