Լավրովյան կամ ռուսական զանազան պլաններում Արցախի կարգավիճակը գրեթե չկա

- in Կեղտոտ լվացք
Sergey Lavrov

Մեկնարկեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Հայաստան: ԱԳՆ ֆեյսբուքյան էջում նշված է. «Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը Ազգային պատկերասրահում բացեցին Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսը»:

Այցի շրջանակներում նախատեսվում են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, ինչպես նաև այց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ:

Երեւան ժամանելուց առաջ տված հարցազրույցում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաեւ Արցախի խնդրին:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցին, ապա այն ամենադժվարներից է: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների ընթացքում՝ քաղաքական ճանապարհով, պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության հիման վրա: Այդ աշխատանքի պարամետրերը, ներառյալ կազմակերպչական ասպեկտները, կողմերը դեռ պետք է համաձայնեցնեն», ասել է նա:

Լավրովը հղում է անում Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությանը, որն այնքան էլ վատ չէ. Ռուսաստանը կորցրել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման «մենաշնորհը», որն արտահայտվել էր այսպես կոչված Կազանյան (Լավրովյան) պլանի առաջարկով, որին համաձայնվել էր Սերժ Սարգսյանը: Ապրիլյան պատերազմն ու Վիեննայի օրակարգը ռուսական մենաշնորհի ավարտն էր:

Դրանից հետո Ռուսաստանը մի քանի փորձեր արեց մենաշնորհը վերահաստատելու եւ Վիեննայի օրակարգը չեղարկելու համար, ինչը մասնակի հաջողվեց. Սերժ Սարգսյանի օրոք հայկական կողմը դադարեց խոսել այդ մասին, համանախագահների հայտարարություններում նույնպես Վիեննայի օրակարգը չհիշատակվեց, ինչը շարունակվում է մինչ այժմ:

Բանակցային գործընթացն իրականության մեջ երկու ուղղությամբ էր ընթանում՝ Ռուսաստանի գերակայության ու Ադրբեջանի իրավունքների շրջանակներում: Միեւնույն ժամանակ, ակնհայտ էր դառնում, որ հայկական կողմի համար գլխավոր խնդիրն այդ գործընթացում ռուսական պլանների չեղարկումն է:

Լավրովյան կամ ռուսական զանազան պլաններում Արցախի կարգավիճակը գրեթե չկա, համեմատած համանախագահների այլ առաջարկների հետ: Մյուս կողմից, Լավրովը բազմիցս հայտարարել է, թե Արցախի խնդիրը բարդ խնդիր է, եւ ահա Երեւան այցից առաջ էլ հայտարարում է, որ Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հարցն ամենադժվարներից է, հղում անելով նաեւ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններին:

Այդպիսով Լավրովը ցանկանում է արդարացնե՞լ ռուսական պլանները, թե՞ կրկին փորձելու է Հայաստանին պարտադրել դրանք: Լավրովի մոտ նոր հույսե՞ր են առաջացել, նկատի առնելով Հայաստանում նախկին իշխող համակարգի տարբեր շրջանակների ակտիվության աճը, որոնց թեզերը հանգում են բանակցային հին տրամաբանությանը վերադառնալուն:

Արցախի ներկայիս սահմաններն ու իրավիճակը պատերազմի արդյունք է, որը սանձազերծել է Ադրբեջանը, խախտելով միջազգային պարտավորությունները: Սա է այն իրավա-քաղաքական հիմքը, որի վրա պետք է կառուցվի հայկական քաղաքականությունը, եւ որը ճանաչվել է միջազգային կառույցների կողմից:

Ինչո՞ւ Մոսկվան չի ճանաչում Արցախի անկախությունը, ինչը կլիներ հայ-ռուսական դարավոր եղբայրական ու ռազմավարական հարաբերությունների վկայություն: Լավ կլիներ այս հարցը տրվեր մեր ռուս բարեկամներին, անկեղծ պատասխանի ակնկալիքով ու պահանջով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...