Նիկոլ Փաշինյանը ազդարարում է Արցախի հարցը հայկական հարցի ծանրության կենտրոն վերածելու ռազմավարության մասին

- in Հրապարակ

«Սա նշանակում է, որ մենք մոտենում ենք հաջորդ կարևոր արդյունքին, որ հայ ժողովրդի շրջանում հայկական իրականության մեջ չկա բանավեճ ղարաբաղյան հարցի վերաբերյալ, և մենք շուտով կհասնենք այն վիճակին, որ հայության դիրքորոշումները Ղարաբաղի հարցի կարգավորման հարցում նույնական են»,- Փարիզում հայկական համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արցախի հարցում կառավարության նոր քաղաքականության մասին:

Փաշինյանն անում է կարևորագույն հայտարարություն, որն ունի խորքային հիմնարար իմաստ հայկական պետականության անվտանգության առանցքի, հայկական պետականության ողնուղեղ նշանակություն և դեր ունեցող հարցի առումով: Մինչ այդ նա ասել է, որ հարյուր տոկոս նույնական են Հայաստանի և Արցախի ղեկավարությունների մոտեցումները, այդպիսով արձանագրելով արդեն տվյալ հարցում համահայկական նշաձողի, համահայկական կոնսենսուսի սահմանման խնդիրը:

Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը, տալով այդ համահայկականության շրջանակը, ազդարարում է Արցախի հարցը հայկական հարցի ծանրության կենտրոն վերածելու ռազմավարության մասին: Դա ամենևին չի նշանակում, որ երկրորդ պլան է մղվում Հայ դատի, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Հակառակը, Արցախի հարցում համահայկական բանավեճի այլևս բացառումը՝ ինչը նշանակում է համահայկական կոնսենսուսի հաղթանակը պաշտպանելու և հայկական պետականության անվտանգային ներկայիս ռազմա-քաղաքական համակարգը ամրապնդելու առումով, Արցախի հարցը դիտարկում է Հայ դատի և ցեղասպանության ճանաչման ու հետևանքների վերացման համատեքստում՝ արձանագրելով, որ հայությունը գործնականում իր ջանքով արդեն իսկ սկսել է հետևանքների վերացումն ու կանխարգելումը, և Արցախն ու ներկայիս անվտանգային համակարգը դրա վառ օրինակն են:

Այլ կերպ ասած, 100-րդ տարելիցի՝ «հիշում եմ ու պահանջումը», թավշյա հեղափոխությունից հետո փաստացի վերածվում է «դատապարտում ենք և վերականգնում» խորագրի՝ հայկական իրավունքներն ու կորուստները: Դա իսկապես հայտարարություն է լրջագույն տրանսֆորմացիայի մասին, որի վերաբերյալ համաշխարհային հայությունն իհարկե պետք է կայացնի հիմնարար որոշում: Երևանը, փաստացի, համայն հայությանն առաջարկում է Հայ դատի, հայկական հարցի համաշխարհային հարցադրման առարկայացման բանաձևն ու մեխանիզմը, որում հայությունն այլևս ոչ թե հայցվոր է, այլ վճիռ կայացնող և գործող: Խիստ հատկանշական ու խորհրդանշական է, որ այդ մասին փաստացի ազդարարվում է Առաջին աշխարհամարտի 100-րդ տարելիցի առիթով Փարիզի Խաղաղության համաժողովի օրերին, որին մասնակցելու համար էր Հայաստանի վարչապետը մեկնել Ֆրանսիա և դրա շրջանակում էլ կազմակերպել հանդիպումը հայ համայնքի հետ: Փարիզյան համաժողովը անցնում է պատերազմի կանխարգելման տրամաբանությամբ: Այդ առումով, Հայաստանը փաստացի պատերազմի կանխարգելման տեսական «դիսկուրսին» ներգրավվում է գործնական արդյունքով:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...