Dzerqer

Հայաստանի ներքաղաքական կյանքն իր տեսարաններով անշուշտ կլանում է Հայաստանի հանրության ուշադրության գերակշռող մասը, բայց պետք է հուսալ, որ այդպես չէ Հայաստանի, այսպես ասած, հասարակական-քաղաքական վերնախավի կամ էլիտայի համար, եթե, իհարկե, մենք կարող ենք խոսել այդպիսի շերտի ձևավորվածության, առկայության մասին:

Բանն այն է, որ հասարակական-քաղաքական էլիտայի ուշադրությունը, թերևս, ավելի շատ պետք է բևեռված լինի Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ, խոշոր հաշվով, հնարավոր է հենց այդ պրիզմայով հասկանալ, թե ինչ մարտահրավերներ կարող են հասունանալ Հայաստանի ներքին կյանքում: Իսկ Հայաստանի շուրջ ծավալվում են իրապես դիտարժան զարգացումներ, և ոչ միայն Սիրիայի խնդրի առնչությամբ:

Այս օրերին բավականին փոթորկալից է իրավիճակը Հայաստանի համար երկու կարևորագույն հարևան երկրներում՝ Վրաստանում և Իրանում: Երկու երկրներում էլ մի քանի օր է, ինչ ծավալվում են հանրային բողոքի հոծ ակցիաներ: Շարժառիթները տարբեր են իհարկե: Իրանում հանրային մեծ զանգվածներ բողոքում են սոցիալ-տնտեսական վիճակի բարդացումից, իսկ Վրաստանում հանրային հոծ խմբերը դժգոհում են կառավարող ուժից, որը փաստորեն խոստացել էր Սահմանադրության փոփոխություն և 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցում, սակայն այդ հարցը տապալել խորհրդարանում, որտեղ ունի մեծամասնություն: «Վրացական երազանքին» մեղադրում են խաբելու համար: Ինչպես կզարգանան իրադարձությունները Վրաստանում ու Իրանում: Պետք է արձանագրել, որ տարբեր են այդ երկրների իշխանության վերաբերմունքները ներքին այդօրինակ իրավիճակների նկատմամբ, ինչը բխում է երկրներում առկա կառավարման համակարգերի և գաղափարախոսությունների տարբերությունից: Մի բան աներկբա է, որ Հայաստանի համար կարևոր է թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի ներքին կայունությունը՝ անկախ այդ գաղափարախոսություններից, կառավարման ոճերից, կառուցվածքներից, արժեհամակարգային մոտեցումներից: Եվ անկախ, թե ինչ շարժառիթներ և պատճառներ են հարևան երկրներում ներքին թեժ զարգացումների հիմքում, կասկածից վեր է նաև, որ գտնվելու են մի շարք արտաքին սուբյեկտներ, որոնք փորձելու են այդ իրադրություններից քաղել առավելագույնը՝ բնականաբար թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հանդեպ ավելի ուժեղացած դիրք ապահովելու, դրանով նաև ռեգիոնալ հարցեր լուծելու համար:

Ասել, որ Հայաստանը չափազանց մեծ ուշադրությամբ պետք է հետևի զարգացումներին և դիտարկի հնարավոր՝ ընդհուպ ամենավատ սցենարները, նշանակում է չասել ոչինչ: Ընդ որում, այստեղ, անշուշտ, խնդիրը լոկ իշխանության դաշտում չէ: Ընդ որում, այդ ֆոնին հատկանշական է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի արած հայտարարությունը «Սիվիլնեթի» հետ հարցազրույցում, որ ԱՄՆ համար Հայաստան-Իրան առևտուրը խնդրահարույց չէ, և Նահանգները լավ հասկանում է Իրանի կարևոր նշանակությունը Հայաստանի համար: Այսինքն՝ այդ իմաստով, իհարկե, Հայաստանի մտահոգության առարկան չի կարող լինել իրան-ամերիկյան հարաբերության տիրույթում, հաշվի առնելով այստեղ առկա խնդիրները: Այսինքն՝ ԱՄՆ-ն չի դիտարկի Իրանով Հայաստանը թիրախավորելու տարբերակ, ինչը, բնականաբար, հնարավոր չէ ասել Թուրքիայի, Ադրբեջանի իմաստով, հաշվի առնելով այն, որ Իրանի թուլացումը նրանք դիտարկում են նաև Հայաստանի հանդեպ հավակնությունների ռազմավարական համատեքստում:

Այդ հարցում հնարավոր դաշնակից կարող է լինել Իսրայելը, թեև այստեղ Երևանն անշուշտ պետք է օգտագործի ԱՄՆ հետ աշխատելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, խոշոր հաշվով, Իրանի հետ Հայաստանի հարաբերությանը վերաբերելով խանդով՝ քանի որ Իրանը կարող է օգնել Հայաստանին չեզոքացնել կամ էապես նվազեցնել ՌԴ-ից կախվածության մի շարք պարամետրեր։ Մոսկվան, այդուհանդերձ, Իրանի ռեգիոնալ ներուժի հարցում ունի իր շահագրգռությունը, քանի որ Թեհրանը կարևոր զսպող դեր է հենց Անկարայի և Բաքվի համար, որոնց հետ Մոսկվան փորձում է աշխատել մի շարք հարցերում: Զսպման այդ դերը բարձրացնում է Ռուսաստանի ձայնը Անկարայի հետ երկխոսությունում, որտեղ Ռուսաստանը, մեղմ ասած, ունի դրա անհրաժեշտությունը:

Ըստ այդմ, Երևանն այստեղ ունի աշխատանքի երկու կարևոր ուղղություն՝ Մոսկվա, Վաշինգտոն, Իրանի շուրջ որևէ անցանկալի սցենարի դեպքում անվտանգության հարցեր լուծելու համար, և հենց փոխադարձ, այսպես ասած, հակակշռման սկզբունքով: Գործնականում նույն խնդիրները կան Վրաստանի ուղղությամբ, թերևս մեկ տարբերությամբ, որ այստեղ խոսքը Թբիլիսիի ռեգիոնալ դերի նվազեցման մասին չէ: Այդպիսի սուբյեկտային դեր Վրաստանը չունի, ինչպես Իրանը: Բայց մյուս կողմից շատ կարևոր է, որ Վրաստանում չթույլատրվի Անկարայի և Բաքվի սուբյեկտային դերի աճ: Իսկ ներքին ապակայունացումը պարունակում է այդպիսի ռիսկ Երևանի համար, որտեղ ևս պետք է աշխուժորեն աշխատել Վաշինգտոն-Մոսկվա փոխզսպող և փոխադարձ մեխանիզմ ձևավորելու համար՝ վատթարագույն սցենարի դեպքում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...