Այս տարվա տնտեսական արդյունքները ցույց են տալիս, որ տնտեսական հեղափոխության իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունները արդարացված են և արդյունավետ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 14-ին ՀՀ-ում Ամերիկյան առևտրի պալատի տարեվերջյան հանդիպման ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր կառավարությունն իր գործունեության առաջին օրերից սկսած հռչակել է Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու օրակարգը: Ըստ էության, առաջին փուլում այդ ճանապարհով գնալու համար հռչակել ենք երեք հիմնական ուղղություն: Առաջինը` կոռուպցիայի դեմ պայքարը, երկրորդը` մենաշնորհների վերացումը և երրորդը` ստվերային տնտեսության դեմ պայքարը: Մեր առաջին շերտի գործողությունները ուղղված են եղել հենց սրան, և կարող ենք արձանագրել, որ 2019 թվականին տնտեսական տարվա արդյունքներով այս մոտեցումը արդարացրել է իրեն և ցույց է տվել իր արդյունավետությունը, որովհետև այս տարի սպասում ենք 7 տոկոս տնտեսական աճ: Ընդ որում, այդ տնտեսական աճը սպասում ենք՝ ունենալով տնտեսության մեջ էական և շոշափելի փոփոխություններ: Այդ փոփոխությունների հիմնական մասը հենց ձևավորվում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած տեսլականից»,- ասաց Փաշինյանը:

Մյուս կողմից, ՀՀ վարչապետը հասկանում է, որ այս երեք գործիքների ներուժը հավերժ չէ և պետք է նոր գործիքակազմ կիրառվի հետագա տնտեսական աճը և ներդրումները խթանելու ուղղությամբ:

«Իհարկե, հասկանում ենք, որ այս երեք գործիքները ունեն որոշակի ներուժ և այդ ներուժը հավերժ չէ: Նկատի ունեմ՝ ստվերի, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը, դրանք, բնականաբար, պետք է լինեն շարունակական, բայց իրենք իրենցով տնտեսական աճը և աշխուժությունը խթանելու պաշար ունեն և այդ պաշարը ինչ-որ պահի պետք է սպառվի: Հետևաբար, կառավարությունը պետք է նոր գործիքակազմ կիրառի հետագա տնտեսական աճը և ներդրումները խթանելու ուղղությամբ»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայաստանն ի վիճակի է իրականացնել մեգանախագծեր, որոնք շատ լուրջ խթան կհանդիսանան տնտեսության համար: Եվ այդ նախագծերի իրականացման համար լավագույն պոտենցիալ է նոր եվրաբոնդերի հնարավոր թողարկումը: Այս մասին Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանը իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարևոր է կողմնորոշվել այդ նախագծերի հարցում, ճշգրիտ որոշումներ կայացնել, թե հատկապես ինչպիսի նախագծերն առավելագույնս կխթանեն ՀՀ տնտեսությանը: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ ունենք բավական մատչելի հնարավոր մեգանախագծերի ֆինանսավորման պոտենցիալ և ամենալավ պոտենցիալը եվրաբոնդերի նոր հնարավոր թողարկումն է, բայց այդ հարցում նախ պետք է կողմոնորոշվել կոնկրետ նախագծերի իրականացման հարցում»,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ լավ լուր է, որ ՀՀ ներքին շուկայից նույնպես մեծ միջոցներ ներգրավելու հնարավորություններ ունի կառավարությունը և ներքին ռեսուրսները նույնպես կարող են կիրառվել այս նպատակի իրագործման համար:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ արդեն իսկ տեղաբաշխված եվրաբոնդերը Հայաստանի համար ռեկորդային ցածր տոկոսադրույքներով տեղաբաշխվեցին և ռեկորդային բարձր պահանջարկ ունեին: «Մեր թողարկման ծավալը կազմում էր մոտ 500 մլն դոլար, բայց պահանջարկը շուկայում գերազանցում էր 2 մլրդ դոլարը»,- հավելեց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...