Rus zinvor

Ռուսական 102-րդ ռազմակայանն արդիականացվելու է թե՛ սպառազինության, թե՛ նյութատեխնիկական, թե՛ կենցաղային պայմանների առումով, իսկ մարդուժի կամ տարածքի ընդլայնման հարց չկա:

Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայաստանյան այցի ընթացքում ի հայտ եկած տեղեկատվությանը: Ռուսական ռազմակայանի ղեկավարը Շոյգուին հայտնել էր, որ կրկնապատկվում է ռազմակայանի կրակային հզորությունը: Այդ հանգամանքը Հայաստանի հանրային-քաղաքական շրջանակների մոտ առաջացրել էր հարցեր, թե ինչի՞ համար է կրկնապատկվում այդ հզորությունը, ո՞ւմ համար: Եղան նաև կարծիքներ, որ իրականում դա սպառնալիք է Հայաստանին: Այն, որ ընդհանուր առմամբ կա Հայաստանում ռուսական ռազմակայանի գոյության ռազմա-քաղաքական և իրավա-քաղաքական հիմքերի փոխադարձ հստակեցման անհրաժեշտություն, աներկբա է: Դրա անհրաժեշտությունը դրսևորվել է մի շարք թե՛ քաղաքական, թե՛ նաև ողբերգական իրողություններում:

Գլխավոր խնդիրը, իհարկե, այն է, թե ռազմակայանը, լինելով Հայաստանում, որքանով է կառավարելի Հայաստանի համար: Խոսքն այն մասին չէ, որ Հայաստանը ռազմակայանն օգտագործի իր ուզածի պես, այլ այն մասին, որ ռազմակայանը չօգտագործվի այնպես, ինչպես ուզում է Ռուսաստանը՝ անկախ Հայաստանի կամքից: Հստակ է, որ այստեղ կա Հայաստանի հանրության համար վստահության լրջագույն խնդիր: Անկասկած է, որ լավագույն տարբերակը օտարերկրյա ռազմակայանների բացառումն է՝ անկախ, թե որ երկրի մասին է խոսքը: Միաժամանակ, մենք գիտենք, որ աշխարհում կան նույնիսկ Մեծ յոթնյակի անդամ երկրներ, որոնք սեփական անվտանգության հարցում ստիպված են ապավինել այլ երկրների, ինչպես, օրինակ, Ճապոնիան, քանի որ եղած անվտանգային մարտահրավերները գերազանցում են առկա կարողություններն ու ռեսուրսները: Եվ խնդիրը գտնվում է այն դաշտում, թե ինչպես է կարգավորվում այդ հարաբերությունը սուվերեն պետության և դաշնակցի ռազմակայանի միջև:

Հասկանալի է, որ ռազմակայանի առկայությունը փոխադարձ շահի, ոչ թե գեղեցիկ աչքերի կամ բարոյական պարտքի խնդիր է: Հայաստանի շահ է դիտվում այն, որ ռուսական ռազմակայանը Թուրքիայի զսպման միջոց է, ու թեև ներկայումս ռուս-թուրքական եղբայրությունը գտնվում է գագաթնակետին, այդուհանդերձ հասկանալի է, որ դրա մի շարք պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում կա ռուսական 102-րդ ռազմակայանը: Ամբողջ հարցն այն է, որ ռազմակայանը չվերածվի Հայաստանի դեմ ռուս-թուրքական շանտաժի միջոցի: Ի վերջո, ռուս-թուրքական գործակցության կամ բարեկամության առումով Հայաստանի համար առանցքայինը հենց այն է, որ թույլ չտա հայկական շահերը վերածել ռուս-թուրքական սակարկության, քաղաքական առևտրի առարկայի: Իսկ այստեղ «անվտանգության» գործոնը խաղարկում են ավելի շատ Հայաստանի դեմ շանտաժի համար: Ըստ այդմ, Երևանի խնդիրն է հասնել իրավիճակի, երբ որքան կարևոր ու նշանակալի կլինի ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանի անվտանգության համար, այդքան էլ կարևոր, նշանակալի ու հստակ կլինի, որ Հայաստանն էլ իր սուբյեկտությամբ էական ու նշանակալի գործոն է Ռուսաստանի անվտանգության լայն խնդրի համատեքստում:

Ընդ որում, դե ֆակտո իրավիճակը հենց այդպիսին է, հարցը այն քաղաքականության համար պատասխանատու ռուսական շրջանակներին հասցնելն է, որպեսզի նրանք Հայաստանը չհամարեն իրենց գրպանում: Գործնականում այստեղ է ռուսական ռազմակայանի ռազմա-քաղաքական կառավարելիության և գործընկերայնության բանաձևը՝ թույլ չտալ Ռուսաստանում մտածողություն, որ Հայաստանը հնարավոր է գրպանել անվտանգության գործոնի խաղարկումով: Այդ իմաստով, ռազմակայանի արդիականացման մասին խոսակցությունը հատկանշական է հայ-ռուսական փոխհարաբերության արդիականացման մասին հետհեղափոխական դիսկուրսին զուգահեռ, որի նախաձեռնողը ոչ այլ ոք է, քան հենց վարչապետը: Դա լինելու է բավականին բարդ և բազմաշերտ գործընթաց, ունեցել եմ դրա մասին խոսելու շատ առիթներ: Բայց դա անցնելը կարևոր է նույնքան, որքան կարևոր էր ներհայկական հեղափոխությունը: Հայ-ռուսական հարաբերության արդիականացում-հեղափոխությունը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հետագա բյուրեղացման և ռազմա-քաղաքական կապիտալիզացիայի համար ունի էական նշանակություն: Ընդ որում, այդ հարցում ըմբռնման նշույլներ են նկատվում նաև ռուսական քաղաքական վերնախավում, քանի որ այնտեղ են հենց սեփական վերնաշապիկը՝ խնդիրները ավելի մոտ իրենց իսկ մաշկին: Ավելի ներքևում գտնվող շերտերին ավելի մոտ է այն, որ հայ-ռուսական հարաբերության տրանսֆորմացիան իրենց զրկելու է այդ հարաբերության հաշվին դիրք և փող ունենալու հնարավորությունից: Իսկ այդտեղ չկա թե Հայաստանի, թե նաև Ռուսաստանի շահը: Եվ այն, որ կա այդ իրողության փոխադարձ գիտակցման հանգամանք՝ Հայաստանում հեղափոխությամբ և Ռուսաստանում առայժմ կետային, դրվագային, բայց անգամ հենց այդ շրջանակների համար կասկած հարուցող դրսևորումներով, հանգեցնում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխության հանդեպ քարոզչական հիստերիայի ոչ միայն Հայաստանի նախկին իշխող համակարգի, այլ դրա ռուս գործընկերների շրջանում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...