Մոսկվայից զգուշացում Սերժ Սարգսյանին. նշանային ձերբակալություն

- in Հրապարակ

Ռուսաստանում ձերբակալվել է Լեւոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովը, որը Հայաստանի նախկին իշխող համակարգի նշանային օդիոզ դեմքերից էր, աղմկոտ մի շարք պատմությունների մասնակից:

Լեւոն Սարգսյանին ձերբակալել են ռուսական Զելենոգրադ քաղաքում: Ըստ Հայաստանի իրավապահների հաղորդագրության, ձերբակալությունը տեղի է ունեցել Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության եւ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ջանքով:

Ալրաղացի Լյովին մեղադրում են Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա հարձակումը կազմակերպելու համար:

Լեւոն Սարգսյանի անունը շրջանառվել է նաեւ մարտիմեկյան դեպքերի համատեքստում: Լեւոն Սարգսյանի անունը կար օրինակ հայտնի ցուցակում, որ կազմել էր փաստահավաք խումբը: Այնտեղ օլիգարխների անուններ էին, որոնց թիկնազորերը մասնակցել են մարտիմեկյան գործողություններին՝ ստանալով զենք եւ իրավապահների հանդերձանք:

Իհարկե այդ ցուցակում եղել են նաեւ անուններ, որոնց կրողները ներկայում քաղաքականության եւ բիզնեսի մեջ են, ու բավականին հանգիստ՝ Սամվել Ալեքսանյան, Գագիկ Ծառուկյան, կարծես թե հանգիստ է Մհեր Սեդրակյանը: Ցուցակում եղել են այլ անուններ: Գագիկ Ծառուկյանն օրինակ հերքել է, թե ինքը մասնակցություն է ունեցել այդ ամենին եւ նույնիսկ հայտարարել, թե իրեն դրա համար մեղադրանք ներկայացնելը անբարոյություն է:

Այդ ցուցակի հետ կապված ինչ ունի քննությունը, հայտնի չէ, գոնե առայժմ:

Կարո՞ղ է արդյոք Ալրաղացի Լյովի ձերբակալությունը այդ առումով նոր շրջադարձ կամ էջ լինել մարտիմեկյան գործում:

Միաժամանակ, Լեւոն Սարգսյանի ձերբակալության հանգամանքն ուշագրավ է այլ ֆոնին: Նա Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխներից էր: Թերեւս կասկած չկա, որ եթե Ռուսաստանի իրավապահները չցանկանային, Հայաստանի իրավապահ համակարգը հազիվ թե կարողանար Ռուսաստանում կազմակերպել Ալրաղացի Լյովի ձերբակալությունը:

Իհարկե, անհրաժեշտ է տեսնել, թե ինչպե՞ս կլուծվի արտահանձնման հարցը: Սակայն ձերբակալման փաստն ինքնին հատկանշական է Սերժ Սարգսյանի վերջին օրերի աշխուժացման ֆոնին, որը տեղի է ունենում արեւմտյան թեքումով: Սարգսյանը հանդիպեց ԱՄՆ դեսպանին՝ պայմանավորվելով «իրական ժողովրդավարության» ուղղությամբ հետագա աշխատանքի մասին, նաեւ մասնակցեց Խորվաթիայում տեղի ունեցող ԵԺԿ համագումարին, այնտեղ ունենալով ուշագրավ շեշտադրումներով ելույթ:

Ալրաղացի Լյովի ձերբակալությունը Մոսկվայից նշա՞ն էր Սերժ Սարգսյանին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...