«Մեզ մեքենայից դուրս քաշեցին, պառկըցրին ասֆալտին…». Արտյոմ Կանևսկոյի գործով նոր մանրամասներ

- in Սոցիալական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց քրեական աշխարհում որպես Արտյոմ Կանևսկոյ հայտնի Արտյոմ Հարությունովի գործի դատական քննությունը:

Արտյոմ Հարությունովին մեղադրանք է առաջադրված ապօրինի զենք, զինամթերք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

Նրա խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է:

Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Հարությունովն իր կողմից օգտագործվող զրահապատ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է մեկ այլ անձի` Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակոցներ կատարելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնալից կարաբին՝ պահեստատուփով լիցքավորված, ինչպես նաև՝ կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 30 հատ գործարանային արտադրության փամփուշտներ ու մեկ հատ պահեստատուփ՝ լիցքավորված՝ կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 20 հատ գործարանային արտադրության փամփուշտներով:

Թվարկված զենքն ու զինամթերքը հայտնաբերվել են Արտյոմ Հարությունովի՝ հիշյալ ավտոմեքենայի զննությամբ, Հարությունովին բերման ենթարկելու օրը՝ 2019 թվականի հունվարի 12-ին:

Զննությունը կատարվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության բակում, այն սկսվել է ժամը 23:30-ին և ավարտվել է ժամը 00:10-ին: Մեքենայի զննության մասնակից Ա. Հարությունովը հայտարարել է, թե մեքենան հաշվառված է իր ծանոթ Վիտալի Մ.-ի անունով, սակայն պատկանում է իրեն:

Հարությունովը նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել:

Դատարանում Հարությունովը հայտարարել է, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Դատական այս նիստին դատարան էին ներկայացել ու հարցաքննվեցին ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Հովսեփ Սարգսյանի միջնորդությամբ դատարան հրավիրված վեց վկաներ:

2019 թվականի հունվարի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության իրականացրած՝ ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու գործողության շրջանակներում բացի Արտյոմ Հարությունովից բերման էին ենթարկվել ևս վեց անձ՝ Հարությունովի մորաքրոջ որդին՝ Տիգրան Թ.-ն, որ նրա հետ գտնվել էր «Տոյոտա» մեքենայում, ինչպես նաև հինգ այլ երիտասարդներ՝ Աշոտ Գ.-ն, Ռոման Մ.-ն, Վահագն Գ.-ն, Արթուր Մ.-ն ու Արման Գ.-ն, որոնք նույն օրվա երեկոյան դուրս էին եկել նույն՝ «Գոլդեն Ջիմ» մարզասրահից, որտեղից դուրս էին եկել նաև Արտյոմ Հարությունովն ու նրա մորաքրոջ որդի Տիգրանը: Հիշյալ հինգ երիտասարդներն ուրիշ մեքենայով էին ու իրենց հավաստիացումներով՝ ոչ մի առնչություն չունեին Հարությունովի հետ:

Երիտասարդները նախաքննական մարմնի կողմից հարցաքննվել, բայց չէին ընդգրկվել դատակոչի ցուցակի մեջ:

Պաշտպանը պնդել էր, որ այդ երիտասարդները հրավիրվեն դատարան ու հարցաքննվեն, քանի որ նրանք կարող են քննության համար կարևոր տեղեկություններ հայտնել իրենց բերման ենթարկելու և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ՝ արդյո՞ք գործողությունները կատարվել էին օրենքի սահմաններում:

Ըստ պաշտպանի՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ գլխավոր վարչությունում կատարվել էին գործողություններ, որոնք պայմանավորված էին իր պաշտպանյալի՝ Հարությունովի անձով:
Հիշյալ հինգ երիտասարդները դատարանում հայտնեցին, որ իրենցից երկուսը՝ Վահագնն ու Ռոմանը, օրինական գրանցված զենք ունեին: Տվյալ օրը նրանք մարզասրահ էին եկել իրենց օրինական զենքերով, քանի որ ցանկանում էին պարապմունքից հետո գնալ որսի կամ՝ պարզապես կրակելու՝ դեռ կոնկրետ չէին որոշել:

Ներկայացած բոլոր վկաները առարկեցին լրատվամիջոցներից մեկի կողմից նիստի տեսանկարահանման դեմ, մեկն ասաց, թե «հաճելի կլինի, որ տեսագրություն չլինի»:

Հինգ երիտասարդները պնդեցին, որ Արտյոմ Հարությունովի հետ մտերիմ չեն եղել, հանդիպել են մարզասրահում՝ պարապմունքների ժամանակ, ոմանք նշեցին, թե «հարգանք» են տածել Հարությունովի նկատմամբ ու նրա հետ «բարև-բարլուս» են ունեցել միայն:

2018 թվականի հունվարի 12-ին մարզասրահում պարապմունքներն ավարտելուց հետո այս երիտասարդները նստել են մեքենա, որը վարում էր Աշոտը: Հրաչյա Քոչար փողոցում մեքենան կանգնեցրել են, որ քննարկեն՝ ուր են գնալու՝ կրակելո՞ւ, թե՞ որսի:

Այդ ժամանակ իրենց մեքենայի մոտ կանգնել է մի մեքենա: Դիմակավոր անձինք, առանց ներկայանալու, բացել են իրենց մեքենայի դռներն ու իրենց դուրս են նետել մեքենայից, «պառկըցրել են» գետնին՝ ոմանց՝ «գազոնին», ոմանց էլ ուղղակի ասֆալտին (նախկին իշխանությունների օրոք նույնպես «ասֆալտին պառկըցնելը» ընդունված էր):

Այնուհետև բոլորին ձեռնաշղթա են հագցրել, «կոխել են» «Գազել» մեքենա ու տարել են «6-րդ վարչություն»:
Յուրաքանչյուրին տարել են առանձին սենյակ ու միայն այդ ժամանակ են տեղեկացրել, որ գործողությունն ուղղված է ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելուն:

Հիշյալ հինգ վկաներն ասացին, որ «6-րդ վարչության բակում կամ ներսում» չեն տեսել Արտյոմ Հարությունովին կամ նրա վարած մեքենան: Իրենք տեղակ չեն եղել, որ նույն օրը, համարյա նույն ժամերին այդ վարչությունում է գտնվել նաև Արտյոմ Հարությունովը: Հետագայում համացանցից են տեղեկացել, որ Հարությունովը այդ գործողության շրջանակներում բերման ենթարկվելով՝ ձերբակալվել է:

Հինգ երիտասարդները նշեցին, որ «6-րդ վարչությունում» գտնվել են 2018 թվականի հունվարի 12-ի ժամը 22-ն անց 30-ից մինչև հունվարի լույս 13-ի գիշերվա ժամը 3-4-ը: Այս ընկերախմբից՝ Աշոտը, ով եղել է մեքենայի ղեկին, իջեցվել է բակ, մասնակցել է մեքենայի զննությանը, որն իրականացվել է ընթերակաների մասնակցությամբ: Աշոտն իր ձեռքով է բացել ընկերների պայուսակները, որոնցից երկուսի միջից հայտնաբերվել են զենքեր, բայց դրանք Ռոմանի ու Վահագնի օրինական զենքերն էին, առկա էին համապատասխան փաստաթղթեր: Այս ընկերախմբի մոտ ու նրանց տեղափոխող մեքենայում ապօրինի զենք-զինամթերք չի հայտնաբերվել: Նրանց հարցրել են՝ ճանաչո՞ւմ են Արտյոմ Հարությունովին՝ Կանևսկի մականունով, ընկերախումբն ասել է, որ նույն մարզասրահում են մարզվում, բայց շփում չունեն:

Հարցաքննվեց նաև Արտյոմ Հարությունովի մորաքրոջ որդի Տիգրանը, ով բերման ենթարկելիս եղել էր Հարությունովի հետ: Տիգրանն ասաց, թե այդ օրը մարզասրահ էր գնացել՝ այնտեղի բժիշկների հետ խորհրդակցելու, քանի որ ունի առողջական խնդիր, 2-րդ խմբի հաշմանդամ է:

Մարզասրահից դուրս են եկել, նստել են Արտյոմի վարած «Տոյոտան», որը ռուսական համարանիշով էր: Տիգրանը նշեց, թե մեքենա նստելով՝ զենք-զինամթերք չի տեսել, չի էլ իմացել, որ Արտյոմի ծանոթ Մյասնիկը մեքենայի մեջ զենք է դրել, եթե իմանար կամ տեսած լիներ, կարգելեր, կասեր՝ ի՞նչ ես անում, տղա՛ ջան:

«Կրպակ» խանութի մոտակայքում իրենց մեքենային են մոտեցել դիմակավոր անձինք, «գազանաբար հարձակվել», բացել են մեքենայի դռները, իրենց պառկեցրել են գետնին: Բայց իմանալով, որ ինքը հաշմանդամ է, օգնել են, որ վեր կենա, ապա օգնել են, որ նստի ոստիկանական մեքենա: Փորձել են իր ձեռքերին ձեռնաշղթա հագցնել, բայց ձեռնաշղթան փոքր էր, չեն կարողացել, իրեն բերման են ենթարկել առանց ձեռնաշղթայի:

Արտյոմի մեքենան մնացել է այնտեղ, որտեղ կանգնած էր՝ նույնիսկ շարժիչը անջատված չէր:

Նույն մեքենայով բերման է ենթարկվել նաև Հարությունովը, ճանապարհին իրենք չեն հաղորդակցվել, իրենց չեն բացատրել, թե ինչու են բերման ենթարկում: Իրեն տարել են ահաբեկչության դեմ պայքարի բաժին, ինքը, դա իմանալով, ասել է՝ սխալ տեղ եք բերել: Ինքը փաստաբան է պահանջել, բայց իրեն չեն տրամադրել, ասել են՝ շուտով բաց ենք թողնելու, փաստաբանը գա ի՞նչ անի…

Տիգրանն ասաց, որ վարչությունից դուրս գալիս Արտյոմի մեքենան տեսել է բակում: Իր ներկայությամբ մեքենան չի զննվել:

Տիգրան Թ.-ն վարչությունում գտնված ժամանակ հրաժարվել է բացատրություն տալուց, չի պատասխանել հարցերին, բայց ոստիկանների հետ հաղորդակցվել է «Աստվածաշնչի վերաբերյալ»:

Տիգրան Թ.-ն նախաքննության ընթացքում ևս հրաժարվել էր ցուցմունքներ տալուց՝ պնդելով, թե Հարությունովի ազգականն է, հրաժարվում է նրա դեմ ցուցմունք տալ: Վկան ասաց, թե վստահություն չունի որևէ կառույցի նկատմամբ, դրա համար էլ ցուցմունք չի տվել:

Նախագահողը տեղեկացրեց, որ պաշտպանի միջնորդած ևս մի վկային՝ Արթուր Մ.-ին ուղարկված ծանուցումը վերադարձվել է՝ «տեղափոխվել է» մակագրությամբ:

Քանի որ վկան դատարան էր հրավիրվել ամբաստանյալի շահերի պաշտպանի միջնորդությամբ, նախագահողը պաշտպան Հ. Սարգսյանին հորդորեց հնարավորության դեպքում պարզել վկայի բնակության վայրի հասցեն ու տեղեկացնել հաջորդ նիստի օրվա ու ժամի մասին:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 20-ին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...