Հայության համաշխարհային դերը. Եղածն ավելացնելու գրավականը

- in Հրապարակ
hayastan-armenia

Չունեցողի կարգավիճակից, որից անընդհատ վերցվում է, պետք է անցնենք ունեցողի կարգավիճակի՝ որին նաեւ տրվում է, Միլանում հայ համայնքի եւ հայկական եկեղեցու հոգեւոր հայրերի հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բերելով աստվածաշնչյան առակի օրինակը:

Միլանի հայկական եկեղեցում Փաշինյանն արծարծում է մի կողմից հոգեբանական, մտածողական, մյուս կողմից նաեւ քաղաքական, ընդհուպ ռազմա-քաղաքական կարեւոր թեմա, որն առնչում է Հայաստանի, հայկական գործոնի միջազգային դերին, նշանակությանը, այդ հարցում հայկական պետականության, հայ ժողովրդի պատասխանատվությանը: Այստեղ խնդիրը շոշափում է նաեւ տասնամյակներով ձեւավորված զոհի բարդույթը, ստեղծելով նաեւ որոշակի հակասականություն:

Բանն այն է, որ իրադարձությունները, իրավազրկումը, հայրենազրկումը, միլիոնավոր հայրենակիցների կյանքից զրկվելու, ցեղասպանվելու հանգամանքը հայ ժողովրդի համար, հայկական գործոնի համար, հայկական հարցի համար դարձել է ողբերգական, բայց կարեւորագույն կռվաններից մեկը: Մի կողմից, այն ծանրացնելով հայկական գործոնի նժարը, մյուս կողմից հայերին օժտել է զոհի բարդույթով եւ որոշակի իմաստով նաեւ չունեցողի հոգեբանությամբ, որը սպասում է, որ ինչ որ մեկը ինչ որ բան պետք է տա, ինչ որ հարց պետք է լուծի իր համար:

Ու այդ հանգամանքը հոգեբանությունից մինչեւ կենցաղ, մինչեւ մտածողություն ձեւավորել է հայ հանրության հիմնական վարքագիծը: Մինչդեռ համաշխարհային հարաբերությունը կառուցված է այլ փիլիսոփայության ու սկզբունքների շրջանակում: Տրվում է նրան, ով արդեն իսկ դրսեւորում է իր ունեցած շատին թե քչին տեր կանգնելու, դրա համար պատասխանատու լինելու հաստատակամություն եւ գործնականություն:

Եվ որքան շատ տրվում է, այնքան ավելի պահանջվում է ունեցածը պահելու իմաստով, որովհետեւ դա է եղածը ավելացնելու գլխավոր գրավականը: Փաշինյանն իր խոսքում շոշափում է հայկական գործոնի, հայկական պետականության այդ գլխավոր խնդիրներից մեկը, որը պետք է տրանսֆորմացվի կենցաղից մինչեւ քաղաքականություն, մինչեւ աշխարհքաղաքականություն, որը հազվադեպ կամ բացառիկ դրսեւորումներից պետք է վերածվի հայության համաշխարհային օրինաչափ վարքագծի՝ ունեցողի եւ դրան տեր կանգնելու հաստատակամությամբ տիրոջ, եւ պատասխանատու միջազգային գործընկրոջ կարգավիճակին, որին ավելին վստահելը արդեն վերածվում է մեծ հաշվով քաղաքակրթական շահի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...