Թե հեղափոխությունից ու իշխանափոխությունից առաջ, թե նաև դրանից հետո Հայաստանի քաղաքական համակարգի գլխավոր խնդիրներից և առանցքային գործընթացներից մեկը շարունակում է լինել ընդդիմության հարցը:

Այդ հարցը, իհարկե, մինչհեղափոխական և հետհեղափոխական շրջանում ունի իր որոշակի առանձնահատկություններն ու տարբերությունները, սակայն ընդհանուր առմամբ ակնառու է, որ շարունակում է լինել գլխավոր խնդիրներից մեկը: Միևնույն ժամանակ, ինչպես պարզ դարձավ հեղափոխությանը հաջորդած զարգացումներից, որոշակի պատրանքային է եղել այն, թե Հայաստանում ընդդիմության խնդիրները եկել են կամ բխել են իշխանության ռեպրեսիվ բնույթից, քաղաքական անազատություններից և այլն:

Դարձավ ակնառու, որ ընդդիմության ու իշխանության հարցերը, որքան էլ փոխկապակցված են, այդուհանդերձ մտածել, թե դրանցից մեկի որևէ լուծում ինքնաբերաբար բերելու է լուծման մյուս դաշտում՝ թյուր է: Փոխկապակցվածությամբ հանդերձ, այդուամենայնիվ, իշխանության քաղաքական հարցն ունի լուծման իր ուրույն տրամաբանությունն ու մեխանիկան, պահանջում է իր ուրույն մոտեցումներն ու մեթոդաբանական դիտարկումները, տարբերակները, օրենսդրական կարգավորումները, և ընդդիմության հարցն էլ նույն կերպ պահանջում է իրենը: Լուծումներն այստեղ կարող են ունենալ փոխազդեցություն, սակայն դա խիստ անբավարար է խնդիրների ամբողջական լուծման մոտենալու համար անգամ: Ասել, թե հեղափոխությունից հետո լուծվել է իշխանության քաղաքական հարցը, դա էլ կլինի թերի: Իշխանության հարցը՝ որպես քաղաքական երևույթ, դեռ լուծում է պահանջում, գտնվում է լուծման գործընթացում: Ընդ որում, այստեղ, իհարկե, ընդդիմության համար պայքարում տեղի ունեցող խմորումները իրենց ազդեցությունն են թողնում իշխանության քաղաքականացման գործընթացի վրա:

Օրինակ՝ երբ տարբեր ընդդիմադիր հավակնություն ունեցող խմբեր թիրախավորում են իշխանության այս կամ այն ներկայացուցչին, թևին, այս կամ այն ոլորտի պատասխանատուին, ապա դրա հետևանքով ստեղծվում է մի վիճակ, երբ իշխանության մեջ խթանվում է այսպես ասած՝ բնական մրցակցություն, և ի հայտ են գալիս իշխանության թույլ օղակները: Այլ կերպ ասած, այդ իրողությունը, իրերի այդ հարաբերակցությունը կոփում է իշխանությանը, որպես քաղաքական օրգանիզմ, նպաստում իշխանության մեջ ուժերի հարաբերակցության, ներիշխանական քաղաքական ստատուս-քվոյի ձևավորմանը, հնարավոր է՝ վերաձևմանը: Օրինակ՝ ներկայումս թիրախում է կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, հայտնի առիթներով կամ պատճառներով: Եթե Հարությունյանը արդյունավետ դիմակայի, ապա անկասկած է, որ դրանով նա, իհարկե, կամրապնդի իր դիրքերը իշխանության մեջ: Եթե ոչ, ապա անկախ պաշտոնավարումը շարունակելուց, նա որոշակիորեն կկորցնի քաղաքական ներքին հարաբերակցության հարցում: Արայիկ Հարությունյանը միայն օրինակ է, որովհետև թիրախները փոխվում են, ընդ որում՝ բավականին դինամիկ:

Մասնավորապես, նկատելի է, որ Կադաստրի կոմիտեի պետի պաշտոնից հրաժարական ներկայացրած Սարհատ Պետրոսյանը, կարծես թե, օրակարգ է բերում քաղաքաշինական ոլորտի և դրա պատասխանատուների հարցը, այդ թվում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թիրախավորումով:

Ավինյանը, իհարկե, առաջին անգամ չէ, որ հայտնվում է այդպիսի թիրախում, սակայն սրանք գործնականում միտումներ են, որոնք վկայում են՝ Հայաստանում ընդդիմության համար պայքարը, անկասկած, իր ազդեցությունն է թողնելու իշխանության ներսում ստատուս-քվոյի բյուրեղացման վրա: Սակայն ընդդիմությունը դրանից, որպես այդպիսին, իհարկե, չի բյուրեղանում: Եվ այստեղ պատճառը լոկ այն չէ, որ առավելապես կազմված է կամ սնուցվում է նախկին իշխող համակարգից: Պատճառն այստեղ այն է, որ կա բովանդակային համարժեքության, իրավիճակը գնահատման խնդիր: Ինչպես մինչ հեղափոխությունը ընդդիմության գլխավոր խնդիրներից էր իշխող համակարգի ախտորոշման ամբողջականության խնդիրը, այս դեպքում էլ ընդդիմության գլխավոր խնդիրներից է Հայաստանում տեղի ունեցած փոփոխության խորքային ընկալման անկարողությունը կամ ընկալելու ցանկության բացակայությունը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...