Levon Ter-Petrosyan

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է մի խումբ ռուս լրագրողների եւ պատասխանել ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի լրագրողը հետաքրքրվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Նիկոլ Փաշինյանի ունեցած կապով: Մասնավորապես նա հարցրել է.

«Պարոն վարչապետ, մամուլում հաճախ կարելի է տեսնել տեղեկություն այն մասին, որ Դուք բավականաչափ մոտ եք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ, կարծես, գենետիկորեն բխում եք նրա շրջապատից, մոտ եք նրա հայացքներին, իսկ ոմանք Ձեզ անվանում են Տեր-Պետրոսյանի նոր վերամարմնավորում (ռեինկարնացիա) հայկական քաղաքականության մեջ: Կարո՞ղ եք մեզ պատմել առաջին նախագահի հետ Ձեր իրական հարաբերությունների մասին: Դուք բարեկամական հարաբերություններ ունե՞ք: Ինչպիսի՞ն են այժմ ձեր փոխհարաբերությունները: Շարունակո՞ւմ եք կապ պահպանել միմյանց հետ: Արդյո՞ք նա որևէ դեր խաղացել է Ձեր քաղաքական ձևավորման գործում: Ի՞նչ ազդեցություն է նա ունեցել: Շնորհակալություն»։

«Ուշադիր նայեք ինձ և ասեք՝ ես նմա՞ն եմ ինչ-որ մեկի վերամարմնավորմանը: Ես ընդհանուր առմամբ հասարակական քաղաքական գործիչ եմ, և չափահաս տարիքից, փաստացի՝ 16 տարեկանից, ես ապրում եմ հասարակական կյանքով, որովհետև սկզբում ես աշխատել եմ որպես լրագրող, և 1991 թվականից ի վեր Դուք կարող եք հետևել այն ամենին, ինչ ես արել եմ, փաստացի, ամեն օրվա քայլերին կարող եք ծանոթանալ: Այսինքն՝ ես ի նկատի ունեմ, որ անհնար է, որպեսզի ես ունենայի որևէ ստվերային կապեր, որոնց մասին մեր հասարակությունը տեղեկացված չլիներ: Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մեր քաղաքական հարաբերություններն ավարտվեցին 2012-ին, և դա հրապարակավ արձանագրվեց: Ոչ թե օրը եկավ, և մենք ասացինք, որ վերջ, մեր քաղաքական հարաբերություններն ավարտվում են: Դա բավականին երկար և հրապարակային գործընթաց էր: Ես գրել եմ մի շարք հոդվածներ 2011-ի վերջին, և դրանից հետո՝ 2012-ին, մենք խզեցինք բոլոր քաղաքական կապերը: Դրանից հետո ես սկսեցի իմ քաղաքական նախաձեռնությունը, և փաստացի ես ո՛չ գաղափարական, ո՛չ կազմակերպչական և ո՛չ էլ քաղաքական կապ չունեմ Տեր-Պետրոսյանի հետ: Ոչ մի կապ ընդհանրապես: Եվ հիմա էլ չունեմ: Իմ՝ ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո, պարոն Տեր-Պետրոսյանը ցանկացավ հանդիպել ինձ հետ:

Նա ասաց, որ շատ կարևոր տեղեկություններ ունի: Մենք հանդիպեցինք կառավարական տանը և խոսեցինք: Եվ սա մեր միակ հանդիպումն էր 2012 թվականից ի վեր: Ի դեպ, ես իմ քաղաքական գործունեությունը սկսեցի 2006 թ.-ին, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն 2008 թ.-ին: Այո՛, սա հայտնի փաստ է: 2007 թ-ին, երբ նա սկսեց քայլեր ձեռնարկել քաղաքականություն վերադառնալու համար, նա նախագահի թեկնածու էր, ես նրա նախընտրական արշավի անդամ էի, ինչպես և Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների մեծ մասը: Դրանից առաջ և դրանից հետո ամեն ինչ եղել է հրապարակային: Այսինքն՝ 2012 թվականից հետո ես պարոն Տեր-Պետրոսյանի հետ չունեի և չունեմ որևէ քաղաքական կապ»,- պատասխանել է Նիկոլ Փաշինյանը:

«Իսկ ի՞նչ տեղեկություններ նա փոխանցեց Ձեզ այն ժամանակ, երբ հանդիպեցիք»,- շարունակեց լրագրողը:

«Նա ինձ փոխանցեց որոշ տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ, բայց ես արդեն այն ժամանակ ասացի (չեմ հիշում, երբ է տեղի ունեցել այդ հանդիպումը, գուցե՝ հունիսի վերջին, ես ճշգրիտ չեմ հիշում), բայց գործնականում բոլոր այն տեղեկությունները, որոնք պարոն Տեր-Պետրոսյանը ինձ փոխանցեց, ես արդեն գիտեի, և այն ժամանակ էլ ես ասացի, որ նա ինձ համար ոչ մի նոր բան չասաց: Այսինքն՝ ես այդ ժամանակ արդեն վարչապետ էի, և տրամաբանական է, որ իմ առաջին քայլերից մեկն այն էր, որ խնդրեցի տրամադրել ինձ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը: Այսինքն՝ ես արդեն ծանոթ էի այս տեղեկատվությանը»,- եզրափակեց վարչապետը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •