Հայաստանում կյանք է ունենալու միայն հանրության կամքով

- in Կարծիք

Որքան էլ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը արժանացավ հանրային լայն շերտերի ամենաբուռն և կոշտ գնահատականին, այդուհանդերձ, Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ ձևավորված այդ միավորի գործունեությունը միանգամայն տրամաբանորեն տեղավորվում է Հայաստանի ներքին հասարակական-քաղաքական կյանքի տրամաբանության շրջանակում:

Առերևույթ թվում է, թե ինչպես կարող է դա լինել տրամաբանական, եթե նույն ուժերը մեկուկես տարի առաջ ծայրաստիճան մերժված կարգավիճակում էին և անգամ չեին համարձակվում խախտել լռությունը:

Բայց պետք է արձանագրել, որ հեղափոխական բուռն շրջանից անցել է մեկուկես տարի, և, բարեբախտաբար, կրքերը առավել հանդարտ են: Դա անհրաժեշտ է պետության զարգացումը կայուն հուն տեղափոխելու համար, ինչը առաջին հերթին անհրաժեշտ է հենց հեղափոխության կապիտալիզացիայի համար: Եթե որևէ մեկը կարծում է, որ դա նշանակելու էր հեղափոխության նկատմամբ համատարած լռություն և լոյալություն, ապա դա ավելի շատ այդ սպասում ունեցողների խնդիրն է, քան բուն հեղափոխության: Որովհետև, ի վերջո, Հայաստանում հեղափոխություն է եղել նաև քաղաքական մրցակցություն հիմնելու, քաղաքական մրցակցություն ձևավորելու համար: Եթե որևէ քաղաքական հայտատու ունի խնդիր օրենքի հետ, ապա պետությունն ունի բոլոր անհրաժեշտ լծակները այդ խնդրի վերհանման և տվյալ սուբյեկտներին պատասխանատվության առաջ դնելու համար: Բայց ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական մրցակցության հանգամանքը Հայաստանի համար պետք է լինի այսպես ասած՝ սուրբ, անկախ դրանում ներգրավողների «սրբության» կամ «պղծության» մասին որևէ գնահատականից:

Ի վերջո, եթե հանրայնորեն չկարողանանք ձևավորել մրցակցությունն իբրև արժեք, ապա մեր զարգացումը բախվելու է լրջագույն խոփի կամ, ավելի շուտ, խոփերի:

Վերջին հաշվով, լինի «Վերնատուն», տնից տուն, թե անտուն, որևէ քաղաքական սուբյեկտ, որևէ քաղաքական ֆորմատ Հայաստանում կյանք է ունենալու միայն հանրության կամքով: Այստեղ է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության գործընթացի առանցքային հանգամանքը, առանցքային ուժն ու, այսպես ասած, ողնաշարային էֆեկտը՝ հասարակությունը վերգտել է իր սուբյեկտությունը: Ըստ այդմ, ոչ թե հանրությունը պետք է վախենա կամ զայրանա որևէ ֆորմատից, այլ որևէ ֆորմատ պետք է մտածի, թե հանրային ինչպիսի արձագանքի է արժանանալու: Եվ այստեղ կա թերևս առանցքային հանգամանքը՝ հանրության ռացիոնալ հեղափոխական հաղթանակը չվերածել հետհեղափոխական էմոցիոնալ գերծանրաբեռնվածության, որը հանրային սուբյեկտության չեզոքացման ուղիղ ճանապարհ է: Այդ հանգամանքն է, որ իրականում լրջագույն խնդիրն է ներքին իրավիճակում, ոչ թե ձևավորվող զանազան ֆորմատները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...