ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանշանակ չի ընկալում աղմուկ բարձրացրած «Հուզանք ու Զանգ» ներկայացման մասին հնչող այն որակումները, թե այն սատանիստական է: Վարչապետի համար հասկանալի չէ, թե ինչ է սատանիզմը և ինչին կարելի է տալ այդ որակումը:

Փաշինյանը այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր  Արթուր Մանուկյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց աղմուկ բարձրացրած «Հուզանք և զանգ»  ներկայացման մասին, որի վրա ծախսվել է 2.7 մլն դրամ, նա հիշեց, որ հնչել են տարբեր որակումներ, այդ թվում, թե սատանիստական ներկայացում է եղել, նա հետաքրքրվեց, թե արդյոք արդարացված է ֆինանսավորումը:
«Մենք որդեգրել ենք քաղաքականություն, որ արվեստի, մշակույթի բնագավառում պետք է այլ քաղաքականություն ունենանք և ֆինանսավորենք մշակույթը, քաջալերենք ստեղծագործական աշխատանքը Հայաստանում: Եվ գրանտային ծրագրեր են իրականացվել, և նշված ներկայացումը 22 ծրագրերից մեկն է: Եվ հիմա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, քննադատությունները հաշվի առնելով, այդ մեխանիզմը կատարելագործելու հետագա քայլերի մասին է մտածում, որպեսզի ներկայացման մասին պատկերացում լինի ոչ միայն թղթի վրա, այլ վիզուալ, թե ինչ տեսարան է ունենալու: Արվեստը հենց նրանով է արվեստ, որ այն միշտ չէ միանշանակ»,-ասաց վարչապետը:

Նա հիշեց, որ ժամանակին Փարաջանովի գործերի համար ֆինանսավորումը ևս միանշանակ չէր ընկալվել: Անդրադառնալով որակումներին, թե ներկայացումը սատանիստական է՝ Փաշինյանը նշեց՝ ինքը շատ լավ գիտի Աստվածաշունչը, իր համար այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ է սատանիզմը: «Եկեք չափորոշիչները հասկանանք, մշակենք: Քաղաքական գործունեության մեջ հայտնի մարդիկ կան, որ նայում ես հայացքին ու խոսելուն, կարող է լինել այնպիսի մեկնաբանություն, որ նրանք ոգեշնչվում են սատանայից: Կոռուպցիայից ավելի սատանիստական բան ես լավ չեմ պատկերացնում: Սեփական զինվորին և ժողովրդին թալանելուց ավելի սատանիստական բան ես չեմ պատկերացնում: Եվ այդ շրջանակներում եղել են մարդիկ, ովքեր ոչ միայն հրաժարական չեն պահանջել, այլ այդ սատանիստական կաթսայից ուտելիս են եղել, և հիմա, ոնց որ թե դեպրեսիայի մեջ են, որ գդալ չկա, գդալն ու ուտելու գործընթացը չկա և նրանք դրանից զրկվել են»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ Հայաստանում գնում է պայքար՝ սակավագիտության և լայնամտության միջև: Վարչապետը հիշեց՝ մարդկությունը տեսել է պատմություն, երբ մեկն, ով ասել է, որ Երկրագունդը կլոր է, վառել են նրան: «Հիմա այդ վառողների գաղափարակիցները 21-րդ դարում էլ են ապրում, և լավ են անում: Սակայն դա չի նշանակում, որ մենք գերաններն ու լուցկին պետք է տանք նրանց ձեռքը, ասենք՝ ընտրեք, ում ուզում եք վառեք, վառեք»,-ասաց նա:

Անդրադառնալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ վարչապետը նշեց, որ պետք է պարզել վիճակագրությունը, թե այն ժամանակներում, երբ կոռուպցիան Հայաստանում թևածում էր աննախադեպ մասշտաբների, այդ նույն մարդիկ քանի հոգու հրաժարական են պահանջել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ նաև Մել Դավուզյանի վերաբերյալ ֆիլմի ֆինանսավորմանը:

«Ուզում եմ անկեղծ ասել, որ ֆինանսավորման որոշումների կայացման փուլում ես այդ որոշումներից տեղյակ չեմ եղել և դրանց մասին իմացել եմ վերջերս, երբ աղմուկ է բարձրացել: Երբ իմացել եմ, ինքս ինձ հարց եմ տվել՝ թե բերեին ու զեկուցեին հարցը, ասեին՝ այսպիսի հարց կա, ֆիլմ է ստեղծվում, ակնակալվոմ է, որ Հայաստանի մշակույթի նախարարությունը լինի ֆինանսավորող սուբյեկտներից մեկը ու 14 տոկոս ֆինանսավորում ապահովի, ես ինչպե՞ս կվարվեի: Հետևյալ տրամաբանությամբ կառաջնորդվեի՝ ում մասին է  ֆիլմը: Ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն է և ռեկորդակիր, որի ռեկորդը մինչև հիմա շարունակում է  գոյություն ունենալ և որի չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացել է և երեք անգամ Հայաստանի հիմնը հնչել է»,- ասաց Փաշինյանը:

Հաջորդ փաստը, նրա խոսքով, այն է, որ մարդն ունեցել է պրոբլեմ, որը ամենևին նորություն չէ մեր իրականության մեջ: Նույնիսկ մեր բանահյուսության ու բժշկության մեջ այդ պրոբլեմը նկարագրվում է, ունի բժշկական պարամետրեր:

«Այդ պրոբլեմը նկարագրող բառ կա, որը ես հիմա չեմ կրկնի, որովհետև ժամանակի ընթացքում դա վիրավորական կոնտեքստ է ձեռք բերել: Եվ մարդը այդ պրոբլեմի պատճառով հասել է ինքնասպանության եզրին: Նաև վերաբերմունքի պատճառով, հանրության վերաբերմունքի պատճառով, որ բոլորը թարս են նայել իրեն, մարդը հասել է ինքնասպանության եզրին: Հետո մարդը որոշել է, որ այդ պրոբլեմի միակ լուծումը Հայաստանից թողնել հեռանալն է: Դա բժշկական ցուցում ունեցող պրոբլեմ է, որ ժամանակակից աշխարհը հնարավորություն է տալիս, որ էդ պրոբլեմը լուծվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ միջազգային կազմակերպություններն են լուծում այդ ֆիլմի նկարահանման հարցը, Հայաստանը մոտ 10 տոկոսն է տալիս: «Եթե ես՝ որպես քաղաքացի, իմանայի, որ ՀՀ կառավարությունը մերժել է, կմտածեի, որ կառավարությունը երախտամոռ կառավարություն է: Այս մարդը վաստակ ունի մեր պատմության մեջ, այսինքն՝ մենք ըտենց ենք, հա՞, եթե մարդն իրա վաստակով լրիվ համապատասխանում է մեր պատկերացումներին, պոպուլյար ծիծակ կոշիկներից է հագնում, մենք իր հետ խնդիր չունենք: Բայց երբ ինքը խնդիր ունի, տառապանք ունի և իր միջավայրում իր բաց վերքի վրա անընդհատ աղ են լցնում ու ստիպում են, որ թողնի գնա, մենք խաչ ենք քաշում իր վրա: Երբ չեմպիոն է, մենք կկանգնենք, կնկարվենք հետը, երբ պրոբեմ ունի՝ մենք քեզ հետ կապ չունենք: ՀՀ մասին իմ պատկերացումն այսպիսին չէ, որ մենք փառքի ժամանակ մարդու կողքին ենք, իսկ երբ պրոբլեմ ունի, խաչ ենք քաշում իր վրա: Ես տեղյակ չեմ եղել, որ այդպիսի որոշում է կայացվել, ֆինանսավորվել է այդ ֆիլմը, բայց ես շատ գոհ եմ, որ ֆինանսավորվել է: Չմասնակցել այդ ֆիմլի նկարահանմանը, դա խարան է ՀՀ և նրա կառավարության ճակատին»,- ասաց Փաշինյանը:

Նա անդրադարձավ հայտարարություններին, որ նման ֆիլմերով սեռափոխությունը կամ նույնասեռականությունը տարածում կգտնի: «Այդպես ասողներին պետք է տանել ու էքսպերիմենտ անել՝ 1 տարի վեց ամիս ամեն օր առավոտից իրիկուն այդ ֆիլմը ցույց տալ ու հետո տեսնել՝ ինքն այդ վիրահատությունից կանի, թե չէ: Եթե կանի, ուրեմն ճիշտ է ասում: Ոնց որ ասեն՝ սրտի վիրահատության մասին ֆիլմ ցույց մի տվեք, կգնան սրտի վիրահատություն կանեն բոլորը»,- հավելեց Փաշինյանը: Նա հայտարարեց, որ դա համարում է «կոռուպցիոն տաշտակից ու լափամանից զրկվածների էժանագին պրոպոգանդա»:

«Նրանք ուզում են բոլոր միջոցներն օգտագործեն, նորից այդ լափամանին մոտ գան: Մոտ չեն գալու, որովհետև նախ այդ լափամանը չկա, նրա միջի լափը չկա և իրենց ուտելու հնարավորությունները հավերժ փակված են: Իսկ ՀՀ քաղաքացին ինձ համար ՀՀ քաղաքացի է: Եթե ըտենց հարց է դրվում, թե ով պետք է ապրի ՀՀ-ում, ուրեմն բոլոր կոռուցիոներները, երկիրը թալանածաները, ընտրությունները կեղծածները չարիք են ՀՀ համար: Ես նրանց թույլ չեմ տա, որ ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ: Էդ մարդն իմ անձնական պաշտպանության տակ է, իսկ էդ կոռուպցիոներներին ոչ մի բան չի փրկելու: Թալանածները կոպեկ-կոպեկ բերելու են, թաքնվելու են կուսակցությունների ու ազգային արժեքների տակ, հանելու ենք, հատ-հատ տանենք պատասխանատվության: Եվ ամոթ եմ համարում, որ մարդուն էսքան հեշտությամբ ՀՀ-ում ոտքերի տակ են գցում, էսօր էդ մարդը Հայաստանից փախել ա, էլի փրկություն չունի, ամեն օր քոռ դանակով մորթում են» հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...