Կառավարությունն սկսում է դատավորների վեթինգը

- in Իրավունք

Կառավարությունն սկսում է դատավորների վեթինգը։ Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Դատական օրենսգրքում, Սահմանադրական դատարանի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց՝ սա Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված հերթական գործողությունն է, որը միտված է անկախ, անաչառ, կոռուպցիայից զերծ և արդյունավետ գործող դատական իշխանություն ունենալու տեսլականին։ Նախագծի հիմնական նպատակն է ապահովել արդյունավետ ու համալիր իրավական հիմքեր՝ դատավորների բարեվարքության համար հետևյալ ուղղություններով՝ գույքային դրության ստուգում, հարգանք և արհեստավարժություն մարդու իրավունքների նկատմանբ, անկողմնակալություն, որոշակի կապերից ու ազդեցություններից ազատ որոշում կայացնելու հնարավորություն։ Հարակից փաթեթով լուծումները կտարածվեն նաև այլ հայտարարատու անձնաց բարեվարքության գործընթացների վրա, ասաց նախարարը։

Դատավորների բարեվարքության գնահատման առաջարկվող կառուցակարգը որդեգրել է հետևյալ սկզբունքները՝ բարեվարքության գնահատումը չպետք է իրականացվի ժամանակավոր գործիքակազմի միջոցով և չպետք է կրի ժամանակավոր բնույթ։ Փոխարենը գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և, ըստ նախարարի, դատավորները մշտապես անցնելու են նման գնահատում։ Բարեվարքության գնահատման համար ոչ թե ստեղծվելու է նոր մարմին, այլ այդ հարցի լուծման համար պատասխանատու է լինելու Բարձրագույն դատական խորհուրդը։

«Փաթեթով առաջարկվող հիմնական բարեփոխումներն են՝ հստակեցվել են դատավորների վարքագծի կանոնները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը։ Մասնավորապես, ավելացվել են այնպիսի վարքագծի կանոններ, որոնց խախտումը կասկածի տակ է դնում դատավորի անկախությունը, անկողմնակալությունը։ Օրինակ՝ նախագծով նախատեսվում է դատավորի վարքագծի կանոններ սահմանել նաև գույքի, եկամուտների և շահերի ամբողջական հայտարարագրի ներկայացումը, ինչպես նաև գույքի փոփոխության դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պաշտաճ նյութերի ներկայացումը, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ գույքի փոփոխությունը հիմնավորվում է օրինական եկամուտներով»,- մանրամասնեց Ռուստամ Բադասյանը։

Նաև սահմանվել են դատավորների համար կարգապահական տույժի նոր տեսակներ, որոնցից են առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հերթական համալրման ժամանակ ցուցակում ընդգրկվելու արգելքը և դատարանի նախագահի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից ազատումը։ Կատարելագործվել է նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը։ Կարգապահական պատասխանատվության ենթարկելու մարմինների թվում ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ գույքի, եկամուտների և շահերի հայտարարագրերում խնդիներ հայտնաբերելու դեպքում։ Նաև ԲԴԽ-ին լրացուցիչ գործիքներ են տրվում՝ դատավորին կարգապահական պատասխանատվության հարցն արդյունավետ քննելու համար։

Սահմանադրական դատարանի դատավորների դեպքում՝ որպես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ գույքային դրության ստուգման արդյունքւոմ կարգապահական վարույթ նախաձեռնելու տարբերակ առաջարկվել է հանձնաժողովի կողմից ԱԺ միջնորդություն ներկայացնելու մոդելը։ Դա էլ կարող է հիմք հանդիսանալ, որ ԱԺ-ն դիմի ՍԴ՝ սահմանադրական դատարանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնելու նպատակով։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...