Կլոր սեղանի շուրջ ի մի է բերվել 2018-ի ապրիլ-մայիսին մերժված քաղաքական համակարգը

- in Կեղտոտ լվացք
eshelon ishxanutyun

Երևանում մեկնարկել է Վազգեն Մանուկյանի գլխավորած կամ նախաձեռնած Վերնատուն հասարակական-քաղաքական ակումբի համաժողովը, որը այլ կերպ, քան նախկին իշխող համակարգի այսպես ասած խորհրդարան՝ դժվար է բնորոշել:

Այլ կերպ ասած, Վազգեն Մանուկյանը նախաձեռնել է «այլընտրանքային խորհրդարան», դրանում միավորելով նախկին իշխող համակարգի հետ այս կամ այն աստիճանի, բնույթի, ձևաչափի առնչություն ունեցող ուժերին: Այդ իմաստով, նախաձեռնությունը նույնիսկ կարող է ունենալ հանրային-քաղաքական իրապես դրական նշանակություն:

Վազգեն Մանուկյանը մի կլոր սեղանի շուրջ ի մի է բերել, հավաքել է 2018-ի ապրիլ-մայիսին մերժված քաղաքական համակարգը: Իհարկե ոչ ամբողջությամբ, որովհետև այդ համակարգի որոշ տարրեր այդուհանդերձ կարողացել են սպրդել նաև նոր քաղաքական իրավիճակ, հայտնվել խորհրդարանում, նույնիսկ եղանակ կամ օրակարգ ձևավորելու բավականին աշխույժ փորձեր անել այնտեղ: Սակայն, ընդհանուր առմամբ այդ եզակի դրսևորումները չեն փոխում պատկերը և Վազգեն Մանուկյանը բոլորին հավաքել է մեկ կտավի մեջ և կամա, թե ակամա ի ցույց դրել հանրությանը: Այլ կերպ ասած, Մանուկյանը «օպտիմալացրել» է վերջին ամիսներին բավականին ցաքուցրիվ պատկերը, այդպիսով առավել դյուրացնելու այն գնահատելու հանրության խնդիրը: Ինչպես կգնահատի հանրությունը, ինչ չափանիշներով, ինչ նշաձողերով, ինչ սկզբունքներով, դա արդեն հանրության որոշելիքն է:

Ակնառու է, որ Մանուկյանն իր նախաձեռնությամբ բավական մեծ ծառայություն է մատուցել հանրությանը՝ խմբավորելով նախկին իշխող համակարգը, ցաքուցրիվ պատկերից ստանալով հավաքական պատկեր և այդպիսով դյուրացնելով կողմնորոշվելու հանրային խնդիրը: Դրանով նա հետհեղափոխական շրջանում արել է ավելին, քան Հանրային Խորհրդի նախագահի պաշտոնում աշխատած ոչ միայն հետհեղափոխական մեկուկես տարիների, այլ դրան նախորդած նույնիսկ տասնամյակի ընթացքում: Եվ ընդհանրապես՝ Վազգեն Մանուկյանը թերևս չէր էլ կարող այլևս հանրության համար անել ավելին, քան իր այդ նախաձեռնությունը: Ըստ այդմ հասկանալի է նաև, թե ինչու էր նա ՀԽ նախագահի պաշտոնից իր հրաժարականի տեքստում արձանագրում, որ այլևս չի տեսնում Հանրային խորհրդում լինելու իմաստ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...