Լավրովի սառը ջուրը, սեւ ներկն ու ազգի նվիրյալների ջերմությունը

- in Ով ով է ...

Մի քանի օր առաջ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի դումայի պատգամավոր ոմն Վինոգրադովը սեւ ներկով փորձել էր պղծել հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը:

Տեղի ունեցածի կապակցությամբ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը տարածեց բավականին կոշտ հայտարարություն: Գարեգին Նժդեհի հուշատախտակի պղծման փորձը զուգորդվեց Հայաստանի ներքին կյանքում եւ արտաքին միջավայրում առկա բավականին ուշագրավ գործընթացների հետ:

Երեւան էր այցելել ՌԴ արտգործնախարար Լավրովը, որը բացի ռեգիոնալ քաղաքական իրադրության համատեքստում առկա մի շարք էական շեշտադրումներից՝ որոնք ընդգծում էին Հայաստանի բարձրացող դերն ու հայկական գործոնի աճող նշանակությունը, նաեւ որոշակի սառը ջուր լցրեց Հայաստանի թավշյա հեղափոխության հանդեպ Հայաստանի ներսում եւ նաեւ ռուսական ընդհուպ պետական քարոզչական շրջանակներում ծավալված հակաքարոզչության վրա:

Մյուս կողմից էլ, Վինոգրադովը «սեւ ջուր» լցրեց իրականում ոչ թե Նժդեհի հուշատախտակի, այլ Լավրովի հայտարարությունների վրա, գործելով Նժդեհի դեմ այն ոգով, որի «նորաձեւության» թելադրողը տարիներ առաջ դարձավ փաստորեն Լավրովի գերատեսչության խոսնակ Մարիա Զախարովան: Գիտե՞ր Երեւանում ջազ ակումբում գիշերն անցկացնող Զախարովան, թե ինչ է անցնում արմավիրցի Վինոգրադովի մտքով, կամ զգու՞մ էր: Համենայն դեպս, ավելի ուշ Մոսկվայում ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով կատարվածին, Զախարովան կարծես թե այնքան էլ դժգոհ չէր դրանից: Իսկ գո՞հ է Լավրովը Զախարովայից: Որպես խոսնակ, ոչ իբրեւ Կալինկայի ներքո գեղանի պարուհի:

Լավրովի այցից թերեւս հաստատ գոհ չէ Հայաստանի նախկին իշխող համակարգը, վերը նշված «սառը ջրի» պատճառով: Իսկ Զախարովայից այդ համակարգը գո՞հ է: Դարձյալ ոչ թե լավ կամ վատ պարողի, այլ ազգային արժանապատվության տրամաբանությամբ:

Ի վերջո նրանք էին մի քանի տարի առաջ պատմական տեղեկանք պատրաստում Զախարովայի համար, որը սակայն գործնականում «թքեց» այդ տեղեկանքի վրա, ասելով, թե իր կարծիքը Նժդեհի մասին չի փոխվել: Տեղեկանք պատրաստողները լռեցին:

Լռում են մինչեւ հիմա, անգամ այն բանից հետո, երբ Վինոգրադովը «սեւ ջուր» է լցնում ազգային արժանապատվության խորհրդանիշներից մեկի ու նաեւ շատ ուժերի գաղափարական աղբյուրի հուշատախտակի վրա:

Այս օրերին ԿԳՄՍ նախարարից աղմուկ աղաղակով պաշտպանող ուժերից որեւէ մեկը կարծես թե որեւէ կերպ չի փորձել Գարեգին Նժդեհին եւ ազգային արժանապատվությունը պաշտպանել Ռուսաստանում կատարված վանդալիզմից: Ըստ երեւույթին, շատ են զբաղված նախարարով: Կամ, հարցը զբաղվածությունը չէ, պարզապես Լավրովի «սառը ջրից» հետո Վինոգրադովի «սեւ ներկը» ջերմացրել է ազգի նվիրյալներին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...