Խոհանոցային որոշ խոսակցություններ կուտակվում են ու հասնում վարչապետին՝ լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա այդպես է արձագանքել գեներալիտետի դժգոհության մասին հարցերին ի պատասխան: Թեմա, որին նախօրեին ֆեյսբուքյան իր զրույցում անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը խոսել էր բանակն ու գեներալիտետը «թուլացնելու» մասին, այսպես ասած, մեղադրանքներին:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր, որ ոչ մի իշխանության շրջանում մեկուկես տարվա ընթացքում չի արվել բանակի ու զինվորականության համար այնքան բան, որքան հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածում: Պաշտպանության նախարարն էլ հաստատել է, որ արագացել է ամեն ինչ՝ բանակի սպառազինության համալրման տեմպից մինչև զինծառայողների կենցաղի բարելավման գործընթաց: Նախարարը նշել է, որ իհարկե այնպես չէ, որ բանակը դոփել է տեղում, սակայն ներկայումս կարճ ժամանակահատվածի մեջ կա մեծ արագություն:

Փաստորեն կան նաև «խոհանոցային կուտակումներ»՝ ինչպես նկատել է պաշտպանության նախարարը, փաստացի թերևս նկատի ունենալով այն, որ կա շրջանակ, որը ձգտում է վարչապետ Փաշինյանին հասցնել իբրև թե դժգոհության առկայության մասին տեղեկություններ: Այլ կերպ ասած՝ նախարար Տոնոյանն ակնարկում է, որ ոչ միայն նախորդ իշխող համակարգի տեղեկատվաքարոզչական աշխատանքի մաս է բովանդակությունը, թե իբրև վարչապետը թուլացնում է բանակը, ու դա առաջացնում է դժգոհություն, այլ նաև կան «խոհանոցային» շրջանակներ, որոնք փորձում են ստեղծել այդպիսի դժգոհության տպավորություն:

Նախարար Դավիթ Տոնոյանը, այլ կերպ ասած, ակնարկում է, որ կան շրջանակներ, որոնք վարչապետի մոտ փորձում են հասունացնել պաշտպանության նախարարի աշխատանքից դժգոհություն: Որովհետև, ի վերջո, եթե բանակում կա դժգոհություն վարչապետի աշխատանքից, իսկ վարչապետն էլ ներկայացնում է, թե որքան փոփոխություն է արվում բանակի հանդեպ ուշադրության իմաստով, ապա ստացվում է, որ այդ ջանքերը արդյունավետ չի իրացնում պաշտպանության նախարարը: Իսկ եթե խոսքը «խոհանոցային» ջանքի մասին է, ապա այստեղ հստակ է թերևս, որ խոսքը իշխանության «խոհանոցի» մասին է, քանի որ նախկին համակարգն իշխանության դեմ, իշխանության հանդեպ դժգոհություն առաջացնելու հարցում, օրինակ, գործում է բավականին բացահայտ՝ առանց որևէ խոհանոցային գաղտնիքներ պահելու:

Ինչո՞վ է պայմանավորված պաշտպանության նախարարի դեմ «խոհանոցային» ջանքը՝ հնարավոր է իհարկե ենթադրել: Ի վերջո պատճառների կամ մոտիվների դիապազոնը կարող է ներառել զուտ ինչ-ինչ անձնական հավակնությունների հանգամանքից մինչև քաղաքական խնդիրներ՝ հաշվի առնելով այն, որ շատերին կարող է անհանգստացնել պաշտպանության նախարար Տոնոյանի քաղաքական բարձր վարկանիշը:

Իսկ այդտեղ հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ իշխանության համակարգում պաշտպանության նախարարի քաղաքական բարձր վարկանիշը կարող է լինել նույն այդ համակարգում «քաղաքական մակաբուծության» հնարավոր փորձեր բացառող հանգամանք հենց վարչապետ Փաշինյանի համար: Իսկ, ինչպես հայտնի է, ցանկացած իշխանության պարագայում ժամանակի ընթացքում մշտապես ձևավորվում են այդ իշխանության անունով երդվող «քաղաքական մակաբույծ» խմբեր:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...