ԵՏՄ բոլոր անդամներն են ընդունել, որ Հայաստանի նախագահությունը եղել է աննախադեպ եւ մեծ ուշադրություն է հատկացվել արտաքին շեշտադրումներին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Նա իբրեւ օրինակ հիշատակել է հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի ունեցած ԵՏՄ Վեհաժողովը, որին մասնակցել են նաեւ Սինգապուրի վարչապետն ու Իրանի նախագահը:

ԵՏՄ աննախադեպ այդ Վեհաժողովի համար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Երեւանում շնորհակալություն հայտնեց նաեւ ՌԴ նախագահ Պուտինը: Առերեւույթ այսպես ասած քաղաքավարի, արարողակարգային շնորհակալությունը խորքային իմաստով ունի քաղաքական կարեւոր շարժառիթ:
Եվրասիական տնտեսական միությունը ՌԴ նախագահի համար «պաշարման բանաձեւն» էր, որով նա պատրաստվում էր Արեւմուտքի հետ սկսել մեծ դիմակայություն: Սակայն կարճ ժամանակ անց պարզ դարձավ, որ ԵՏՄ-ն որպես պաշարման բանաձեւ ոչինչ է, քանի որ այդ հարցում Պուտինը եվրասիական տարածքում չստացավ որեւէ աջակցություն: Ավելին, մասնավորապես Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը գործնականում առաջին իսկ պահից արեց հնարավորը՝ այդ բանաձեւի իրագործմանը խոչընդոտելու համար:

Այդպիսով, առաջացավ լրջագույն հակասություն կամ դիլեմա, թե ինչ անել ԵՏՄ հետ: Որպես պաշարման բանաձեւ այն տապալվել է, միաժամանակ բավական բարդ է անցնել բաց ռեժիմի: Ինչպես օրինակ պատերազմի քաղաքականության վրա իշխանություն կառուցած Ալիեւին անհնար է անցնել խաղաղության դիսկուրսի:

ԵՏՄ մյուս անդամները գործնականում ի վիճակի չէին այդ հարցում աջակցել ՌԴ նախագահին՝ դիլեման կամ հակասությունը հանգուցալուծելու, աշխարհքաղաքական «կոգնիտիվ դիսոնանսից» իրավիճակը դուրս բերելու համար: Նախ, ԵՏՄ անդամ մյուս պետություններից յուրաքանչյուրն ուներ իր շահերն ու խնդիրները, այդ թվում եւ ՌԴ հետ հարաբերությունում, ու բացի այդ էլ՝ դրա համատեքստում նրանք հրաժարվում էին որեւէ պատասխանատվություն ստանձնել ԵՏՄ համար, թե «ելք» գտնելու, թե փլուզելու տեսանկյունից:

Ահա այդ պայմաններում Հայաստանում թավշյա հեղափոխությունը դարձավ ելք ԵՏՄ-ի, կամ ՌԴ նախագահի համար՝ ելք հակասական, դիսոնանսային վիճակից, բարդացող դիլեմայից: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը՝ եվրասիական միության համար իր արժեքային օտարության, միաժամանակ փաստորեն ֆիզիկական անդամակցության պայմաններում ստեղծեց ելքի հնարավորություն:

Այստեղ իհարկե կարեւոր նշանակություն ուներ ԵԼՔ-ից եկած Նիկոլ Փաշինյանի քաղաքական խնդիրը, առավել եւս հաշվի առնելով, որ մինչ այդ Փաշինյանը «ԵԼՔ»-ի կազմում կոշտ քննադատության էր ենթարկել Հայաստանի ԵՏՄ անդամակցումը:

Այդ պայմաններում, ստանձնելով քաղաքական իշխանության պատասխանատվությունը, Փաշինյանի առաջ էր փաստորեն հայտնվում դիլեմա՝ խորքային դիսոնանսից խուսափելու համար. կամ հայտարարել ԵՏՄ-ից դուրս գալու մասին, կամ անել քայլեր, որոնք կփոխեն ԵՏՄ միջավայրը, կնպաստեն ԵՏՄ-ն պաշարման բանաձեւից բաց ռեժիմի բերելուն:

ԵՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարությունն անկասկած լինելու էր նոր իշխանության համար լրջագույն քաղաքական բեռ, ու նոր Հայաստանը կարող էր մնալ ԵՏՄ փլատակների տակ: Փաշինյանը ձեռնամուխ եղավ մյուս տարբերակին, որտեղ ոչ միայն կխուսափեր Պուտինի հետ ճակատագրական բախումից, այլ նույնիսկ կարող էր ակնկալել նրա աջակցությունը, ներառյալ նաեւ ԵՏՄ մյուս ղեկավարների:

Հոկտեմբերի 1-ն իհարկե ավելի լայն գործընթացի սկիզբն է, որը էական նախադրյալ, բայց երաշխիք չէ արդյունավետ շարունակության համար: Այդուհանդերձ, Երեւանը սկսել է եւ ունի շարունակելու տարածություն:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •