GAI

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում դատավոր Գագիկ Պողոսյանը Ճվճվ Արոյի որդի Սերժ Վարդանյանի գործով հրապարակեց անսպասելի դատավճիռ:

Նախաքննական մարմինը Սերժ Վարդանյանին ու նրա ընկերոջը՝ Ռոբերտ Հայրապետյանին մեղադրանք էր առաջադրել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Այս գործը դատարան մուտք էր եղել 5 տարի առաջ՝ 2014 թվականի նոյեմբերին:

Սերժ Վարդանյանի նկատմամբ կիրառված էր գրավ:

Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը «Լադա Պրիորա» մեքենայով երթևեկել են Սարյան փողոցում, երթևեկության ընթացքում «կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այդ թվում՝ Շանթ Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով»:

Միջադեպը տեղի է ունեցել երթևեկության հետ կապված հարցերով: Սերժ Վարդանյանն ու Ռոբերտ Հայրապետյանը, ըստ մեղադրանքի, իրենց մեքենայով խոչընդոտել են «ԲՄՎ»-ի երթևեկությանը, որում գտնվում էր տուժող Շանթը: Վերջինս մեքենայից իջել է՝ իրենց երթևեկությանը խոչընդոտողների հետ «զրուցելու» նպատակով, բայց նրա նկատմամբ բռնություն են գործադրել, փոխադարձ քաշքշուկ է առաջացել: Իսկ երբ ղեկի մոտ նստած Սերժը նկատել է տեղանքում գտնվող ոստիկաններին, մեքենան ընթացքի մեջ է դրել: Այդ ժամանակ, ըստ մեղադրանքի, Ռոբերտը, որ գտնվում էր վարորդի կողքի նստատեղին, շարունակել է բռնած պահել Շանթի ձեռքը, և վերջինիս, փաստորեն, քարշ են տվել ընթացող մեքենայի կողքից:

Ըստ տուժողի՝ իրեն քարշ են տվել մոտ 40 մետր, վնասվել է իր հագուստը, մեջքի ու ձեռքերի շրջաններում ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ…

Ամբաստանյալ Ռոբերտ Հայրապետյանի մասով նրա շահերի պաշտպան, փաստաբան Ասլանյանի միջնորդությամբ ու Ռոբերտ Հայրապետյանի համաձայնությամբ դատարանը նախավերջին նիստում քրեական հետապնդումը դադարեցրեց՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Այս գործի տևական քննության ընթացքում Ռոբերտ Հայրապետյանը հասցրել էր ավարտել մագիստրատուրան, նա սովորում է ասպիրանտուրայում… Միայն թե իր մասով վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով գործի վարույթի կարճում խնդրելով՝ Հայրապետյանը հանդես բերեց շտապողականություն, դա պարզ դարձավ մյուս ամբաստանյալի՝ Սերժ Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Մանվել Գրիգորյանի պաշտպանական ճառից, այնուհետև՝ գործով կայացված վերջնական դատական ակտի հրապարակումից հետո…

Սերժ Վարդանյանի մասով մեղադրող դատախազ Տ. Ենոքյանը հաստատված էր գնահատել առաջադրված մեղադրանքը. խմբի կազմում տուժողի նկատմամբ բռնություն գործադրելով, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը ՝ Վարդանյանը, ըստ մեղադրողի, կատարել էր մեղսագրված խուլիգանությունը:

Դատախազ Ենոքյանը միջնորդել էր Սերժ Վարդանյանին մեղավոր ճանաչել ու դատապարտել 1 տարի ազատազրկման, ավելին՝ նրան կալանքի տակ առնել հենց դատարանի դահլիճում:

Սերժ Վարդանյանի շահերի պաշտպան, փաստաբան Մանվել Գրիգորյանն իր ճառում «փլուզեց» առաջադրված մեղադրանքը: Ընդգծելով, որ անձը կարող է մեղադրվել խուլիգանության համար, եթե խուլիգանությունը կատարվել է ուղղակի դիտավորությամբ, պաշտպանը հիմնավորեց, որ ոչ թե Սերժ Վարդանյանի վարած «Լադա Պրիորան» է խոչընդոտել «ԲՄՎ»-ի երթևեկությանը, այլ տեղի է ունեցել հակառակը՝ «ԲՄՎ»-ն է խոչընդոտել «Լադայի» երթևեկությանը: Դրանից հետո էլ «ԲՄՎ»-ի կին վարորդի կողքին նստած երիտասարդը մեքենայի դուռը բացել ու ինչ-որ բան է գոռացել, ապա ձեռքի շարժումով կանգնեցրել է Սերժի վարած մեքենան:

Պաշտպանն ընդգծեց՝ ուրիշ բան, եթե ամբաստանյալները նախաձեռնեին «ԲՄՎ»-ի կանգնելը, իրենք իջնեին մեքենայից ու պարզաբանում պահանջեին, բայց «Լադան» կանգնեցրել ու «ԲՄՎ»-ից իջել էր տուժողը, մոտեցել էր «Լադային» և բաց պատուհանից մարմնի կեսի չափով մտնելով մեքենայի մեջ, քաշքշել էր վարորդի կողքին նստած Ռոբերտին:

Գործի քննությամբ, ըստ պաշտպանի՝ հիմնավոր ապացույց ձեռք չի բերվել, որ Ռոբերտը մեքենայի ներսից բռնած է պահել տուժողի ձեռքը, և որ այդ պատճառով է տուժողը քարշ եկել ընթացող մեքենայի կողքից:

Դատաբժիշկ փորձագետն ընդունել է՝ եթե տուժողն ինքը դրսից բռնած լիներ շարժվող մեքենայի դռան որևէ դետալից, ապա կարող էր շարժման ընթացքում մեքենայի կողքից քարշ գալու դեպքում ստանալ այն վնասվածքները, որոնք ստացել է: Իսկ եթե տուժողի ձեռքը «Լադայի» ներսից բռնած լինեին, ապա մեքենայի կողքից քարշ գալու դեպքում մեքենայի կիսով չափ բարձրացված ապակին կվնասեր ձեռքը՝ կտրվածք կամ կոտրվածք կարող էր առաջացնել, մինչդեռ նմանատիպ վնասվածք տուժողը չի ստացել…

Պաշտպանն ընդգծեց՝ վիճաբանությունն ու քաշքշուկն առաջացել են հենց տուժողի նախաձեռնությամբ, շարժվող մեքենայի կողքից տուժողը քարշ է եկել, ստացվում է՝ դարձյալ իր նախաձեռնությամբ՝ քանի որ բռնվել է մեքենայի դռան դետալից: Իսկ Սերժ Վարդանյանը, փաստաբանի պնդմամբ, բոլորովին չի ցանկացել, որ աղմուկ կամ վիճաբանություն լինի, նա, տեսնելով, որ երիտասարդը ագրեսիվ է տրամադրված, գործի է գցել մեքենան ու շարժվել է, ցանկացել է հեռանալ, նա չգիտեր, որ տուժողը բռնած կլինի մեքենայի դուռը ու քարշ կգա մեքենայի կողքից: Վարդանյանը մեքենայով ընդամենը ձախ շրջադարձ է կատարել. «Ձախ շրջադարձ կատարելը խուլիգանությո՞ւն է»,- տարակուսեց պաշտպանը:

Պաշտպանը եզրահանգեց, որ դեպքը կատարվել է տուժողի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում, նրա վարքագծի պատճառով, դեպքը, ըստ պաշտպանի, նույնիսկ «խուլիգանություն» հանցարարքի չի վերածվել: Ամբաստանյալները մեքենայով հեռացել են:

Պաշտպանը միջնորդեց՝ Սերժ Վարդանյանի նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ՝ հանցակազմի բացակայության հիմքով, քանի որ գործով անհերքելի բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել, որ ընդհանրապես կատարվել է խուլիգանություն, և որ Սերժ Վարդանյանն ուղղակի դիտավորությամբ, տուժողի նկատմամբ բռնություն գործադրելով՝ կատարել է խուլիգանություն:

Դատարանը հրապարակեց դատավճիռը: Սերժ Վարդանյանը խուլիգանության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ճանաչվեց անպարտ և արդարացվեց: Դատարանը կայացրեց արդարացման դատավճիռ՝ հանցակազմի բացակայության հիմքով: Նույնիսկ պաշտպանական կողմի համար էր ինչ-որ տեղ անսպասելի…

Հավելենք, որ Սերժ Վարդանյանի վերաբերյալ ևս մեկ քրեական գործ՝ Աֆրիկյանների ռեստորանում կատարված խուլիգանության մեղադրանքով, քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի կողմից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...