«Հակահեղափոխությունից» մինչև «ոչ մի բան»

- in Պնակալեզներ
Vazgen Manukyan

Այսօր ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խոսեց Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի այն մեղադրանքների մասին, թե ինքը քայլերը համաձայնեցնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նա հայտարարեց, որ այդ հարցով երբևէ վարչապետի հետ չի խոսել. Երբ Սերժ Սարգսյանը նրան իդիոտ էր անվանում, չխորշեց:

Հանրային համերաշխությունը, որի անունից խոսելով, ՀԽ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել այդ կառույցի նախագահ Վազգեն Մանուկյանը, անկասկած կարևորագույն խնդիր է Հայաստանի համար: Այստեղ չի կարող լինել երկրորդ կարծիք:

Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Հայաստանում ձևավորված չէ հանրային համերաշխության բանաձևը, սկզբունքը: Օրինակ՝ Հանրային խորհուրդը Հայաստանում կարող էր և դեռևս կարող է զբաղվել այդ խնդրով: Ավելին, հաշվի առնելով այն, որ գործ ունենք բարձր լեգիտիմությամբ հեղափոխական իշխանության հետ, միաժամանակ գործ ունենք մեդիադաշտում հօգուտ, այսպես ասած, ընդդիմության հարաբերակցության հետ, հանրային խորհրդին, թերևս, այլ բան չի էլ մնում, քան զբաղվել գերազանցապես հանրային համերաշխության բանաձևմամբ, քանի որ մնացյալ խնդիրների առնչությամբ թե՛ բարձրաձայնողներ ու խորհուրդ տվողներ կան, թե՛ կա համապատասխան ամբիոն՝ ընդդիմադիր դիրքավորմամբ գերակշռող մամուլի միջոցով:

Ակնառու է, որ մինչ այժմ Հանրային խորհուրդը չի զբաղվել դրանով: Ինչով է զբաղվել, գնահատականները տարբեր են՝ «հակահեղափոխությունից» մինչև «ոչ մի բան»: Ավելորդ է թերևս խոսել նաև, թե ընդհանրապես ինչի համար էր ստեղծվել այդ կառույցը, և ինչու էր Վազգեն Մանուկյանը նշանակվել դրա նախագահ: Այդ մասին խոսվել է շատ, և որքան են ճշգրիտ եղել գնահատականները, կամ ոչ, այժմ չունի նշանակություն՝ այն էլ Վազգեն Մանուկյանի գնալուց հետո: Ներկայումս նշանակություն ունի քննարկել, թե ինչ պետք է անի Հանրային խորհուրդը: Եվ ոչ միայն Մանուկյանի գնալուց հետո, այլ ընդհանրապես հեղափոխությունից հետո: Հանրային խորհուրդը պետք է զբաղվի հանրային համերաշխություն հասկացությունը բանաձևելով, ձևակերպելով, ընդ որում՝ խորքից: Այսինքն՝ նախ պետք է հասկանալ, իսկ ի՞նչ ենք մենք հասկանալու հանրային համերաշխություն ասելով, իսկ ինչ ենք հասկանում հանրություն ասելով ընդհանրապես, ի՞նչ վիճակում է եղել այդ հանրությունը մինչև հեղափոխությունը, ինչ կառուցվածքով, ինչ կազմով, ուժերի ինչ հարաբերակցությամբ, ինչո՞ւ է այդ հանրությունում հասունացել հեղափոխության անհրաժեշտությունը, այսինքն` համերաշխություն հեղափոխության գաղափարի շուրջ:

Հնարավոր չէ համերաշխություն կառուցել, չկառուցելով կամ չվերականգնելով այդ նախահեղափոխական պատկերը, չգնահատելով ու չախտորոշելով այն: Որովհետև համերաշխությունը կենաց չէ, որ ասես, մաղթես, հետո անցնի, գնա: Առավել ևս, համերաշխությունը չի լինում կախարդական փայտիկով: Ավելին, անգամ տնտեսական աճը կարող է լինել կախարդական փայտիկի հույսին, սակայն ոչ երբեք համերաշխությունը: Որովհետև համերաշխությունը չափազանց բարդ կառուցվածք է, ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես: Հասարակություն ասվածը խիստ բազմազան երևույթ է ինքնին: Դրանում է մի կողմից հանրության կենսունակությունը՝ բազմազանության մեջ, բայց միաժամանակ դրանում է հանրային համերաշխության հասնելու բարդությունը, որովհետև պետք է փոխհամաձայնեցվեն խաղի շատ նուրբ կանոններ: Հեշտ է լինում այսպես ասած՝ համերաշխություն ձևավորել ծայրահեղությունների շրջանակում, ինչը Հայաստանին ամենևին պետք չէ:

Մյուս կողմից, սակայն, թավշյա հեղափոխությունը ծայրահեղություններից խուսափելու ճանապարհն էր, ինչը, սակայն, ամենից քիչ գնահատեցին կամ ընդհանրապես չգնահատեցին այն ուժերը, որոնք հետո ամենից շատ սկսեցին խոսել իբրև թե պառակտման ու անհամերաշխության մասին: Որովհետև շատ մեծ էր հետհեղափոխական հանրային համերաշխությունը նախկին իշխող համակարգի նկատմամբ ծայրահեղության վրա կառուցելու գայթակղությունը, ինչի դյուրին ճանապարհից, սակայն, նոր իշխանությունը խուսափեց: Բայց դա նախկին համակարգում ոչ թե գնահատվեց, այլ ակնհայտորեն փորձ արվեց օգտագործել հենց նոր իշխանության դեմ: Իր իշխանության շրջանում հանրային շահն ու քաղաքացիներին ծայրահեղ քամահրանքի արժանացրած համակարգը ինքն է համերաշխություն «պարտք» հանրությանը, ոչ թե հանրությունն ու դրա քվեով ձևավորված իշխանությունը՝ ինչպես փորձ է արվում ներկայացնել տեղեկատվա-քարոզչական արշավով:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...