«Վանաձորում դեռ շատ անելիք կա իրավապահների կողմից։ Բազմաթիվ խնդիրներ կան, չարաշահումներ ու յուրացման դեպքեր, որոնց պետք է տրվի իրավական գնահատական»,- ասաց վանաձորցի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ քրեական գործերին։

Նշենք, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, որը պաշտոնավարել է 1999-2016 թվականը, բանավոր համաձայնություն ձեռք բերելով ՊՆ երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատարի և նրա խնամու հետ, Վանաձոր համայնքի ավագանու 2010 թվականի հուլիսին կայացած որոշման հիման վրա կեղծ պաշտոնական փաստաթղթեր է կազմել ու իրականացրել է Վանաձորի կեղտաջրերի նախկին մաքրման կայանի օտարման վերաբերյալ ձևական աճուրդ։

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, աճուրդի արդյունքում էլ ընդհանուր 239․347․719 դրամ արժեքով անշարժ գույքը անհամեմատ ցածր՝ 63․234․600 դրամով օտարել է ձևական աճուրդում հաղթող ճանաչված անձին՝ համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 176․113․119 դրամի վնաս։

Բացի դրանից՝ Վանաձորի նախկին քաղաքապետը, ավագանու մեկ այլ որոշմամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կազմակերպել է վերոհիշյալ կայանի շուրջ 295․470․000 դրամ արժողությամբ ստորգետնյա խողովակների ապամոնտաժումը։ Վանաձորի նախկին քաղաքապետին ու նրա եղբորը պատկանող ընկերության մասնաճյուղի առանձնացված ստորաբաժանումում հոկտեմբերի 25-ին հայտնաբերվել են նույն տեսակի, տրամաչափի և քանակի խողովակներ, որոնց ձեռքբերման վերաբերյալ փաստաթղթերը բացակայել են։

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ Վանաձորի նախկին քաղաքապետը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ձևական աճուրդ է կազմակերպել և Լոռվա խճուղու թիվ 18 հասցեի 3900 քմ-ից ավելի տարածքը 5 տարի վարձակալության ժամկետով ամսական ընդամենը 166․155 դրամով տրամադրել է փաստացի իրեն և եղբորը պատկանող ընկերությանը՝ 2015 թվականի հունվարի 22-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրով։

Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննության։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Հիշեցնենք, որ սա միակ քրեական գործը չէ Վանաձորի նախկին քաղաքապետի հետ կապված։ Այս տարվա մայիսին էլ ՀՀ ոստիկանությունը կրկին հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ քրեական գործ է հարուցել Վանաձորում 2014-17 թվականներին փողոցների վերանորոգման ընթացքում տեղի ունեցած չարաշահումների փաստով։ Իրավապահները պարզել էին, որ նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ընտանիքին պատկանող «Լոռու ճանշին» և «Արգիշտի-1» ընկերությունները համայնքային բյուջեից 101 միլիոն դրամ են ստացել «անորակ աշխատանքի» դիմաց։ Ոստիկանության ձեռք բերած տվյալներով՝ «համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք գնումների գործընթացի պահանջները ձևականորեն պահպանելու նպատակով 2016 թվականի ապրիլին Վանաձորի փողոցների նորոգման աշխատանքների համար հայտարարված մրցույթում նախապատվություն են տվել ավելի ցածր գնով՝ մոտ 70 միլիոն դրամի հայտ ներկայացրած «Լոռու ճանշին» ընկերությանը, որի հետ մեկ ամիս անց 84 միլիոն դրամի աշխատանքների պայմանագիր է կնքվել, սակայն հետագայում, առանց պատշաճ հիմնավորման, պայմանագրով նախատեսված աշխատանքների գինը համայնքի ղեկավարի կարգադրությամբ 17 միլիոն դրամով ավելացրել են»։ Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, 2016 թվականին համայնքային բյուջեից հատկացված միջոցներով Վանաձորի փողոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց փաստացի ուսումնասիրության ընդունել և շահագործման են հանձնել «Լոռու ճանշին»-ի կողմից անորակ կատարված աշխատանքները՝ համայնքին պատճառելով էական վնաս։ Փաստի առթիվ դեռևս մայիս ամսին հարուցվել էր քրեական գործ։

Սամվել Դարբինյանը մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց, վերջին հիշատակված քրեական գործի հարուցումից հետո Դարբինյանն ասել էր, որ ինքը ոչ մի բանի հետ կապ չունի, ամեն ինչից անտեղյակ է, և եթե այս պայմաններում գործ են հարուցել, թող իրենք էլ՝ ոստիկանությունը, ապացուցի։ Դարբինյանը չէր հերքել, որ ինքը այդ երկու ընկերություններում էլ՝ «Լոռու ճանշին» և «Արգիշտի-1»-ում սեփականատեր է, բայց ամեն ինչ, ըստ նրա, արվել է օրենքի տառին համապատասխան։ «Իսկ եթե իրենք օրենք չգիտեն կամ ուզում են շոու անել, դա արդեն ուրիշ բան»,- ասել էր Դարբինյանը։

Տարիներ շարունակ Վանաձորի նախկին քաղաքապետի չարաշահումների ու ապօրինությունների մասին բարձրաձայնած Արմեն Եղիազարյանը նկատեց, որ, քանի որ Սամվել Դարբինյանը 17 և ավելի տարի եղել է քաղաքապետ, լճացում է եղել և կլանային պրոցեսները ավելի սերտաճած են եղել, և նա կարողացել է չարաշահումներ, կեղծիքներ թույլ տալ։ «ՀՀԿ իշխանության օրոք բոլորը փոխկապակցված են եղել։

Նույն ոստիկանությունը, մյուս իրավապահ մարմինները աշխատել են համատեղ, կոռումպացված մեխանիզմներով։ Գուցե հենց դա է պատճառը, որ Վանաձորում նման կարգի թողտվություն է եղել, և մարդիկ կարողացել են տարբեր ճանապարհներով, ի շահ իրենց, տնօրինել քաղաքի բյուջեն, գույքը»,- ասաց Եղիազարյանը՝ հավելելով, որ այսօր մենք ունենք այլ իրականություն, և այս իրականությունում արդեն խաղաքարտերը փոխվել են, և ռեալ պատկեր է երևում։ Բացի դրանից՝ փորձ է արվում ամեն ինչ հետ բերել իր տեղը։

Պատգամավորի խոսքերով՝ միանշանակ այս հարուցված քրեական գործերը պետք է քննվեն, հասնեն դատարան և դատարանի վճիռ լինի, որպեսզի հետագայում բացառվեն նման դեպքերը։ «Վանաձորում դեռ շատ գործ կա անելու։ Վանաձորում մենք ունենք մանկապարտեզների խնդիր, մենք ունենք տնակային մանկապարտեզներ և տվյալ ժամանակահատվածում ունենք նույն քաղաքապետի կողմից սեփականաշնորհված մանկապարտեզ, որը այսօր գործում է որպես հյուրանոց։ Այսինքն՝ նման լրջագույն խնդիրներ ունենք, և այդ ամեն ինչը պետք է վերանայվի, ճիշտ հանգուցալուծում ունենա»,- ընդգծեց վանաձորցի պատգամավոր Արմեն Եղիազարյանը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...