Կարծես թե կառավարությունն ու «Իմ քայլը» դաշինքը պատերազմ են հայտարարում քրեական աշխարհին և, մասնավորապես, քրեական հեղինակություններին:

Սա, իհարկե, չափազանց դրական և անհրաժեշտ գործընթաց է: Իսկապես Հայաստանը պետք է մաքրվի քրեական տարրերից և բարքերից, որոնք ներսից քայքայում ու կազմաքանդում են պետության սոցիալական միջավայրն ու հասարակական կառույցի հիմքերը:

Միևնույն ժամանակ պետք է նաև արձանագրենք, որ քրեական տարրերի դեմ պայքարը բավական բարդ և մեծ ռեսուրսներ պահանջող գործընթաց է: Քրեական հեղինակություններին բանտերը լցնելու պրակտիկան հարցի լուծում չէ: Առհասարակ, ԱԱԾ-ի կամ էլ ոստիկանության կողմից կազմակերպվող դիմակներով ներկայացումներն ու «ասֆալտին փռելու» գործողությունները զուտ քարոզչական գործառույթ ունեն, և ոչ ավելին: Քրեական աշխարհին ծնկի բերելու համար շատ ավելի լուրջ ու երկարաժամկետ գործողություններ են անհրաժեշտ:

Բայց մինչև որևէ գործնական քայլի դիմելը, պարտադիր է հասկանալ, թե, ի վերջո, ինչի հետ մենք գործ ունենք, և որոնք են հարվածի առաջնային ու երկրորդական թիրախները: Նախ և առաջ արձանագրենք հետևյալը. Հայաստանում քրեական աշխարհը ցանցային տրամաբանությամբ գործող ու հստակ սահմաններ չունեցող համակարգ է: Այսինքն՝ քրեական աշխարհ եզրույթի ներքո ամենևին էլ պետք չի հասկանալ ինչ-որ հանցավոր խմբավորումների, որոնց չեզոքացումից հետո հարցը կարող է փակվել: Իրականում այն ավելին է, քան համակարգը, և մեր դիմաց կանգնած է համընդգրկուն մի ենթամշակույթ, որը ներկայացված է հանրային գրեթե բոլոր շերտերում: Փաստորեն խնդիրը ոչ այնքան քրեական հեղինակություններն ու «գողերն» են, այլ նրանց հանրային հեղինակությունն ու մարդկային որոշակի խմբերի աջակցությունը: Սրանից ելնելով՝ քրեական աշխարհի դեմ պայքարը դառնում է անիմաստ ու անարդյունք, քանի որ քրեական հեղինակությունների որոշակի խմբի չեզոքացումից հետո ենթամշակույթը ստեղծելու է նորերին, և այսպես անընդհատ ու շարունակաբար:

Այս իմաստով, իրավական կոնկրետ գործողությունների հետ զուգընթաց պետք է առաջնային պլան մղվի արժեքային պայքարը: Այսինքն՝ «գողերի» հետ միասին պետք է չեզոքացվի նաև նրանց կողմից պարտադրված մշակութային միջավայրը: Սրա արդյունքում մենք պետք է հասնենք այնպիսի մի իրավիճակի, երբ «գողական» մշակույթն այլևս նորաձև ու արդիական չի լինի: Երբ մարդիկ այլևս կդադարեն համակրել ու հերոսացնել «քրեական հեղինակություններին:

Փաստորեն խնդիրն առաջին հերթին մշակութային է, և սրանից ելնելով՝ մոտեցումն էլ նաև պետք է մշակութային լինի:

Ասվածի համատեքստում անհրաժեշտ է նկատել, որ մշակութային միջավայրի չեզոքացման գործընթացը երբևէ չի կարող արդյունավետ լինել, եթե չի առաջարկվում դրա այլընտրանքը: Կա՞ արդյոք այդպիսի այլընտրանք: Իմ համոզմամբ՝ ոչ միայն չկա, այլ նաև որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում դրա ձևավորման համար: Թվում էր, թե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը նաև մշակութային հեղափոխություն էր, բայց, ցավոք սրտի, իրականությունն ու մեր ակնկալիքները չափազանց հեռու են ու անհամապատասխան: Հեղափոխական իշխանությունները ոչ մի քայլ չձեռնարկեցին մշակութային հեղափոխություն իրականացնելու համար, ավելին՝ վերարտադրեցին հինը: Նրանք ոչինչ չարեցին նոր որակի մարդ ձևավորելու ուղղությամբ՝ հույսները դնելով մարդու արդեն իսկ մաշված ու արատավորված մոդելի վրա, որի գիտակցական տարածությունը ողողված է իրավական նիհիլիզմով, քրեական մտածողությամբ ու գավառական հայրենասիրությամբ:

Իսկ եթե չկա մշակութային հեղափոխություն, ապա չի կարող ձևավորվել նաև արժեքային միջավայրի այլընտրանքը: Քաղաքացու և քաղաքացիական գիտակցության մասին ճառերը, իհարկե, դրական ազդեցություն ունեն, բայց այդ ամենը քիչ է: Քաղաքացին բարդ ստեղծագործություն է, և դժվար թե հնարավոր լինի զուտ ճառերի շնորհիվ մարդու նոր տեսակ ստեղծել: Փաստորեն «գողաքրեական» ենթամշակույթին կարելի է հաղթել միայն մշակութային հեղափոխությամբ, որը կներառի հանրային բոլոր շերտերին և կթակի բոլոր քաղաքացիների դռները։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...