Մերժված պլաններ. Կարեւոր հիշեցում Եվրոպայից

- in Կեղտոտ լվացք

Սերժ Սարգսյանը Զագրեբում տեղի ունեցած ԵԺԿ համագումարում հայտարարել է, թե իրեն մտահոգում է Արցախի հարցի բանակցային գործընթացի ներկայիս փուլը: Նա դիմել է նաեւ Բաքվին, ասելով, թե Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում եւ խնդիրը չունի ռազմական լուծում:

Հետաքրքիր է, որ բանակցային գործընթացի մտահոգիչ փուլի մասին է խոսում մարդ, որը իր նախագահության շրջանում բանակցել է կազանյան պլանն ու խոստովանել առնվազն երկու անգամ, որ պատրաստ է եղել սորագրել մի տարբերակի ներքո, որտեղ Ադրբեջանը ստանում էր 5-7 շրջան, սակայն չէր հստակեցվում Արցախի կարգավիճակը:

Ի՞նչն է հիմա մտահոգում Սերժ Սարգսյանին: Ի՞նչ տեղեկություն նա ունի ներկայիս փուլից, ո՞րն է մտահգության հիմքը, կամ ո՞վ է մտահոգիչ տեղեկատվության աղբյուրը: Այդ աղբյուրը հայկակա՞ն կողմից է, որեւէ համանախագահ երկրի՞ց, թե ադրբեջանական կողմից:

Եթե կա մտահոգություն, ապա Սերժ Սարգսյանը պետք է բարձրաձայնի այն շատ կոնկրետ, ընդ որում հստակ փաստարկի, ոչ թե մեկնաբանության կամ վերլուծության հիման վրա, ինչպես անում են նրա անունից շատ խոսողներ:

Մյուս կողմից, Սարգսյանը գուցե կիրառում է այլ մարտավարություն եւ փորձում է հանրային տիրույթում հնարավորինս շատ ստեղծել այդ բանակցված պլանները հիշելու առիթներ: Դրանք հանրային դիրքորոշման կարծրացման բավական լավ խթան են, չնայած կան իհարկե որոշակի խմբեր, որ ի տարբերություն Սերժ Սարգսյանի՝ սկսում են մտահոգվել անկեղծ: Սակայն, դրանք թերեւս այն խմբերն են, որոնք այսպես թե այնպես մտահոգության դիրքերում էին:

Այդպիսով, որքան Սերժ Սարգսյանը մտահոգություն է հայտնում Արցախի հարցում, այնքան նրան ավելի հաճախ ու բարձրաձայն է Հայաստանի հանրությունը հիշեցնում այն պլանների մասին, որոնք բանակցվել են Հայաստանի եւ Արցախի անվտանգության համար խորքային սպառնալիքներով: Ւսկ որքան բարձր է Հայաստանի հանրությունը հիշեցնում այդ պլանները Սերժ Սարգսյանին, այդքան հանրության ձայնն ավելի լսելի է լինում այդ պլանների տարբեր հեղինակներին:

Ի դեպ, խորհրդանշական է նաեւ, որ Սարգսյանը իր ուղիղ խոսքով հիշեցումը խթանում է Եվրոպայից, ուր՝ Բեռլին, մեկնել ու կարեւոր հայտարարություններ էր արել նաեւ ապրիլյան քառօրյայի հրադադարի մասին մոսկովյան պայմանավորվածությունից մեկ օր անց: Պայմանավորվածություն, որ ձեռք էր բերվել Հայաստանի ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի եւ Ադրբեջանի ԳՇ պետի միջեւ, իսկ դրա առիթով Սերժ Սարգսյանն ամիսներ անց Կիսելյովի հետ հարցազրույցոմ ասել էր, թե տեղյակ չէ նրանց քննարկման մանրամասներին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...