HYD Serzh

Հայաստանում լրահոսի աղմկոտ թեմաներով ծանրաբեռնվածությունը հանրային էական ուշադրությունից դուրս թողեց ՀՅԴ ԳՄ հայտարարությունը, որտեղ առկա իրավիճակի, իշխանության ներքին ու արտաքին քաղաքականության նկատմամբ քննադատական գնահատականներից բացի, ՀՅԴ-ն խոսում էր նաև առաջիկայում գործողությունների մասին տեղեկացնելու վերաբերյալ: Ի՞նչ գործողությունների է պատրաստվում անցնել ՀՅԴ-ն:

Դաշնակցության այդ հայտարարությունն ուշագրավ էր Սերժ Սարգսյանի հայտարարության ֆոնին, այն մասին, թե մոտենում է հանրության հետ անկեղծ զրույցի ժամանակը: Սերժ Սարգսյանի հայտարարությունն անշուշտ ուներ մի շարք տողատակեր և դրանցում էականներից մեկը, անկասկած, նախկին իշխող համակարգի միջև հետիշխանական փոխհարաբերությունների խնդիրն է, չնայած նոր իշխանությանը միասնական թիրախ ունենալու հանգամանքին: Իսկ նախկին իշխող համակարգ ասվածը ներառում է ոչ միայն ՀՀԿ-ն, կամ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլ, խոշոր հաշվով, այն լայն քաղաքական սպեկտրը, որի էական մաս եղել է նաև ՀՅԴ-ն, տարբեր տարիներին թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի հետ իր գործակցությամբ:

Այդ գործակցության դրվագները, իհարկե, հանրության համար ծանոթ են, ինչպես բոլոր քաղաքական ուժերի պարագայում, քանի որ խոսքը, մեծ հաշվով, ոչ թե հարյուրամյակի, այլ մոտ քառորդ դարի ներքաղաքական զարգացումների մասին է: Սակայն այստեղ, իհարկե, կարող են լինել մանրամասներ, անշուշտ ոչ միայն ՀՅԴ-ին, այլ գործնականում բոլոր սուբյեկտներին առնչվող, որոնք հանրությանը հայտնի չեն: Իսկ «սատանան», ինչպես անգլիացիներն են ասում՝ մանրուքների, այսինքն նաև մանրամասների մեջ է: Խոշոր հաշվով, հենց այդ տարաբնույթ մանրամասներն են կազմել իշխող նախկին համակարգի ներսում բաժանարար գծերի այն հսկա ցանցը, որի շրջանակում հակասություններն ու հակադրությունները գրեթե գագաթնակետին էին հասել Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում և հատկապես դրա վերջին մի քանի տարիներին:

Կոնկրետ ՀՅԴ-ն այդ տարիներին Սերժ Սարգսյանի կոալիցիոն գործընկերն էր, սակայն հեղափոխության հաղթանակից մի քանի րոպե առաջ հայտարարեց Սերժ Սարգսյանին թողնելու մասին: Հաշվա՞րկ էր դա, թե՞ ինչ-որ իմաստով Սարգսյանի հետ համաձայնություն, եթե նկատի ունենանք նաև այն, որ մի քանի ամիս անց ՀՅԴ-ն դարձյալ Սերժ Սարգսյանի հետ էր՝ հոկտեմբերի 2-ի հանգուցային իրադարձությունների օրը: Ահա այդ կորագծի պայմաններում իրապես հետաքրքիր է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հաջորդում է ՀՅԴ հայտարարությունը գործողությունների մասին: Դա Սարգսյանի հետ գործակցությա՞ն, թե՞ հակառակ միտման դրսևորում է: Որովհետև «անկեղծ զրույցի» վերաբերյալ Սերժ Սարգսյանի ազդը ավելի շատ մտահոգիչ կարող է լինել հին համակարգի սուբյեկտների, քան նոր իշխանության համար: Ըստ այդմ՝ նրանց համար կարող է առաջանալ որոշակի կանխարգելիչ գործողությունների անհրաժեշտություն: Այդ կարգից է լինելու ՀՅԴ գործողությունը, թե ոչ, դա, իհարկե, ցույց կտա ժամանակը: Մյուս կողմից, Հայաստանում, իհարկե, գործնականում ընթանում է քաղաքական դիրքավորումների և վերադասավորումների բավականին աշխույժ փուլ և ամենևին զարմանալի չէ, որ դրանից փորձում է հետ չմնալ նաև ՀՅԴ-ն, առավել ևս, որ ամիսներ առաջ իշխանությանը ցույց տված դեղին քարտը կարծես թե խունացել է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...