ՀՅԴ երիտասարդական միությունը հայտարարել է, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա:

Հայտարարության առիթը եղել է օրերս մետրոյի Հանրապետություն կայարանում տեղի ունեցած հայտնի միջադեպը, սակայն դաշնակցական երիտասարդները մատնացույց են արել նաեւ իրենց կարծիքով նախարարի գործունեության այլ դրվագներ, որոնք սպառնում են ազգային արժեքներին կամ դիմագծին:

Օրերս ՀՅԴ ԳՄ-ն արել էր հայտարարություն, որ ներքաղաքական իրավիճակով ու պետական ընթացքով անհանգստացած, Դաշնակցությունն անցնելու է գործողությունների:

Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը դրանցից առաջի՞նն է, թե՞ դեռ գործողություն չէ, դեռեւս այդքան էլ պարզ չէ, սակայն հրաժարականի պահանջն ըստ երեւույթին արտացոլում է ՀՅԴ այն բարդ վիճակը, որում հեղափոխությունից հետո հայտնվել է կուսակցությունը, որը դեղին քարտ ցույց տալով իշխանությանը, գործնականում ինքն է քաղաքական իմաստով կրում դրա կարմիր հետեւանքը:

Մինչեւ հեղափոխությունը ՀՅԴ-ն իր քաղաքական, գաղափարական հաղթանակն էր համարում նախագահականից կամ կիսանախագահականից խորհրդարանական կառավարման մոդելի անցումը, Սահմանադրության փոփոխությունը: Թվում է, որ թավշյա հեղափոխությունը Դաշնակցությանը հեռացրեց իշխանությունից՝ որպես ՀՀԿ կոալիցիոն ընկեր:

Գործնականում սակայն, թավշյա հեղափոխությունը ՀՅԴ-ին տվեց քաղաքականությամբ զբաղվելու բացառիկ հնարավորություն, որից ՀՅԴ-ն զրկվեց՝ կոպիտ ձեւով 1994-ին, իսկ հետո լատենտ տարբերակով՝ 1998-ին, երբ իբրեւ թե վերացվեց 1994-ի հետեւանքը, սակայն կուսակցության առաջնորդները բանտից գործնականում հայտնվեցին քաղաքական ազատազրկման մեջ:

Հետեւանքը եղավ այն, որ Դաշնակցությունը իր քաղաքական, գաղափարական ներուժով եւ կենսափորձով լինելով բացառիկ քաղաքական միավոր, գործնականում անկարող եղավ արձանագրել շատ թե քիչ քաղաքական ինքնուրույն հաջողություն, ամբողջապես կախված մնալով գործող մեծամասնությունից:

Հեղափոխությունը հնարավորություն էր, եւ թերեւս դեռ է՝ փոխել այդ իրավիճակը եւ իրացնել ՀՅԴ ինքնուրույն քաղաքական ներուժը: Դրա համար անհրաժեշտ է կուսակցությունը ձերբազատել նախկին իշխող համակարգի ազդեցությունից, միաժամանակ ապահովագրել նոր իշխանության ազդեցության գոտում հայտնվելուց:

ՀՅԴ-ն առայժմ փորձում է լուծել երկրորդ խնդիրը, բայց փաստորեն առաջինի հաշվին՝ այսինքն, կուսակցության քաղաքականության նախագծողները նոր իշխանության ազդեցության գոտում հայտնվելուն դիմադրում են նախկին իշխող համակարգի ազդեցության գոտուն կառչած մնալով: Իհարկե այդ իրողության պատճառ կարող են լինել նաեւ այլ շարժառիթներ:

Թվում էր, որ ամիսներ առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած ՀՅԴ Ընդհանուր ժողովի աշխատանքի, կուսակցության ղեկավարության փոփոխության արդյունքում փոխվելու է նաեւ ՀՅԴ քաղաքական վարքագիծն, ու կուսակցությունը սկսելու է աշխատել Հայաստանի քաղաքական կյանքում իր գաղափարական ներուժին համարժեք տեղ ու դեր ունենալու համար:

Դրան սակայն կարճ ժամանակ անց հաջորդեց իշխանությանը ցույց տրված դեղին քարտը, որն իրականում դեղին քարտ էր ՀՅԴ քաղաքական ինքնուրույնության հեռանկարին: Շաբաթներ առաջ Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի ընթացքում հանդիպում էր ունեցել նաեւ ՀՅԴ ԱՄՆ կառույցների ղեկավարների հետ, ափսոսանք հայտնելով, որ դեկտեմբերի խորհրդարանի ընտրությանը ՀՅԴ-ն չի հաղթահարել 5 տոկոսի շեմը եւ չի հայտնվել խորհրդարանում: Փաշինյանը միաժամանակ խոսել էր համահայկական հարցերում ընդհանուր նպատակների եւ ռազմավարության մասին, չնայած ներքաղաքական տարակարծություններին, ավելացնելով նաեւ, թե պատրաստ է երկխոսել ու աշխատել ՀՅԴ հետ ներքին հարցերում:

Կա՞ ՀՅԴ այսպես ասած համաշխարհային շրջանակում տարաձայնություն՝ Հայաստանի ներքին կյանքում կուսակցության քաղաքական վարքագծի շուրջ, Հայաստանի իշխանության հանդեպ քաղաքականության շուրջ: Ի՞նչը կամ ո՞վ է խանգարում ՀՅԴ-ին վերջապես վերգտնել իր համարժեք տեղն ու դերը Հայաստանի վերգտած անկախության քաղաքական կյանքում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...