«Համոզված եմ, որ այս դահլիճում նստածները բոլորը գիտեն, ոչ չկան ոչ հիմքեր, ոչ պայմաններ՝ ինձ կալանքի տակ պահելու համար»,- այսօրվա դատական նիստում ասաց Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը:

Նա նշեց, որ սա ուղղակի հետևանք է Հայաստանում մի գործընթացի, որն իրեն թիրախավորել է որպես նշանակված մեղավոր:

«Հատկապես Սահմանադրական դատարանի շուրջ այս վերջին իրադարձությունները հաշվի առնելով՝ հասկանում եմ, թե ինչ իրավիճակում են հայտնվել դատավորները, երբ մի կողմից ֆեմիդայի կշեռքի վրա դնում են իրենց խոցելիությունը իշխանությունների առջև, դատախազության, իրավապահների առջև, իսկ ֆեմիդայի մյուս նժարի վրա դնում են իրենց արժանապատվությունը, արհեստավարժությունը, խիղճը: Ուղղակի մարդիկ պետք է հիշեն, թե վերջին անգամ իրենց տանիքը երբ են նորոգել կամ միգուցե մի հինգ տարի առաջ մի սառնարան են առել, որի կտրոնը պահել են կամ չեն պահել, և վաղը-մյուս օրը հարցեր կտան, որոնց պատասխանը ոչ մի կերպ չեն կարողանալու տալ: Արդյունքը ավելի շատ լինում է դատավորի խոցելիության աստիճանից բխող: Ցավոք, սա է իրականությունը»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ ըստ էության կան շենքեր, դատախազներ, դատավորներ, այն ամենը, ինչ կոչվում է արդարադատություն, բայց չկա արդարադատություն: «Իմ նկարագրած սխեմայի մեջ արդարադատությունը գոյություն չունի: Կան մարդիկ, բայց չկա արդարադատություն»,- հավելեց նա:

Քոչարյանը դիմեց Մարտի մեկի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին. «Հասկանում եմ, որ նաև դուք եք այդ վիճակում և ստիպված եք լինելու գնահատել նաև սեփական խոցելիությունը»:

Դատավորը նրան նկատողություն արեց, հորդորեց ելույթ ունենալ բացառապես քննարկվող հարցի շուրջ:

«Հենց սա է քննարկվող հարցը»,- շարունակեց Քոչարյանը:

Նա ասաց, որ իր համար տհաճ է կանգնել դատարանի առաջ և փորձել համոզել, որ փախչելու ու քննությանը խոչընդոտելու մտադրություն չունի: «Այստեղ նստողներից ոչ մեկը ոչ փախնող է, ոչ խոչընդոտող, մարդիկ ամբողջ կյանքում առաջնորդվել են միայն արժանապատվությամբ ու հայրենասիրությամբ: Ես ստիպված պետք է կրկնեմ, որ չեմ խոչընդոտելու, որ արդարադատությունից խուսափելու մտադրություն չունեմ: Ես ամենից շատն եմ շահագրգռված այս դատավարության մեջ, արդար դատավարության մեջ»,- հավելեց Ռոբերտ Քոչարյանը:

Նա ասաց, որ խոչընդոտելու սուբյեկտը չկա այս գործով: «Ես չեմ կարող տասը տարի անց արտակարգ դրության իմ հրամանագիրը փոխել, դա պատմական փաստ է, չեմ ժխտում, այո, ստորագրել եմ: Եվ չեմ կարող փոխել նաև այդ հանդիպումը: Եվ այդ հանդիպման 15 ցուցմունքից գրեթե բոլորի հետ, բացի մի մարդու մի նախադասությունից, բոլորի հետ համաձայն եմ: Այսինքն՝ չկա սուբյեկտը: Իրենց տեսակով ու բնավորությամբ այս թևում նստած մարդիկ նույնիսկ թույլ չեն տա իրենց որևէ մեկին դիմել մի հարցով, որով իրենք ինչ-որ չափով նվաստացնելու են իրենց սեփական արժանապատվությունը: Ես չեմ պատկերացնում, թե ես ոնց պետք է մեկ վկային ասեմ՝ ցուցմունքդ լավ չէ, մի քիչ սենց ռետուշ արա, ամոթից կմեռնեմ: Ես այս տեսակի մարդկանց չեմ հանդիպել իմ կյանքում, չեմ շփվել, ես չգիտեմ՝ դատախազներն իրենք այդպես են մտածում, թե ուղղակի իրենց գործն են անում, բայց այդ տեսակն ինձ համար անծանոթ տեսակ է»,- ասաց Քոչարյանը:

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ գործով մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը պետք է փոխարինվի գրավով:

Այսօրվա դատական նիստում Սեյրան Օհանյանն ասաց, որ մի քանի հանգամանքներից ելնելով՝ դատարանը պետք է փոխի խափանման միջոցը: «Առաջին հերթին պետք է հաշվի առնել հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անհավասար պայմաններում գտնվելու հանգամանքը: Մեծ հարգանք տածելով այս դահլիճում նստած անձանց նկատմամբ, ովքեր իրենց հարազատներին կորցրել են Մարտի 1-ին, բայց ես պետք է ասեմ հետևյալը, որ այս հոդվածի քննարկումը կապ չունի որևէ տուժողի հետ: Տուժողների՝ ներգործության հետևանքով իրենց հարազատներին կորցնելու հարցն այսօր այստեղ չի քննարկվում»,- ասաց նա:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ եթե խոսում ենք Մարտի 1-ի իրադարձության մասին, ապա այն հենված է այն հոդվածի վրա, որը դրված է այս քրեական գործի հիմքում: «Հենված է հանրապետության երեք նախագահների գործունեության վրա: Մեկ նախագահն ընտրվել էր, մյուս նախագահը չէր ընդունում, և երրորդ նախագահը պետք է կարգ ու կանոն հաստատեր հանրապետությունում և այդ ամենն ինչ-որ կերպ փոխանցեր հաջորդ ընտրված նախագահին: Այս պայմաններում ես, հարգանք տածելով նաև մյուս նախագահների նկատմամբ, գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը անհավասար պայմաններում է գտնվում, նամանավանդ հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված այն տեղեկատվական մեծ իրադրությունը, որ կարծես թե բոլորը կողքից նայում են ու հրճվում, թե ինչպիսի պայմաններում է գտնվում հանրապետության երկրորդ նախագահը»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար, ոչ մի խոստում, որը նախկինում տրվել է, օդում կախված չի մնացել: «Դա ինձ համար միայն ու միայն հիմնավորում է այն, որ եթե Ռոբերտ Քոչարյանը խոսք է տվել, ուրեմն ինքն իր խոսքը կատարելու է: Այս ժամանակահատվածում մենք բոլորս հարցաքննվել ենք թե վկայի, թե մեղադրյալի կարգավիճակում: Ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ նրա հարզատներից որևէ մեկը, ոչ ես այն հազարավոր զինվորականները, որոնք քննվել են քրեական գործով, թեկուզ մեկ զանգ չենք արել նրանց և ասել՝ ձեր այս կամ այն ասածը փոխեք: Հաշվի առնելով այս ամենը՝ ես կողմ եմ պաշտպանության կողմի միջնորդությունը»,- ասաց Օհանյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօրվա դատական նիստում կրկին միջնորդություն են ներկայացրել, որպեսզի Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինվի գրավով:

Մարտի մեկի գործով դատավորն անցավ խորհրդակցության սենյակ՝ որոշում կայացնելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ: Դատական հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 7-ին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...