Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի դեմ նստացույց է՝ նրա հրաժարականի պահանջով: Նստացույցը իրականացնում են ՀՅԴ երիտասարդները, նաև մի շարք ուսանողներ պետհամալսարանից:

Առիթը բուհերի գործունեության մեջ փոփոխության մտադրությունն է, որը Հայոց լեզու, Հայ ժողովրդի պատմություն առարկաների դասավանդման վերաբերյալ որոշումը, այսպես ասած, ոչ պրոֆիլային ֆակուլտետների համար, թողնում է բուհերի ղեկավարությունների որոշմանը: Դա առիթն է, սակայն ամենևին ոչ պատճառը: Եվ Արայիկ Հարությունյանն էլ, թերևս, պատճառը չէ, թեև գուցե կան կոնկրետ խմբեր, որոնք էապես շահագրգռված են հենց նրա պաշտոնանկությամբ, ընդ որում՝ խմբեր գուցե հենց իշխանության շրջանակից, կամ հեղափոխական շրջանակից:

Այս դեպքում, սակայն, գործընթացի լայն համատեքստը, իհարկե, այլ խնդիր է: Նստացույցերը, տարատեսակ բողոքի ակցիաները Հայաստանում անգամ ոչ լեգիտիմ իշխող համակարգի գործունեության տարիներին չունեին այդ համակարգի վրա ազդելու բավարար արդյունավետություն, թեև եղել են առանձին դրվագներ, երբ բողոքը հարց է լուծել:
Այդուհանդերձ, ոչ լեգիտիմ համակարգի դեմ այդօրինակ գործողությունն ու պայքարն էր, մեղմ ասած, արդյունավետության հարցականի տակ: Ավելորդ է խոսել, որ արդյունավետության հեռանկար չի կարող լինել լեգիտիմության մեծ պաշար ունեցող իշխանության դեմ այդօրինակ մեթոդաբանության մեջ: Առավել ևս, որ դա իրականացնում են ուժեր, որոնք ասոցացվում են նախկին ոչ լեգիտիմ համակարգի հետ, ըստ այդմ՝ իրենց վրա կրում են հանրային մերժման կնիքը:

Այդ ամենաը, թերևս, լավ են գիտակցում ու պատկերացնում նաև ակցիաների կազմակերպիչները կամ նախաձեռնողները, «գաղափարախոսները»: Պարզապես նրանց խնդիրը իշխանության համար պայքարը չէ, այլ պայքարն ընդդիմության համար: Հայաստանում ընթանում է կոշտ պայքար իշխանության դեմ, բայց խորքային առումով դա առայժմ գոնե ավելին չէ, քան կոշտ պայքար «ընդդիմության» համար: Անկասկած է, որ ընդդիմության «նավը» առաձգական չէ և հնարավոր չէ այնտեղ տեղավորել բոլոր հավակնորդներին: Իսկ հավակնորդները շատ-շատ են: Նրանց հնարավոր է բաժանել երեք պայմանական մասերի: Ուժեր, որոնք նախկինում եղել են իշխանություն կամ սերվել են այդ իշխանությունից, թեև ոչ միշտ են ունեցել իշխանական կամ կոալիցիոն կարգավիճակ, կամ, այսպես ասած, բուֆերային կարգավիճակ: Մյուս խմբում, թերևս, ուժերն են, որոնք նախկինում եղել են ընդդիմություն, բայց այսօր էլ իշխանություն չեն: Ընդ որում, այստեղ կարող են լինել ենթաշերտեր՝ ըստ արմատականության կամ արտաքին քաղաքական դիրքավորումների: Եվ ուժեր, որոնք ձևավորվել կամ ձևավորվում են հեղափոխությունից հետո, որոնք ներկայումս քիչ ազդեցություն ունեն, սակայն հավակնում են դեր ունենալ հաջորդ ընտրությանը կամ ընտրություններում: Այստեղ էլ թեև կարող ենք դիտարկել ենթաշերտեր:

Այսինքն՝ այստեղ կան ուժեր, որոնք նոմինալ ձևավորվել են հեղափոխությունից հետո, նույնիսկ բոլորովին վերջերս, սակայն աներկբա ասոցացվում են նախկին իշխող համակարգի որևէ խմբի կամ շերտի հետ և նոր են առավելապես անունով կամ դեմքով, սակայն առավելապես փաթեթավորման կարգավիճակով: Հնարավոր է պատկերացնել, թե որքան մեծ է այստեղ մրցակցության դաշտը և բազմազան բոլոր առումներով: Պատկերն էլ ավելի բազմաշերտ է դառնում, եթե դիտարկենք, որ այդ ուժերից յուրաքանչյուրը, մի մասը, մի մեծ կամ փոքր մասը այդուհանդերձ ձգտելու է գործակցել արտաքին գործընկերների հետ, ըստ այդմ էլ՝ ավելի բարձրացնել մրցակցության խտությունը: Ավելին, ակնառու է, որ այդ ուժերի մի մասը՝ առավելապես թվարկածներից առաջին խմբում գտնվողները, արդեն իսկ բավականին բաց են գործակցում արտաքին գործընկերների հետ, ստանալով նրանց աջակցությունն առնվազն տեղեկատվա-քարոզչական ոլորտում: Դրա դրսևորումների մենք ականատես ենք՝ ռուսական մեդիադաշտին հետևելով: Միևնույն ժամանակ բնական է, որ ընդդիմության համար սուր պայքարը այսպես, թե այնպես արտահայտվելու կամ դրսևորվելու է իշխանության դեմ: Իհարկե, դա չի նշանակում, որ իշխանությունը լոկ առերևույթ թիրախ է: Բայց գլխավոր խնդիրը ընդդիմության դաշտում է և դեռևս տևական ժամանակ լինելու է այդտեղ, հնարավոր է անգամ ևս մեկ ընտրական շրջափուլ:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...