Առանց Արցախի հնարավոր չէ ավարտել բանակցությունը, Հայաստանը չի ստորագրի որևէ փաստաթուղթ՝ Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան պաշտոնական այցի շրջանակում մամուլի ասուլիսի ընթացքում:

Լավրովը նաև հայտարարել է, որ դժվար է վիճարկել Հայաստանի վարչապետի հայտարարությունը, որ Արցախի հարցում որևէ լուծում պետք է ունենա Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների հավանությունը:

Ռուսաստանի արտգործնախարարը հայաստանյան այցի ընթացքում փաստորեն արել է աննախադեպ հայտարարություն, քանի որ թավշյա հեղափոխությունից հետո մինչ այժմ Մոսկվան չի արձագանքել Նիկոլ Փաշինյանի մոտեցմանը՝ կապված երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման հետ: Միաժամանակ, Հայաստանում նախկին իշխող համակարգի ամենատարբեր շրջանակներ քննադատության թիրախ են դարձրել Հայաստանի վարչապետին այդ մոտեցման համար: Ստացվում է, որ նրանք այժմ էլ պետք է թիրախավորեն ՌԴ արտգործնախարար Լավրովին այդ մոտեցմանը հավանություն տալու համար:

Մինչդեռ այդ շրջանակները Հայաստանի իշխանությանը հարվածելու հակաքարոզչական երկու ուղղություններից մեկն էլ դիտարկել են Ռուսաստանին իրենց հավատարմությունը: Մասնավորապես, թե՛ Արցախի հարցում, թե՛ հայ-ռուսական հարաբերության հարցում Նիկոլ Փաշինյանին թիրախավորող ամենաաշխույժ բևեռը եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը, սակայն, այսօր Սերգեյ Լավրովից ստացել է բավականին տհաճ մի հարված: Լավրովը հայտարարել է, որ «Հայաստանի նախկին ղեկավարներից մեկն է ինչ-որ փուլում որոշել», որ Հայաստանը պետք է բանակցի նաև Արցախի անունից: Իհարկե, նա չի մատնանշել Ռոբերտ Քոչարյանի անունը, բայց ասել է նաև, որ մինչ այդ Արցախը եղել է բանակցության մաս: Այլ կերպ ասած՝ ՌԴ արտգործնախարարը նկատի ուներ Ռոբերտ Քոչարյանին, թե ոչ, միևնույն է՝ Լավրովի երևանյան հայտարարությունները փաստորեն հարվածում են նոր իշխանության դեմ հակաքարոզչությանը Հայաստանում ընդունված «թեզերին»:

Իհարկե, այդ ամենը միարժեք եզրակացությունների հիմք լինել չի կարող, քանի որ հաճախ հրապարակային հայտարարությունների ներքո ծածկվում է շատ ավելի բարդ ու ոչ միարժեք քաղաքական-դիվանագիտական գործընթացը իր էությամբ: Մյուս կողմից, սակայն, ակնառու են հրապարակային քաղաքական աննախադեպ հայտարարություններ, որոնք քանդում են հակաքարոզչության մի շարք հարցեր: Եվ այստեղ անշուշտ խնդիրը շատ ավելի լայն ու խորքային է, քանի որ ՌԴ արտգործնախարարը իհարկե չի եկել Հայաստան Նիկոլ Փաշինյանի դեմ հակաքարոզչությանը հարվածելու և այն, այսպես ասած, կազմաքանդելու համար:

Մյուս կողմից, սակայն, հատկանշական է, որ Ռուսաստանը Երևանից արդեն երրորդ անգամ բավականին կոշտ մեսիջներ է հղում Ադրբեջանին ու Թուրքիային, եթե նկատի առնենք Լավրովի հայտարարությունը մի քանի օր առաջ Սերգեյ Շոյգուի այցի ընթացքում ռուսական ռազմակայանի կրակային կարողությունը կրկնապատկելու և մի քանի օր անց էլ ոչ անհայտ Զատուլինի՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի դիմումին սպասելու մասին հայտարարությունների շղթայում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...