Նազիկ Ամիրյանը հարցաքննվել է

- in Իրավունք

571 միլիոն 166.000 դրամ արժողությամբ գույքի հափշտակության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա ոստիկանության 6-րդ վարչությունում հարցաքննվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ ոստիկանությունն ու դատախազությունը հաղորդագրություն էին տարածել այն մաաին, որ «Հայապակի» ընկերության գույքը առերեւույթ հանցավոր սխեմաներով օտարելու, խարդախությամբ հափշտակելու հանգամանքներ են ի հայտ եկել։

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ կառավարության 2001 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Բյուրեղավանում գտնվող «Հայապակի» ընկերության 573.733.000 դրամ արժողությամբ՝ 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասերը ուղղակի վաճառքի պայմանագրով 145.000.000 դրամով օտարվել են Էջմիածնի բնակիչ մի կնոջ, որը կանխամտածված չի կատարել պայմանագրային պարտականությունները, ինչի հետեւանքով 2003 թվականի դեկտեմբերին ընկերությունը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: կան տեղեկություններ, որ խոսքը Նազիկ Ամիրյանի մասին է։

Սնանկ ճանաչվելուց հետո, ըստ պաշտոնական հաղորդագրության, առանց որևէ փաստական հիմնավորման՝ ընկերության 717.166.000 դրամ արժողությամբ գույքը գնահատվել է անհամեմատ ցածր՝ 121.347.000 դրամ եւ կազմվել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ակնհայտ կեղծ գնահատման հաշվետվություն, ինչից հետո աճուրդով սնանկ ճանաչված ընկերության ամբողջ գույքը 121.347.000 դրամով ձեռք է բերել աճուրդի միակ մասնակից այն ընկերությունը, որը Էջմիածնի բնակչուհին իր մտերիմներից մեկի անվամբ նախապես հիմնադրել էր: Արդյունքում, Էջմիածնի բնակչուհին 717.166.000 դրամ արժողությամբ գույքի համար վճարելով ընդամենը 266.347.000 դրամ, լուծարային կառավարչի օժանդակությամբ, խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ընկերության 80 տոկոս պետությանն ու 20 տոկոսբաժնետերերին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 571.166.000 դրամ արժողությամբ գույքը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...