Հայաստանում հեղափոխական անհրաժեշտություն է նոր քաղաքական դասի ձևավորումը

- in Վերլուծական

Ինչ վերաբերում է Արցախը բանակցային սեղան բերելու առաջարկությանը, ապա այն փաստորեն գերակա շահ չի դիտվում ՌԴ համար, նախօրեին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան հայտարարությունների առնչությամբ գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ-ն, մյուս ուժերը, որոնք ներկայացնում են նախկին իշխող համակարգը կամ հարում դրան, գործնականում ունեն Լավրովից հիասթափված լինելու պատճառ: Բանն այն է, որ նրա՝ երևանյան այցի ընթացքում արված հայտարարությունները ոչ թե ջուր են լցրել Արցախի կամ հայ-ռուսական հարաբերության հարցում նախկին իշխող համակարգի հակաիշխանական քարոզչության ջրաղացին, այլ հակառակը՝ սառը ջուր են լցրել այդ հակաքարոզչության վրա: Սակայն տվյալ պարագայում խնդիրը դա չէ, և ՀՀԿ փոխնախագահի գրառման դրվագը հատկանշական է մեկ այլ տեսանկյունից: Փաստացի, գտնվում է կամ փորձ է արվում գտնել մի կետ, որի վրա, այդուհանդերձ, հնարավոր է հենվել, Արցախը բանակցության մաս դարձնելու վերաբերյալ պաշտոնական Երևանի մոտեցումը, այդուհանդերձ, որևէ կերպ թիրախավորելու և նախկին իշխող համակարգի «քարոզչական դեմքը» փրկելու համար: Բայց խնդիրն անգամ դա էլ չէ:

ՀՀԿ փոխնախագահի գրառման տողատակում կամա, թե ակամա արտացոլվում է հայաստանյան քաղաքական դասի համար առանցքային մի խնդիր՝ Հայաստանի պետական, ազգային հարցերում իրավիճակի գնահատման ելակետային խնդիրը, որ անկախության սկզբից ի վեր «սերնդեսերունդ» փոխանցվել է քաղաքական դասի շրջանակում, անկախ տվյալ պահին կառավարող քաղաքական ուժի անվանումից:

Նրանք գործնականում տարբեր մոտեցումներ են ունեցել ներքին հարցերում, որոշակի տարբեր երանգներ են դիտարկել արտաքին քաղաքականության համատեքստում, միմյանց հետ եղել են կոշտ փոխհարաբերության մեջ, պիտակավորել են, բաց և ստվերային պայքար մղել միմյանց դեմ, սակայն մի հարցում եղել են ընդհանրական. հայկական շահի վերաբերյալ պատկերացումները արտաքին ուժային կենտրոններից հղվելու հարցում: Մասնավորապես, երբ ՀՀԿ փոխնախագահը նշում է, որ Լավրովի հայտարարությունը ցույց է տալիս, որ Արցախը բանակցային սեղան վերադարձնելը գերակա չէ, առաջանում է պարզ հարց՝ իսկ եթե լիներ գերակա՞: Իսկ եթե լիներ գերակա, եթե Լավրովն աներ այդպիսի հայտարարություն, արդյո՞ք ՀՀԿ-ն կողջուներ և կսկսեր խոսել այն մասին, որ սխալվել են Փաշինյանին այդ հարցում քննադատելիս: Ինչո՞ւ պետք է Արցախը բանակցության մաս դարձնելը գերակա լինի Ռուսաստանի համար:

Ռուսաստանն ունի իր շահը, Մինսկի խմբի համանախագահ ցանկացած երկիր՝ իր շահը, Իրանը՝ իր, Հայաստանն էլ ունի իր շահը, և, ըստ այդմ, Արցախի մասնակցության հարցը գերակա պետք է լինի կամ չլինի Հայաստանի շահի տեսանկյունից՝ բնականաբար, տվյալ դեպքում Արցախը ներառյալ: Հայաստանը պետք է իր համար որոշի՝ հարցը գերակա՞ է հայկական անվտանգության, հայկական ռազմավարության համատեքստում, թե՞ ոչ: Ռուսաստանի համար, ԱՄՆ համար, Իրանի համար հարցը կարող է և չլինել գերակա, սակայն այդ տրամաբանությամբ Հայաստանի շահից բխող մի շարք այլ ասպեկտներ կարող են այդ ուժային կենտրոնների համար չլինել գերակա, և դա շատ բնական է, և Հայաստանի խնդիրը պետք է լինի իր գերակայությունները հասցնել այդ ուժային կենտրոնների գիտակցմանն ու հասնել նրանց հետ փոխշահավետ համաձայնության ու գործակցության: Ոչ թե արձանագրել՝ եթե նրանց համար գերակա չէ, ուրեմն պատեհ չէ այդ հարցերը բարձրաձայնել կամ ազդարարել այդ մասին:

Ի վերջո, խորքային առումով հենց այդ փիլիսոփայության վրա է կառուցվել արցախյան հետպատերազմյա պետական քաղաքականության ամբողջ փիլիսոփայությունը՝ ինչ է սպասում միջազգային հանրությունը, ինչ է ակնկալում, ինչ է ուզում, ինչին կհամաձայնի, ինչին՝ ոչ:

Եթե հայկական կողմը այդ տրամաբանությամբ առաջնորդվեր պատերազմում, ապա ռազմական հաղթանակների փոխարեն մենք ամենայն հավանականությամբ կունենայինք բարոյական հաղթանակներ: Բայց պատերազմի ընթացքում, որքան էլ կարևոր է եղել իհարկե քաղաքական աշխատանքը միջազգային հանրության հետ, այդուհանդերձ, ռազմական հաղթանակի գլխավոր գրավականը թերևս եղել է այն, որ այս կամ այն մարտական խնդիրը դնելիս հաշվի է առնվել նախ դրա լուծման անհրաժեշտությունը հենց մեր շահի և անվտանգության տեսանկյունից, ոչ թե այն, թե որ ուժային կենտրոնն ինչ վերաբերմունք ունի այս կամ այն ռազմական դրվագի կամ հարվածի ուղղության վերաբերյալ: Ու առնվազն տարօրինակ է, որ պատերազմից հետո՝ քաղաքական փուլում արդեն մտածողության մեջ տեղի է ունեցել փոփոխությունը, և չափիչ ելակետ է դարձել այն, թե ինչն է գերակա այս կամ այն ուժային կենտրոնի համար:

Կրկնենք, հաշվի առնել այդ կենտրոնների մոտեցումները, անկասկած կարևորագույն հանգամանք է մեր քաղաքականությունը մշակելու հարցում: Սակայն քաղաքականությունը մշակելու, ոչ թե ռազմավարական նպատակները որոշելու կամ գծագրելու հարցում:

Հայաստանում հեղափոխական անհրաժեշտություն է նոր քաղաքական դասի ձևավորումը, որի համար պետական շահի չափման ելակետերը Հայաստանում են, իսկ արտերկրում՝ ընդամենն այդ շահի սպասարկման աշխատանքային, գործընկերային, դաշնակցային ուղղությունները:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...