futbol

Եվրո 2020-ի որակավորման փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը՝ 1-9 զիջելով Իտալիային:

Ներկայացնում ենք Հայաստանի հավաքականի 5 և ավելի գնդակի տարբերությամբ պարտությունները՝

Հունիսի 17, 1996, ընկերական խաղ Մարոկկո – Հայաստան 6-0

Հունվարի 4, 1997, ընկերական խաղ Չիլի – Հայաստան 7-0

Մարտի 30, 1997, ընկերական խաղ Վրաստան – Հայաստան 7-0

Հոկտեմբերի 8, 2016, ԱԱ-2018-ի որակավորման փուլ, Հայաստան-Ռումինիա 0-5

Հոկտեմբերի 5, 2017, ԱԱ-2018-ի որակավորման փուլ, Հայաստան-Լեհաստան 1-6

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2020-ի ընտրական մրցաշարն ավարտեց Իտալիայի հավաքականի հետ Պալերմոյում տեղի ունեցած խաղով, որը միայն պայմանական է հնարավոր անվանել խաղ եւ ավելի բնորոշ է խայտառակություն որակումը: Հայաստանի հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը՝ 1:9:

Սակայն խնդիրը ամենեւին էլ այդ հաշիվը չէ, քանի որ ի վերջո եթե ոչ այդչափ, բայց ոչ պակաս ամոթալի խոշոր հաշվով պարտություն կրել են նաեւ շատ ուժեղ հավաքականներ: Հիշենք միայն 2014 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում տանտեր Բրազիլիայի հավաքականի ամոթալի պարտությունը Գերմանիայից՝ 1:7:

Խայտառակը Հայաստանի հավաքականի խաղն էր, կամ ավելի շուտ՝ դրա բացարձակ բացակայությունը:

Հավաքականը ընտրական մրցաշարն ավարտեց վեց թիմ ունեցող խմբի նախավերջին տեղով, առաջ անցնելով միայն Լիխտեյնշտեյնից: Մինչդեռ, ընտրականի ավարտից չորս տուր առաջ Հայաստանի թիմը հավակնում էր երկրորդ անցողիկ տեղի համար պայքարի՝ Երեւանում Բոսնիա-Հերցոգովինայի բավական ուժեղ հավաքականի հանդեպ տպավորիչ հաղթանակից հետո:

Բայց, հետո ամոթալի տապալում Լիխտեյնշտեյնում, պարտություն Ֆինլանդիայում, մարզչի հրաժարական, ինչը թերեւս հոգեբանորեն թեւաթափ արեց Հայաստանի հավաքականին: Ըստ երեւույթին վատ դեր խաղաց Բոսնիայից հետո հոգեբանական թռիչքը, եւ հանկարծ առաջացած հույսից հետո հուսահատությունը ֆուտբոլիստների մոտ բերեց հոգեբանական դատարկության, այն էլ Իտալիայի նման զորեղ հավաքականի հետ հանդիպումից առաջ:

Սակայն ակնառու է, որ հայկական ֆուտբոլի խնդիրը դրվագային, իրավիճակային, մրցաշարային կամ հոգեբանական չէ: Հայկական ֆուտբոլի խդիրը համակարգային է: Եվ ըստ այդմ լուծումները պետք է փնտրվեն այդտեղ:

Խայտառակ պարտությունից հետո նորանշանակ մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հայտարարել է, որ վերցնում է պատասխանատվությունն իր վրա, բայց պատկերը ընդամենը հայկական ֆուտբոլի այսօրվա վիճակի արտացոլումն է: Խաշմանյանը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ, եթե ֆեդերացիայի ղեկավարությունը համարի, որ ինքը պետք է հեռանա: Իսկ եթե ոչ, ապա Խաշմանյանը հայտարարել է, որ պետք է փոխել իրավիճակը արմատապես, քանի որ ոչինչ չի համապատասխանում հավաքականի մակարդակի:

Ի՞նչ նկատի ունի հավաքականի մարզիչը: Հիանալի կլիներ, եթե Աբրահամ Խաշմանյանը մի քանի մասնագետի օգնությամբ առաջիկա օրերին պատրաստեր թե հավաքականի, թե ընդհանրապես դրա բազայի վերաբերյալ համալիր վերլուծություն եւ հետագա քայլերի որեւէ կոնցեպտ՝ մարզչական տեսանկյունից, ներկայացնելով այն ֆուտբոլասերների քննարկմանը:

Մյուս կողմից, Հայաստանում նախ պետք է լինի նաեւ ֆուտբոլի վերաբերյալ պոֆեսիոնալ, ինտելեկտուալ մասնագիտական եւ փորձագիտական, մեկնաբանական քննարկման ունակ հանրույթ: Կան գուցե առանձին անհատներ, չկա հանրույթ, չկա քննարկում: Ժամանակակից ֆուտբոլը պահանջում է դա, ժամանակակից ֆուտբոլը համալիր առումով ինտելեկտ է, գիտություն:

Հայաստանում կա՞ ֆուտբոլային ինտելեկտ: Դա է ներկայում գլխավոր հարցի պատասխանը: Տարիներ առաջ բոլորը կարծում էին կամ համոզված պնդում, որ բավական է հեռացնել հայկական ֆուտբոլային «աղբյուրի» բերանը փակած «Նեմեցին»՝ ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ու հայկական ֆուտբոլը կսլանա տիեզերք: Պարզվեց, որ այդպես չէ: Ընդ որում, այդ շրջանում առիթ եմ ունեցել մի քանի անդրադարձ կատարել խնդրին, արձանագրելով, որ շատ կարեւոր է խորապես հասկանալ, թե ինչով ենք փոխում անցանկալի ֆունկցիոներներին:

Ներկայում էլ, Իտալիայի հավաքականի խաղից հետո վերստին ուժգնանում են ֆեդերացիայի նախագահ, գործկոմ, մարզիչ փոխելու մասին պահանջները եւ հայտարարությունները:

Չի փոխվելու ոչինչ, եթե անգամ փոխվեն տասնյակ ֆունկցիոներներ, իսկ մարզիչ նշանակվի օրինակ Գվարդիոլան, կամ Կլոպը: Որովհետեւ Գվարդիոլան կամ Կլոպը համակարգի, մտածողության մաս են: Նրանք ոչինչ են լինելու իրենց միջավայրից դուրս: Հայկական ֆուտբոլում խնդիրը արզապես վատ պատրաստվածությունն ու վատ կազմակերպումը չէ, հայկական ֆուտբոլում խնդիրը մտածողությունն է, արժեհամակարգն ու պատկերացումը՝ թե ինչ ենք ուզում եւ ինչպես ենք հասնում մեր ուզածին:

Հետեւաբար, պետք է չվատնել էներգիա ֆեդերացիայում կամ հավաքականի մարզչական շտաբում նոր անուններ ուզելու համար: Պետք է էներգիան ու ժամանակն ուղղել հայկական ֆուտբոլի զարգացման նոր կոնցեպտներ գտնելու վրա, հայկական ֆուտբոլի ինտելեկտ ձեւավորելու վրա, որից հետո արդեն հասկանալի կլինի՝ ինչն ինչով փոխել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...