Serj Robert

Նոյեմբերի 4-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ: Այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է 40 տոկոսով։

ԱՄՆ դեսպանատան այս հայտարարությունը շատերի համար անակնկալ էր և այն հուժկու հարված էր մեդիա տիրույթում վերջին մեկ տարվա ընթացքում տարածվող ապատեղեկատվությանը և մանիպուլյացիաներին: Մասնավորապես, նախկին իշխանությունների ներկայացուցիչներիը և նրանց աջակիցները, Թավշյա հեղափոխությունից հետո տարբեր պաշտոնների նկատմամբ հավակնություն արտահայտած, սակայն դրանք չստացած և խռոված որոշ «վերլուծաբաններ» ամիսներ շարունակ փորձում են առաջ տանել այն թեզը, թե ՀՀ արտաքին քաղաքականությունը ձախողվել է, իսկ հայ-ամերիկյան հարաբերություններում ամեն ինչ արդեն կորած է: Այս պարտվողական թեզերը, սակայն իրականության հետ որևէ առնչություն չունեն և ոչ ավելին են, քան քարոզչական «փուչիկ»: Եվ ԱՄՆ դեսպանության հայտարարությունը պայթեցրեց ամիսներ շարունակ փչված այդ քարոզչական «փուչիկը»:

Ի՞նչ է նշանակում ԱՄՆ դեսպանության հայտարարությունը:

Նախ Հայաստանին ցուցաբերվող աջակցության բարձրացումը և ընդ որում ոչ ավել ոչ պակաս 40%-ով, վկայում է ամերիկյան վարչակազմի կողմից Հայաստանի նկատմամաբ ցուցաբերվող հետաքրքրության աճի մասին: Հատկանշական է, որ այս հայտարարությունը արվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման ֆոնին. գործընթաց, որը վերջին 20 տարվա ընթացքում արգելակվել է Սպիտակ տան կողմից, սակայն այս անգամ որևէ խոչընդոտ չստեղծվեց: Հազիվ թե այս ամենը կարելի է համարել պատահական զուգադիպություն: Իրականում, տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի ժողովրդավարացումը, մեծացրել են Հայաստանի քաղաքական կարևորությունը տարածաշրջանի քաղաքական քարտեզի վրա անգամ բավական շահադիտական մոտեցումներով առաջնորդվող Թրամփի վարչակազմի համար: Բնականաբար այդ ընկալման ձևավորման հարցում իր ներդրում է ունեցել թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

ԱՄՆ կողմից 2019թ. Հայաստանին տրամադրվող օժանդակության մեծացումը Վաշինգտոնի կողմից հստակ ուղերձ է, որով Վաշինգոնն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին՝ ամրագրելով, որ այն շարժվում է ճիշտ ուղղությամբ: ԱՄՆ կառավարությունն իր ներդրումն ունի Հայաստանում ժողովրդավարական զարգացման խթանման բազմաթիվ ուղղություններում, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքար, անվտանգություն, էներգետիկա, կրթություն, անգլերենի ուսուցում, անտառային ծառայություններ, մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակություն, և պետական կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների ամրապնդում, այդ թվում՝ իրավապահ, արդարադատության և դատաիրավական ոլորտներում։

Այսպիսով կարելի է արձանագրել, որ Հայաստանին ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցության մեծացումը մի կողմից կարևոր խթան է լայնածավալ բարեփոխումների օրակարգի կյանքի կոչման գործընթացին, մյուս կողմից՝ հստակ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հստակ ցուցիչ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...