Հայաստանում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, անկասկած, միայն օրենսդրական մակարդակում չէ, որ պետք է տարվի, և պետք է ստանա միս ու արյուն:

Բայց նաև կասկածից վեր է, որ այդ ենթամշակույթի դեմ պայքարի գործում իրավապահ գործիքակազմն ունի առանցքային նշանակություն: Բանն այն է, որ այդ ենթամշակույթի հանրային գիտակցության, հոգեբանության մեջ ունի շատ խոր արմատներ, որոնք հետ են գնում ոչ միայն տասնամյակներով, այլ նաև հասարակարգով: Հայաստանում քրեական ենթամշակույթի «զարգացմանն» ուղղված ջանքերը գործադրվել են ոչ միայն հետխորհրդային, այլև խորհրդային Հայաստանում:

Քրեաօլիգարխիկ համակարգը, որ ձևավորվեց անկախության առաջին տարիներից հետո և սկսեց ընտրակեղծարարությամբ վերարտադրվելու շղթան, մեծ հաշվով, վերապրոֆիլավորեց դեռևս խորհրդային իշխանության գործիքակազմում եղած քրեական տարրը, ենթամշակույթը: Պարզապես, եթե խորհրդային իշխանությունն այն հանրության դեմ գործի էր դնում, հանրության կառավարման մեխանիզմ էր դիտարկում այսպես ասած՝ լատենտ, առավելապես պասիվ ռեժիմում, ապա Հայաստանում քրեաօլիգարխիկ իշխանությունը քրեական տարրը բերեց բաց, ակտիվ ռեժիմի, ակտիվ կիրառման դաշտ, անգամ, այսպես ասած, քաղաքական լեգալիզացիայի դաշտ:

Ավելին, Հայաստանում սկսվեց այդ ենթամշակույթի լատենտ քարոզ, երբ հեռուստաեթերում սկսեցին նկարահանվել սերիալներ, այսպես ասած՝ լուրջ և հումորային, որտեղ հերոսները քրեական ենթամշակույթի կրողներ էին, օրենքով գողեր, հեղինակություններ և այլն, համարժեք լեքսիկոնով, համարժեք վարքագծով, աշխարհայացքով և այլն: Համատարած այդ լեգալացման գործընթացն ի դեպ տեղի էր ունենում այն իշխող համակարգի հովանու ներքո, որ գործնականում այսօր ամենատարբեր շրջանակներով ու ֆորմատներով փորձում է խոսել Հայաստանում ազգային նկարագրչի, ազգային արժեքների մասին: Համակարգը, որը այսօր ազգային արժեքների և ազգային մշակույթի՝ իբրև թե պահապանի դիրքում է, ազգային «արժեքի» և «մշակույթի» մակարդակ էր հասցնում քրեական ենթամշակույթը, հանրային, պետական համակեցության մշակույթի արդիականացման ժամանակի հրամայականը զսպելու համար:

Այլ կերպ ասած, Հայաստանի հանրության շրջանում կա բալանսի ակնհայտ խախտում՝ քրեական ենթամշակույթի և հանրային մշակույթի տեսակարար կշռի: Ըստ այդմ, բալանսը պետք է վերականգնել արագորեն, ինչի համար էլ կարևոր է դառնում օպերատիվ գործիքակազմի կիրառումը:

Միայն դրա շնորհիվ հնարավորություն կառաջանա ուժերի «անհավասարության» պայմաններում շանս տալ նաև մշակութային և իրավագիտակցական քաղաքականության՝ արդեն ավելի փափուկ ուժով փոխել հանրային համակեցության մշակույթի, այսպես ասած, ստատուս-քվոն և մարգինալացնել այն, ինչ տարիներով դարձվել էր արժեհամակարգ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...