Vova Gasparyan

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ընթանում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, նրա եղբոր՝ Գոռ Համբարձումյանի, ու ևս վեց ամբաստանյալների՝ Արմենակ Հակոբյանի, Գոռ Խաչատրյանի, Հարություն Հակոբյանի, Արմեն Մամուլյանի, Կարեն Օհանյանի, Մարատ Պողոսյանի գործի դատական քննությունը:

Ութ ամբաստանյալներն էլ ազատության մեջ են, մի մասի, այդ թվում՝ Համբարձումյան եղբայրների նկատմամբ կիրառված է գրավ, մյուսների խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է:

Այս գործի մեջ միավորված են Թավշյա հեղափոխության օրերին ցուցարարների դեմ իրականացված բռնությունների, խուլիգանության, գույքի վնասման մի քանի դրվագներ:

Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Համբարձումյանը 2018 թվականի ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ «դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և զուգորդվել է նույն օրը, ժամը 19-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով երթ կազմակերպած քաղաքացիների նկատմամբ՝ նախապես իր հետ վերցրած զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով ու գույք ոչնչացնելով»:

Ըստ մեղադրանքի՝ Գոռ Համբարձումյանը 2018 թվականի ապրիլի 16-ին հասարակական կարգը խախտելու դիտովարությամբ խմբի կազմում բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել… առանց պատճառի 5 րոպե տևողությամբ հայհոյանքներ է հնչեցրել Երևանի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկը փակած ցուցարարների հասցեին, որի ընթացքում «բռնություն գործադրելով՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել նրանց»:

Նույն խաչմերուկում կատարած համանման արարքի համար մեղադրանք է առաջադրված նաև Հարություն Հակոբյանին:

Արմեն Մամուլյանը, Կարեն Օհանյանը, Գոռ Խաչատրյանն ու Արմենակ Հակոբյանը մեղադրվում են Երևանի Էրեբունի և Նոր Արեշի 26-րդ փողոցի հատման վայրում մի խումբ այլ անձանց հետ անհայտ անձի կազմակերպած, բռնությամբ ու գույքի վնասմամբ ուղեկցված զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

Ըստ մեղադրանքի՝ Մարատ Պողոսյանը քննությամբ չպարզված անձանց հետ Նորագավիթ թաղամասի վերջնամասում՝ ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ, Սարգիս Ս.-ի կողմից վարած «Մազդա» մեքենային խուլիգանական մղումներով ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել, 150 հազար դրամ գույքային վնաս է պատճառել:

Գոռ Խաչատրյանին, Արմենակ Հակոբյանին, Կարեն Օհանյանին, Արմեն Մամուլյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ մասով: Դավիթ և Գոռ Համբարձումյաններին, Հարություն Հակոբյանին ու Մարատ Պողոսյանին մեղադրանք է առաջադրված խմբի կողմից կատարված խուլիգանության համար:

Դատարանը քրեական գործում առկա, մեղադրանքի կողմից վկայակոչված ապացույցների հետազոտության փուլում է:

Դատական նիստին ուշացումով ներկայացան երկու տուժողներ՝ Արամ Բ.-ն ու Աբրահամ Ի.-ն, ովքեր առաջին անգամ էին ներկայանում դատարան:

Գործով տուժողները մեկ տասնյակից ավելի են, նրանցից տասնմեկը այս նիստի վերաբերյալ պատշաճ ծանուցվել էին:

Դատարանը հրապարակեց ու հետազոտեց տեսագրությունների զննման մի քանի արձանագրություն՝ ոստիկանության ծառայողների մասնակցությամբ: Զննության ընթացքում ոստիկանության ծառայողները ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրողների մեջ մատնացույց էին արել նրանց, ում ճանաչել էին: Հիմնականում ճանաչել էին Գոռ Խաչատրյանին, Դավիթ և Գոռ Համբարձումյաններին…

Դավիթ Համբարձումյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանը հետազոտված արձանագրությունների վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, թե զննությունների մասնակից գործով վկաները ոստիկանության աշխատողներ են, նրանք դեպքի վայրում կատարել են իրենց ծառայողական պարտականություններն ու նրանց հարցաքննելու իրավաչափության հարցը դեռ պիտի քննարկվի:

Մեղադրող դատախազ Հայկ Խաչատրյանը ի պատասխան ասաց, թե հիշյալ ոստիկանները հասարակական կարգի պահպանություն են իրականացրել, որևէ այլ գործողություն դեպքի վայրերում չեն կատարել, հետևաբար՝ անհասկանալի է՝ նրանց հարցաքննելու արգելքը ինչո՞ւմ է կայանում:

Հրապարակվեց Մասիսի բժշկական կենտրոնում քննիչի կողմից կատարած «ուսումնասիրության արձանագրությունը», համաձայն որի՝ «ուսումնասիրվել է» համապատասխան մատյանը, որտեղ գրանցում կար, թե 2018 թվականի ապրիլի 22-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել Էջմիածնի քաղաքացի Մկրտիչ Մ.-ն՝ 1958 թ. ծնված՝ աջ սրունքի փափուկ հյուսվածքների հրազենային թափանցող վնասվածքով:

Պաշտպան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ «ուսումնասիրություն» գործողություն օրենքով նախատեսված չէ, հետևաբար հիշյալ արձանագրությունն անթույլատրելի ապացույց է:

Մեղադրող Հ. Խաչատրյանը պատասխան հայտարարությամբ նշեց՝ քննիչը նյութ է պահանջել, ստացել է, այդ նյութի՝ բժշկական կենտրոնի մատյանի մեջ առկա են եղել տեղեկություններ, որոնց ուսումնասիրության վերաբերյալ կազմվել է արձանագրություն՝ արձանագրվել են նյութի մեջ պարունակվող տեղեկությունները՝ զննություն անվանվի այն, թե ուսումնասիրություն:

Պաշտպան Տ. Աթանեսյանն առարկեց՝ նշելով, թե «տարածական մեկնաբանությունը տվյալ դեպքում պետք է բացառվի, ընթացակարգային որևէ խախտում բացառում է ապացույցի օգտագործումը:

Հրապարակվեց զննության արձանագրություն: Զննությունը կատարվել էր Հայանիստ համայնքի ղեկավարի մասնակցությամբ: Հայանիստ գյուղի խաչմերուկում կատարված անկարգությունների ժամանակ նետված քարերի հարվածներով անզգուշությամբ վնասվել էր նաև տվյալ վայրում կայանված «Շևրոլե» մեքենան:

Հրապարակվեց զննության արձանագրություն տուժող Արամ Բ.-ի մասնակցությամբ: Զննվել է Արամ Բ.-ին պատկանող «երկնամոխրագույն» «07»-ը՝ դիմապակու վնասվածքով: Մեքենան, ըստ Արամ Բ.-ի, վնասվել էր Հայանիստ գյուղի խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ:

Պաշտպանական կողմը թեթև քննարկման առարկա դարձրեց քննիչի կողմից արձանագրված մեքենայի գույնը՝ «երկնամոխրագույնը»:

Հրապարակվեց զննության արձանագրություն՝ Նորագավիթ թաղամասի սկզբնամասում տեղակայված ճանապարհային ոստիկանության հենակետի մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վնասվել էր «Մազդա» մեքենա:

Հրապարակվեց զննության արձանագրություն՝ Հայանիստ գյուղի «լուսացույցի խաչմերուկում» դեպքի պահին Հովհաննես Բ.-ն երթևեկել էր իր «Նիսան Մարչ» մեքենայով, անհայտ անձինք մոտեցել ու փորձել էին խլել նրա բջջային հեռախոսը: Երբ Հովհաննեսը հեռախոսը չէր տվել, ձեռքով հարվածել էին նրա աչքին, ոտքով՝ մեքենային: Վնասվածքներ էին ստացել թե՛ մեքենատերը, թե՛ մեքենան:

Հրապարակվեցին դատաբժշկական մի շարք փորձաքննությունների եզրակացություններ: Գործով տուժողների մի մասը անկարգությունների ընթացքում ստացել էր առողջության թեթև վնաս՝ կարճատև քայքայումով: Տուժողների մի մասը դատաբժշկին ներկայացել էին դեպքերից օրեր անց, նրանց ստացած վնասվածքները, եթե այդպիսիք եղել էին, կարող էին ապաքինված լինել, այդ տուժողների մոտ որևէ մարմնական վնասվածք չի արձանագրվել:

Մեկ տուժող՝ Էջմիածնի բնակիչ Մկրտիչ Մ.-ն, ստացել էր աջ սրունքային շրջանի հրազենային միջանցիկ վնասվածք, նրա առողջությանը պատճառվել էր միջին ծանրության վնաս:

Հրապարակվեցին դատաապրանքագիտական փորձաքննությունների եզրակացություններ՝ վնասված մեքենաներին պատճառված վնասներ չափի վերաբերյալ:

Պաշտպանական կողմի միջնոդությամբ հրապարակվեցին երկու փաստաթուղթ՝ արձանագրություն՝ «Յութուբից» տեսանյութեր ներբեռնելու վերաբերյալ և փորձաքննության եզրակացություն, համաձայն որի՝ ներբեռնված տեսանյութերն ամբողջական են, դրանց ավելացված հատվածներ առկա չեն, նաև՝ «այդ տեսանյութերում անձանց պատկերները պիտանի չեն նույնականացում կատարելու համար»:

Մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեց անհայտ մնալ ցանկացած երկու քաղաքացու՝ ոստիկանություն կատարած հեռախոսազանգերի, տեղի ունեցած խոսակցությունների ձայնագրությունների զննության արձանագրությունները:

Առաջին արձանագրության համաձայն՝ «անհայտ քաղաքացին», զանգահարելով 1-02՝ ասում է, թե ցանկանում է տվյալներ հաղորդել Էրեբունի և Նոր Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկում 2018 թվականի ապրիլի 22-ի անկարգությունների մասին, որի ժամանակ, ինչպես սոցիալական ցանցերով էին հաղորդել՝ ծեծել էին «ակտիվիստ էրեխու». «Գիտեմ՝ ովքեր են ծեծողները, ուզում եմ ասեմ՝ Մասիսի քաղաքապետը, նրա եղբայր Գոռիկը, Սևակը, Վովայի Արշակի ախպերներ Սաքուլիկն ու Կարենը…»:

Երբ քաղաքացին տալիս է «Վովայի Արշակ» անունը, զանգն ընդունած ծառայողը հարցնում է՝ ո՞ւմ նկատի ունեք: Զանգողն ասում է. «Դուք շատ լավ էլ գիտեք, ինչի՞ եք հարցնում»: Քաղաքացին թվարկում է նաև՝ «նրանց ընկեր Գագիկը՝ Էրեբունիից»:

Զանգն ընդունած ծառայողը հարցնում է՝ թվարկված բոլորը ծեծե՞լ են «ակտիվիստ էրեխուն»: Զանգողը զայրանում է. «Դուք չեք տեսե՞լ, չեմ հասկանում»: Նա շարունակում է թվարկել՝ «Էրեբունիից Վալոդիկը»: Այնուհետև նա ասում է. «Ես ճանաչում եմ բոլորին, վախենում եմ ցուցմունք տամ, Փաշինյանին էլ եմ գրելու…»:

Զանգն ընդունած ծառայողը խնդրում է, որ քաղաքացին հայտնի իր անձնական տվյալները, հակառակ դեպքում՝ «էս ոնց որ թե ապացույց չի, ձեր տվյալները ասեք, ձեր գաղտնիությունն ու ապահովությունը կապահովենք»: Քաղաքացին պնդում է. «Քանի սրանք ստեղ են, վախենալու ա… Գագիկ Ա.-ին գիտե՞ս՝ ինչ լակոտ ա՝ դրանք վտանգավոր են, գործ չունեմ, ես էլ եմ էնտեղ ապրում, չեմ ուզում ուրիշ բան ասեմ, դրանք միշտ Արշակենց տուն են գալիս…»:

Հրապարակված արձանագրությունը ճանաչված է որպես «այլ փաստաթուղթ»:

Պաշտպանական կողմը հայտարարեց՝ դա ապացույց չի, նույնիսկ ոստիկանության ծառայողն է խոսակցության ընթացքում այդ միտքը հայտնել…

Հրապարակվեց ևս մի ահազանգի ձայնագրության զննության արձանագրություն:

Քաղաքացին զանգել է «1-02» և հայտնել, թե Էրեբունի և Նոր Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգություններին մասնակցել են Էրեբունի վարչական շրջանի՝ «թաղապետարանի» մի խումբ աշխատողներ, այդ թվում՝քաղաքացին հնչեցնում է Մամուլյան, Պողոսյան, Մկրտչյան, Սահակյան, Սարգսյան ազգանունները: Քաղաքացին ասում է՝ խնդրում եմ՝ կատարեք քննություն, բայց ես ուզում եմ իմ զանգը անանուն մնա, ես ինֆորմացիա եմ տալիս, դուք ընթացք տվեք… Զանգահարողը հիշատակում է նաև «Էրեբունու թաղապետի» մասին՝ թող նրա մասնակցությունը պարզվի…

Մեղադրանքի կողմը սկսեց հրապարակել ամբաստանյալների անուններով գրանցված բջջային հեռախոսների վերծանումների արձանագրությունները: Մասնավորապես՝ Մասիս քաղաքի բնակիչ, ամբաստանյալ Արմենակ Հակոբյանի անունով գրանցված հեռախոսը Էրեբունի և Նոր Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկում կատարված անկարգությունների օրը սպասարկվել է Էրեբունու տարածքը սպասարկող ալեհավաքների կողմից:

Արմենակ Հակոբյանն ասաց, թե տվյալ հեռախոսահամարը օգտագործել է իր սպորտսմեն տղան, որը դեպքի պահին եղել է 16 տարեկան, դեպքի օրերին մնացել է Էրեբունիում ապրող բարեկամի տանը:

Արմենակ Հակոբյանի շահերի պաշտպանը նկատեց՝ տվյալ հեռախոսի վերաբերյալ վերծանումներ պահանջելուց առաջ վարույթն իրականացնող մարմինը չի հետաքրքրվել՝ անձը այլ հեռախոսահամարներ օգտագործե՞լ է, և կոնկերետ ո՞վ է օգտագործել ստուգված հեռախոսահամարը:

Դատական հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 5-ին, դատարանը կավարտի ապացույցների հետազոտումը ու կանցնի տուժողների հարցաքննությանը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...