Հայ-ռուսական հրատապ քննարկում. Ինչ է կատարվել

- in Վերլուծական

Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Տողանյանի եւ ՌԴ նախագահի Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հանդիպման մասին:

Ըստ հաղորդագրության, Մոսկվայում տեղի ունեցած այդ հանդիպմանը քննարկվել են Մերձավոր Արեւելքում հայ-ռուսական բազմապլան գործակցության հրատապ հարցեր, այդ թվում սիրիական կարգավորմանն առնչվող:

Ի՞նչ հրատապ հարց է եղել, որն առաջացրել է Հայաստանի դեսպանի եւ ՌԴ նախագահի ներկայացուցչի հանդիպման անհրաժեշտություն:

Սիրիայում սպանվել են Ղամիշլիի հայ կաթոլիկ եկեղեցու երկու հոգեւորականներ: Հայաստանի արտգործնախարարությունն այդ կապակցությամբ արել էր դատապարտող հայտարարություն, ակնարկելով, որ սպանությունը գործնականում Սիրիայի հյուսիս թուրքական ռազմական ներխուժման հետեւանքներից է: Սպանության պատասխանատվությունը, ըստ տարբեր աղբյուրների, ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը: Հայաստանի ԱԳՆ արձագանքը պարունակում էր ակնարկ, որ սպանության համար պատասխանատու է Թուրքիան:

Թուրքիան Սիրիայի հյուսիսի իրավիճակը քննարկում է երկու ֆորմատով՝ ամերիկա-թուրքական եւ ռուս-թուրքական: Հատկանշական է, որ Մոսկվայում Հայաստանի դեսպանի եւ ՌԴ նախագահի ներկայացուցչի հանդիպումը տեղի է ունենում Թուրքիայի նախագահ Էրդողանի Վաշինգտոն այցի մեկնարկին զուգահեռ: Այցից առաջ Վաշինգտոն պոստ հեղինակավոր պարբերականը տեղեկություն էր հրապարակել, թե ԱՄՆ նախագահ Թրամփը Էրդողանին առաջարկում է 100 մլրդ դոլարի գործարք՝ Ռուսաստանի հետ ռազմա-տեխնիկական գործակցությունից հրաժարվելու դիմաց:

Էրդողանը հայտնվել է ԱՄՆ ու Ռուսաստանի միջեւ: Արդյոք Հայաստանի հետ Մոսկվան քննարկում է որեւէ հարց, որը կարող է Թրամփի հետ բանակցելու մեկնած Էրդողանին ստիպել «մնալ» Ռուսաստանի հետ:

Միաժամանակ, հայ-ռուսական հրատապ քննարկումը հատկանշական է նրանով, որ Ղամիշլիի հայ համայնքի անվտանգության հարցը ՌԴ նախագահ Պուտինի առաջ բարձրացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դեռեւս թուրքական ներխուժման օրերին: Հետո վարչապետը հայտնել էր նաեւ, որ հարցը եղել է Պուտին-Էրդողան Սոչիում տեղի ունեցած հանդիպման օրակարգում, որտեղ ձեռք էին բերվել Սիրիայի հյուսիսում տարածքի բաժանման եւ համատեղ պարեկության պայմանավորվածություններ: Ղամիշլիում հայ հոգեւորականների սպանությունը փաստացի նշանակում է, որ Պուտինը չի կարողացել ապահովել հայ համայնքի անվտանգությունը, որքան էլ հասկանալի է, որ խոսքը չէր կարող ուղիղ իմաստով նշանակել բոլոր հայերի անհատական անվտանգություն: Այդուհանդերձ, կա մեծ հավանականություն, որ հայ հոգեւորականների սպանությունն իր մեջ պարունակել է քաղաքական ասպեկտ:

Հետաքրքիր է, թե ու՞մ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հանդիպումը՝ Երեւանի՞, թե՞ Մոսկվայի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...