Թեև ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կառավարության նախագիծը, որով առաջարկվում է քրեական ենթամշակույթ կրող անձանց, խմբավորումներին ենթարկել քրեական պատասխանատվության, դրական եզրակացություն ստացավ, սակայն այն ԱԺ-ում ուղեկցվեց բավական զավեշտալի քննարկումներով։

Քննարկումների կիզակետում էլ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էր, որը դեմ է այս օրենքին։ Գևորգ Պետրոսյանը նախ հայտարարեց, որ քրեական հեղինակություններին, օրենքով գողերին ճանաչում է, գիտի և չի կարծում, որ «գողականներին» պետք է դատել, քանի որ նրանք ոչ ոքի անհանգստություն չեն պատճառում։ Ապա ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց՝ «էս երկրում ամենակարևորը էս հարցե՞րն են: Մեր երկրում առաջընթացի խոչընդոտը քրեական հեղինակություննե՞րն են»:

Պետրոսյանի համար կասկածելի էր՝ ո՞նց են ստուգելու, որ իմանան՝ քրեական բարձրագույն հեղինակություն ունեցող ա՞նձ է, թե՞ ոչ, որ պատժեն. «Ո՞ւմ են հարցաքննելու, որ էսինչը ինքնախաբեությամբ չի ապրում կյանքում: Արդյոք էս երկրում ամենավտանգավորը էն մարդն է, որն իր հեղինակությունն օգտագործելով՝ ասենք, թե տարիներով դատական ատյաններում չլուծված գործ կա, մի բառով ասում է՝ ընկեր ջան, էս գումարը, որ վերցրել ես, տար տուր էս մարդուն: Ո՞նց եք ստուգելու, եթե ամեն մեկն իր բալկոնից հայտարարի՝ ես քրեական հեղինակության բարձր աստիճանակարգ ունեցող մարդ եմ, ամբողջ երկրի քննչական մարմինները պետք է գնան դրա հետևի՞ց: Կարող է մեկը հարբած ժամանակ ուզենա իրեն երևակայի, ասի՝ ես քրեական հեղինակություն եմ, տղերք ջան, ասեք տենամ՝ ինչ է եղել ձեր մեջ, տանեն մարդուն դատե՞ն»: Ապա Գևորգ Պետրոսյանը հայտարարեց. «Ես էն մարդկանցից եմ, որ աշխատանքից ուղիղ տուն չեմ գնում, երբեմն նաև տնից միայն ուղիղ աշխատանքի չեմ գալիս, շփվում եմ տարբեր կատեգորիաների հետ: Ես վերջին տարիներին չեմ լսել, որ ՀՀ-ում քրեական հեղինակություն ունեցող մարդիկ այդպիսի անհանգստություն պատճառեն:

Ճիշտ է, կան առանձին դեպքեր, բայց չեմ լսել, որ քրեական աշխարհն էսօր ինչ-որ անհանգստություն պատճառի: Ավելի ուրիշ մարդիկ կան, որ ուրիշ վտանգ են ներկայացնում, ազատության մեջ թրև են գալիս, բայց քրեական չեն համարվում»:

Ըստ պատգամավորի, այս նախագծով, որը դատարաններին հայեցողական մոտեցման հնարավորություն է տրվում, մարդկանց ճակատագրերի հետ են խաղալու. «Քրեական հեղինակություններն էլ են մարդիկ, ունեն իրենց իրավունքներն ու արժանապատվությունը ու շատերից ավելի բարձր արժանապատվություն, որոնք ազատության մեջ վխտում են, բայց նախկինում չեն հարուցել Քրեական օրենսգրքի զայրույթը… Էդպես է՝ եկեք բոլորին տանենք լցնենք բերդերը, պրծնենք»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...