Դեկտեմբերի 8-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ավան, Զարինջա, Թլիկ, Կոշ, Հակո, Արարատի մարզի Տափերական, Արմավիրի մարզի Ալաշկերտ, Նորապատ, Ֆերիկ, Գեղարքունիքի մարզի Զովաբեր, Լոռու մարզի Անտառամուտ, Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքներում սպասվում են ղեկավարի ընտրություններ: 

Ընտրություններին մասնակցելու համար բոլոր համայնքներում միասին առաջադրվել է 37 թեկնածու, որոնք բոլորն անկուսակցական են՝ բացառությամբ երկուսի: Ընտրություններում առաջադրված երկու կուսակցականներից մեկը ՀՀԿ-ական է, մյուսը՝ ԲՀԿ-ական:

Գործող համայնքապետերից իր թեկնածությունը չի առաջադրել միայն Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանը: Վերջինս 2018-ին հրաժարական էր ներկայացրել: «Ես վաղուց աշխատում էի՝ 2002-ից, հրաժարական եմ ներկայացրել, էլ ինչո՞ւ առաջադրվեմ: Հիմա թող երիտասարդները առաջադրվեն, մանավանդ, որ առողջական խնդիրներ էլ ունեմ»,- մեր զրույցում ասաց Մանասերյանը՝ հավելելով, թե շատ հետաքրքիր ընտրություն է սպասվում գյուղում: Նախկին գյուղապետը նկատի ուներ թեկնածուների թիվը. 8 գրանցված թեկնածու կա Տափերականում:

Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում էլ՝ հակառակը. առաջադրվել է գործող համայնքապետը, եւ նա մրցակից չունի. նրա հետ առաջադրված միակ թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել:

Իսկ ահա Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքում 4 թեկնածու կա, որոնցից մեկը՝ գործող համայնքապետ Սամվել Եսայանը ինքնաբացարկ է հայտնել:

Հետաքրքիր ընտրություններ են սպասվում նաեւ Արագածոտնի մարզի Կոշ համայնքում: Այնտեղ առաջադրվել են համայնքի 14 տարվա ղեկավար Աշոտ Ենգիբարյանը եւ անկուսակցականներ Արմեն Ավետիսյանն ու Էդմոն Ադամյանը:  Մեր զրույցում Ադամյանն ասաց, որ իր առաջադրվելու նպատակը հեղափոխությունից հետո երկրում տեղի ունեցած փոփոխությունները Կոշ հասցնելն է: Ըստ նրա՝ համայնքի գործող ղեկավարի կինը գյուղի դպրոցի տնօրենն է եւ նրանք օգտագործում են այդ հանգամանքը՝ մարդկանց «ստիպելով» քվեարկել նրա օգտին:

«Հեղափոխություն եղավ, բոլորս էլ մասնակից եղանք, հիմա փոխվել է ժողովրդի մտածելակերպը, ես էլ եմ փոխվել: Էն տարիներին, որ պայքարում էի՝ չէր ստացվում: Կլանային համակարգ էր, ամբողջ համակարգը դուրս էր գալիս քո դեմ: Էսօր շատ բան է փոխվել, ժողովրդի դեմքին ժպիտ է եկել, բայց ամեն դեպքում կան հնից մնացած բաներ, որոնց դեմ ուզում եմ պայքարել, ուզում եմ հեղափոխության լույսը գա մեր համայնք»,-  ասաց թեկնածուն:

Մեր հարցին՝ մասնավորապես ի՞նչն եք ուզում փոխել, Ադամյանը պատասխանեց. «Օրինակ գյուղապետարանը, դպրոցը, մանկապարտեզը շանտաժի մեջ դրած բոլոր աշխատողներին, բոլորին ստիպում են, որ պետք է ընտրենք էսինչ մարդուն»:

Նա նաեւ ընդգծեց, որ գյուղը աղբահանության լուրջ խնդիր ունի, որը 15 տարվա մեջ վերջին մեկ ամսում է միայն լուծվել: Մանկապարտեզ, ամբուլատորիա, գազիֆիկացում, ամեն ինչ, ըստ Ադամյանի բարերարների ու այլ միջոցներով է իրականացվել եւ մարդիկ չգիտեն, թե ինչ է արվել համայնքի բյուջեով. «Ասֆալտներ կարկատելը չեմ կարծում լուրջ աշխատանք է»,- նշեց նա:

Ասվածի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք գործող համայնքապետ Աշոտ Ենգիբարյանից. «Ոչ առաջին անգամ եմ առաջադրվում, ոչ երկրորդ, ոչ երրորդ: Այսինքն խոսել նման բանի մասին՝ ավելորդ է: Ես նաեւ այն ժամանակ եմ քվե ստացել, որ իմ կինը տնօրեն չի եղել: Էսօր մարդիկ ուղղորդվում են բարեկամական կապերով, իսկ ես չունեմ նման կապեր: Այնպես որ, խոսել ռեսուրսների, լծակների մասին՝ անիմաստ է: Մանավանդ էսօր»,- ասաց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...