Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ Կալինինգրադի մարզը հաճախ անվանում է «մեր մարզ»:

Ըստ Լուկաշենկոյի, ԽՍՀՄ տարիներին Բելառուսին է վստահված եղել մարզի համար պատասխանատվությունը եւ շատ խոսակցություններ կային այդ տարիներին, որ մարզը կմիացնեն Բելառուսին:

Լուկաշենկոն նշել է, որ Կալինինգրադը «մեր մարզ» է հաճախ անվանել Ելցինի հետ զրույցներում: Նրա խոսքով, Պուտինի ժամանակ էլ նույնն է, եւ Պուտինը հանգիստ է վերաբերում իր արտահայտություններին:

Բելառուսի նախագահը իրեն բնորոշ ոգով կարծես թե սկսում է Ռուսաստանի հետ նոր առեւտուր: Լուկաշենկոյի այդ ոճը նոր չէ, սակայն նոր է թերեւս «առեւտրի առարկան»: Նա Ռուսաստանից փաստացի ոչ թե միլիարդներ է ուզում, ինչպես հաճախ, կամ էժան գազ, այլ ուզում է մի ամբողջ տարածք՝ Կալինինգրադի մարզը: Այն ինչպես հայտնի է ՌԴ համար անկլավ է:

Ինչու՞ է Բելառուսի նախագահը միլիարդներից կամ վառելիքաէներգետիկ ռեսուրսի շուրջ առեւտրից փորձում ակնարկ կատարել տարածքային առեւտրի:

Այստեղ հատկանշական է, որ ռուս-բելառուսական հարաբերության, կամ ավելի շուտ Պուտին-Լուկաշենկո հարաբերության ներկայիս շրջափուլում առանցքային քննարկման առարկա է դիտվում Պուտինի հաջորդ ժամկետի հարցը: 2024 թվականին լրանում է նրա երկրորդ նախագահության երկրորդ ժամկետը: ՌԴ նախագահը հարցի առաջ է, թե ինչ անել. փոխանցել իշխանությունը ժառանգորդի, փոխել Սահմանադրությունն ու գնալ նոր ժամկետի, կամ փոխել կառավարման մոդելն ու գնալ խորհրդարանական կառավարման՝ վարչապետի անսահմանափակ տարբերակով: Փորձագիտական մակարդակում դիտարկվող տարբերակներից է Բելառուսի հետ միութենական պետության հանգամանքը, որը ՌԴ նախագահին հնարավորություն կտա դիտարկել իրավիճակը որպես նոր «իրավակազմակերպական» հանգամանք եւ այդպիսով առաջադրվել «առաջին» անգամ:

Փորձագիտական դիտարկումների համաձայն, վերջին շրջանում հենց այդ հարցերն են հաճախ քննարկում Պուտինն ու Լուկաշենկոն, օրինակ, մարտին, երբ Սոչիում նրանք բանակցում էին ամբողջ երեք օր, իհարկե ոչ անդադար:

Հատկանշական է նաեւ, որ Լուկաշենկոն վերջին ամիսներին հաճախակի է առիթներն օգտագործում ինքնիշխանության մասին խոսելու համար, հայտարարելով, որ Բելառուսն այն երբեք չի դարձնի սակարկության առարկա: Արդյոք որեւէ մեկն առաջարկում է այդպիսի բան: Եվ ի՞նչ մեխանիզմ կամ բանաձեւ է առաջարկվում: Արդյոք Մոսկվան Մինսկին առաջարկում է մոդել, երբ «միութենական» պետությունը կենթադրի այսպես ասած մեծ եւ փոքր «սուվերենություններ», «կոնֆեդերատիվ» հիբրիդի տարբերակով, ինչը թույլ կտա լուծել ՌԴ իշխանության խնդիրը: Արդյոք Բելառուսի նախագահը ակնարկում է Պուտինին, որ պատրաստ է օգնել նրան այդ հարցում, եթե Պուտինը կհամաձայնի դրա դիմաց «վճարել» Կալինինգրադով:

Թե Լուկաշենկոն այլ բան է ակնարկում, որ կդնի Կալինինգրադի հարց, եթե Կրեմլը շարունակի իշխանության հարցի լուծման համար դնել Բելառուսի ինքնիշխանության խնդիրը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •