Վարչապետի կոշտ հարվածը. Գողերի ու ԲՀԿ-ի հետ կխոսեն «հայկական օրենքներով»

- in Ով ով է ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում չափազանց կոշտ է պատասխանել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի նպատակ ունեցող օրինագծին առնչվող հարցին:

Կոշտությունն իհարկե ուղղված է եղել ոչ թե հարց տվողին, այլ ԲՀԿ պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որն արել էր քրեական աշխարհին սատարող հայտարարություններ:

Փաշինյանը հայտարարել է, թե պատերով կտան ու ասֆալտին կծեփեն բառի բուն իմաստով՝ բոլոր նրանց, ովքեր կփորձեն սպառնալ նաեւ օրինագծի զեկուցող պատգամավորներին: Նիկոլ Փաշինյանը հստակ ակնարկել է հանրապետության երկրորդ քաղաքը տարիներով թալանելու մասին:

Փաստացի, վարչապետի կոշտ պատասխանը վկայում է, որ եղել է օրինագծի հարակից զեկուցող պատգամավորին սպառնալու փորձ:

Նախօրեին մեկ այլ՝ միասեռականության դեմ պայքարի թեմայով աշխույժ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի ելույթից հետո Իմ քայլը խմբակցությունը կոշտ թիրախավորել էր այդ պատգամավորին եւ ԲՀԿ-ին: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր լրագրողների հետ զրույցում իր աջակցությունն է հայտնել Գեւորգ Պետրոսյանին:

Կաջակցի՞ Գագիկ Ծառուկյանը Վարդան Ղուկասյանին եւ ըստ այդմ նաեւ կմիանա՞ նրան Հայաստանում քրեական ենթամշակույթի պաշտպանության հարցում, թե ոչ:

Գեւորգ Պետրոսյանին հայտնած աջակցության պայմաններում, վարչապետի՝ Վարդան Ղուկասյանին ուղղված կոշտ հարվածը փաստացի ուղերձ է նաեւ Գագիկ Ծառուկյանին:

ԲՀԿ պարագայում սակայն այստեղ անշուշտ լոկ Ղուկասյանը չէ խնդիրը, հաշվի առնելով այն, որ ԲՀԿ շրջանակում գտնվող տարբեր այլ գործիչներ կարծես թե հայտնվել են քրեական ենթամշակույթի առնչվող տարբեր պատմությունների մեջ, որոնց մասին հրապարակումներ են եղել մամուլում:

Ի վերջո, ստեղծված լինելով նախկին իշխող համակարգի շրջանակում, ԲՀԿ զերծ չէր այդ համակարգի համար քաղաքական նշանակության հասցված քրեական ենթամշակույթի տարրերից: Սակայն, եթե նախկին համակարգի պայմաններում այդ տարրը կարող էր որեւէ միավորի համար լինել ուժի կամ արդյունավետության ռեսուրս, ապա հեղափոխությունից հետո այն իհարկե կարող է դառնալ առավելապես խնդիր, հատկապես, եթե ընդունվի այդ օրինագիծը:

Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը ԲՀԿ համար գործնականում ունի ոչ թե լոկալ բնույթ, այլ պարունակում է հիմնարար, այսպես ասած «կոնվենցիոնալ» հարցադրում:

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում խոսել էր նաեւ աղմուկ հանած Ստամբուլյան կոնվենցիայի մասին, կոչ անելով բռնության դեմ ընդունել հայկական ժողովրդական օրենքները:

Փաշինյանը փաստորեն ԲՀԿ հետ որոշեց խոսել հայկական օրենքներով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...