Seyran Ohanyan

Դա երեք նախագահների գործն է, եւ երկրորդ նախագահը գտնվում է անհավասար պայմաններում, նախօրեին դատարանում հայտարարել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտության մասին:

Պաշտպանության նախկին նախարարի հայտարարությունն իհարկե ունի պարզաբանման անհրաժեշտություն, որովհետեւ մի բան է, եթե խոսքը ընդամենը այն մասին է, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ չէ եւ դա անարդարացի է: Եվ մեկ այլ բան է, եթե խոսքը Ռոբերտ Քոչարյանի անազատության մեջ գտնվելու առումով որեւէ հնարավորությունից զրկված լինելու մասին է, այսինքն պաշտպանության անհավասար պայմանների:

Որովհետեւ այդ դեպքում կնշանակի, որ Սեյրան Օհանյանի շուրթերով մեղադրանք է հնչում երկու նախկին նախագահների՝ Տեր-Պետրոսյանի եւ Սարգսյանի հասցեին, եթե ոչ Քոչարյանի ազատազրկման «հետեւում» լինելու, ապա առնվազն «անարդարացիորեն» լռելու եւ անհավասար մրցակցության համար:

Սակայն, զուտ գործի, եւ այդ համատեքստում ներքաղաքական խմորումների շրջանակից դուրս, պաշտպանության նախկին նախարար Օհանյանը կամա թե ակամա գծագրել է Հայաստանի հետանկախական շրջանի ամբողջ ներքաղաքական պատկերը՝ երեք նախագահների «պայքար», կամա թե ակամա դնելով նաեւ գլխավոր խնդիրը՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը դուրս բերել այդ պայքարի շրջանակից:

Այլ կերպ ասած, եթե զուտ իրավիճակի տեսանկյունից Սեյրան Օհանյանը խոսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության մասին, ապա իր գնահատականի տողատակում կամա թե ակամա շոշափել է երեք նախագահների «եռանկյունուց» Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի ազատության, ազատագրման առանցքային հարցը:

Հայաստանում թավշյա հեղափոխության առաքելության ուղղություններից մեկը պետք է լիներ հենց դա, սակայն դրա փոխարեն նկատելի է, որ ներքաղաքական զարգացումները ուղիղ, թե միջնորդավորված, այդուհանդերձ գեներացվում են «եռանկյունու» շուրջ, այնտեղ կլանելով հանրության միտքն ու սպասումները:

Մյուս կողմից, հնարավոր է Հայաստանում տեղի է ունենում հետաքրքիր մի էֆեկտ, երբ եռանկյունին կարող է կատարել յուրօրինակ «քաղաքական աղբամանի» դեր, որտեղ կարող է հայտնվել Հայաստանի մեղմ ասած ոչ արդիական քաղաքական միջավայրը: Ամբողջ հարցն այն է, թե արդյոք հնարավոր կլինի այդպիսով ձեւավորել նոր միջավայր եռանկյունուց դուրս:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...