HYD Serzh

Դաշնակցության երիտասարդներ, մի խումբ ուսանողներ կրթության ու գիտության նախարարի հրաժարականի պահանջով անժամկետ նստացույց են հայտարարել կրթության ու գիտության նախարարության դիմաց:

Ակցիայի քաղաքական շարժառիթն ու մոտիվացնող տարբեր խմբերի, քաղաքական ուժերի, շերտերի հանգամանքը թերևս բավականին պարզ է՝ հատկապես նկատի ունենալով այն, թե ինչ շրջանակներ են այսօր խոսում Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին՝ նրան մեղադրելով իբրև թե ապազգային քաղաքականության համար:

Իրականում, ուշադրության արժանացնելով այդ «մեղադրանքները», դառնում է ակնառու, որ խոշոր հաշվով կա մեկ այլ էական հանգամանք: Մեղադրանք հարուցող գործընթացն իր բովանդակությամբ անշուշտ չլինելով, այսպես ասած, անթերի կամ անառարկելի՝ այդուհանդերձ իր խորքային բնույթով ունի մի կարևոր նշանակություն: Այդ գործընթացը միտված է Հայաստանում չեզոքացնելու այն հենքը, որի վրա կառուցվել ու գործել է ամբողջատիրական համակարգը, բյուրեղացել, իրեն սկսել է զգալ անպարտելի:

Խոսքը հանրային մտածողության մասին է, որի հիմնարար հարթություններից է բուհական կրթությունը: Ասել, որ այստեղ ծավալվում են խորքային և դինամիկ ռեֆորմներ, կլինի սխալ, սակայն խնդիրը այս տիրույթում ոչ թե այն, ինչ նախաձեռնվում է, չեղարկելն է, այլ հակառակը՝ ավելի մեծ դինամիկա և լայն ընթացք ու բնույթ հաղորդելը: Եվ դա որևէ կապ չունի ազգայինի հետ՝ այն պարզ պատճառով, որ հայկական ազգայինը ձևավորվել ու առաջադիմել է ոչ թե համամարդկայինից, համաշխարհային գործընթացներից ու արժեհամակարգային արդիականացումից զերծ մնալու, պաշտպանվելու, կաղապարվելու, այլ դրա հետ հաղորդակցվելու շնորհիվ, դա հասկանալու շնորհիվ: Որովհետև չի կարող որևէ ազգային, այդ թվում՝ հայկական ազգայինը առանց այդ գործընթացի լինել կենսունակ, լինել կարողունակ, լինել ընդհանրապես:

Որևէ ազգային սնուցվում է համամարդկային հաղորդակցության միջավայրում, ձևավորվում ու զարգանում այդ միջավայրում՝ գնահատելով թե՛ միտումները, թե՛ ռիսկերը, և դրանցից պաշտպանվելով ոչ թե «չինական պատ» կառուցելով, այլ ստեղծելով, ստեղծագործելով, մրցունակ արդյունք ապահովելով: Ի վերջո հենց այդ մրցակցությունն է, որ պետք է խթանի ազգայինը:

Դա է ազգայինը, ոչ թե այն, ինչ փորձ է արվում մատուցել, այսպես ասած, բողոքի ակցիաների միջոցով: Իրականում դա ընդամենը ամբողջատիրական մտածողության հենքը պահելու փորձն է, որովհետև այդ համակարգից սերող որևէ ուժ կանգնած է երկընտրանքի առաջ՝ կա՛մ պահպանել այդ հենքը և ըստ այդմ՝ դրա վրա կառուցել քաղաքական հաջողության որևէ ակնկալիք, կա՛մ փոխվել և պատրաստվել նոր հանրության, նոր մտածողության հետ աշխատանքի: Իրականում հինը՝ համակարգայինը, շփոթում են ազգայինի հետ: Թերևս գիտակցաբար, կատարելով ընտրություն առաջին տարբերակի օգտին և տարբեր պատճառներով ու շարժառիթներով խուսափելով ընտրել փոխվելու տարբերակը: Մինչդեռ ազգայինը կենսունակ է նորի հետ ասոցացման պայմաններում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...