Ilham Aliev

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակը բավականին կոշտ պատասխանի է արժանացրել Սումգայիթի 70-րդ տարելիցի առիթով Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնք եղել են Ադրբեջանի այդ նախագահին ու նրա վարած հակահայ քաղաքականությանը բնորոշ շարքից:

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հիշեցրել է. «Մենք դատապարտում ենք ներքաղաքական խնդիրների հասցեագրման նպատակով ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության շահարկումը: Սումգայիթյան ջարդերը լավագույնս փաստագրված են, և Ադրբեջանի կողմից փաստերի խեղաթյուրումը ժխտողականության վտանգավոր դրսևորում է, որը հրահրում է հայերի նկատմամբ ատելություն և ցեղասպան միտումներ: Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Թալիշում և այլուր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները, էթնիկ զտումները և զանգվածային ջարդերի չդատապարտումը ու ավելին՝ դրանց արդարացումը, Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող հակահայկական հռետորաբանությունը, Ռամիլ Սաֆարովի և հայերի սպանելու համար այլ մարդասպանների հերոսացումը. այս ամենը խաթարում է վստահության ձևավորումը և վնասում խաղաղ գործընթացին»:

Հայաստանի ԱԳՆ արձագանքը հերթական պատասխանն է ադրբեջանական շահարկումներին, որը, սակայն, առավել հատկանշական հնչողություն է ստանում օրերս բավականին քննարկման արժանացած մի թեմայի՝ հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցերի ֆոնին: Երեք լրագրող Ադրբեջանից և երեքհոգանոց լրագրողական խումբը հայկական կողմերից՝ երկու լրագրող՝ Հայաստանից և մեկը՝ Արցախից, անցնող օրերին փոխադարձաբար եղել են՝ ադրբեջանցիները՝ Հայաստանում, Արցախում, իսկ հայ լրագրողները՝ Ադրբեջանում: Տարիներ ի վեր դադարած հանրային շփումներից հետո լրագրողական փոխայցը առաջինն է, որի նպատակը խաղաղությանը նպաստելն է՝ համենայնդեպս ըստ դեռևս ընթացիկ տարվա գարնանը Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպմանը ձեռք բերած պայմանավորվածության:

Սակայն այս լրագրողական փոխայցի ֆոնին Ալիևի հերթական հայտարարությունները, շահարկումներն ու նենգափոխումները մեծ թերահավատություն են առաջացնում հանրային շփումների մակարդակով խաղաղությանը նպաստելու գործընթացի նկատմամբ: Ինքնին, իհարկե, անհրաժեշտ է հստակեցնել, որ խաղաղությանը նպաստել հասկացությունը բոլորովին ասոցիատիվ կամ նույնական չէ «տարածք որևէ բանի» դիմաց բանաձևին կամ պարզապես ստատուս-քվոն փոխելու ադրբեջանական ձգտումներին: Խաղաղությանը նպաստելը պետք է ունենա հենց հակառակ տրամաբանությունը՝ չեզոքացնել պատերազմի կամ ռազմական որևէ միջամտությամբ որևէ խնդիր լուծելու քաղաքականությունը: Իսկ դրա համար բնականաբար պետք է դադարեցնել հանրությանը հակառակ կողմի նկատմամբ ատելությամբ սնուցելու քաղաքականությունը:

Ալիևը Սումգայիթի 70-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը իր ելույթում փաստացի ցույց է տվել, որ այդ քաղաքականությունը չի դադարում: Ալիևը փաստորեն ջուրն է գցում խաղաղության երկխոսության համար փոխադարձ հանրային շփումների առաջին իսկ փորձը: Խաղաղության երկխոսություն նրան պետք չէ: Գործնականում նա ինքն անում է այն, ինչը պետք էր ապացուցել իրավիճակին ռացիոնալ նայելու տեսանկյունից:

Նրա ելույթին հղում անելով՝ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը բավական հստակ մատնացույց է անում, թե ինչու է Արցախի հանրության էքզիստենցիալ անվտանգության հարցը արդիական և հրատապ: Սակայն գործնականում հարցը վաղուց արդեն Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգությունը չէ: Այդ իմաստով խնդրի հիշատակումը միջազգային անվտանգության համակարգի շահառուները, այդ թվում՝ Արցախի հարցում միջնորդ համանախագահները պետք է չդիտարկեն լոկ իբրև հայկական շահի առնչությամբ հնչող մտահոգություն:

Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի վերածվել է ռեգիոնալ անվտանգության էքզիստենցիալ վտանգի՝ հենց Իլհամ Ալիևը: Այդպիսին է Ադրբեջանն ինքնին, թե ոչ՝ կերևա այն դեպքում, երբ այդ երկրի քաղաքականության գագաթին այլևս չլինի Ալիևը:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •