Թավշյա հեղափոխությունից հետո, երբ քննություն սկսվեց Մարտի 1-ի գործով, բազմաթիվ տուժած քաղաքացիներ, ականատեսներ, վկաներ Հատուկ քննչական ծառայությունում ցուցմունքներ տվեցին՝ նախաքննությանն աջակցելու նպատակով։ Նրանցից ոմանք Մարտի 1-ին իրենց հետ տեղի ունեցածը ներկայացրեցին նաեւ նախկին ռեժիմին չծառայող լրատվամիջոցներով՝ պատմելով, վեր հանելով այդ օրվա իրադարձությունների՝ շատերի կողմից մոռացված մանրամասներ։

Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվեցինք, թե մինչ օրս քանի՞ հոգի է հարցաքննվել Մարտի 1-ի գործով՝ տուժածներ, վկաներ, ականատեսներ։ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի պատասխանը ներկայացնում ենք ստորեւ։

«Ի պատասխան Ձեր հարցմանը` տեղեկացնում ենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերի համաձայն` նշված դեպքերի ժամանակ վնասվածքներ են ստացել 238 անձինք:

Քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են 1000-ից ավելի անձինք:

Ինչ վերաբերում է ցուցմունքներին, ապա հայտնում ենք հետևյալը. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով քննիչը քրեական գործով հավաքված ապացույցները բավարար համարելով` կազմում է մեղադրական եզրակացություն, որն ուղարկվում է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հետևաբար վերը նշված գործով ևս, ձեռք բերված ապացույցները, որոնց թվում են նաև ցուցմունքները, քննիչի և նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից բավարար են գնահատվել` մեղադրական եզրակացություն կազմելու և 4 մեղադրյալի վերաբերյալ քրեական գործը դատարան ուղարկելու համար»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...