ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք «սխալներ» է գործում, ինչն էլ իր հերթին անդրադառնում է հանրության տրամադրությունների վրա ու ընդդիմության տեղի համար պայքար մղողների կողմից գեներացման նյութ է հանդիսանում: 

Միայն ուսանողների կողմից բուհերին տրվող ինքնավարության դեմ ցույցերը թերևս բավարար են եզրակացնելու, որ ցավոք, անգամ այդ երիտասարդները չեն ուզում ազատ ապրել ու ինքնուրույն որոշել, թե հայոց լեզու և հայ ժողովրդի պատմություն առարկաներից որը քանի ժամ սովորեն, իսկ դրանց մասին իրենց պահանջները ներկայացնեն իրենց բուհերի գիտական խորհուրդներին և ոչ ԿԳՄՍ նախարարությանը:

Հատկապես ավագ սերունդի ներկայացուցիչներից շատերը, հիշեցնենք՝ ոչ բոլորը, սովորել են գլխներին բամփելով կամ՝ յուրաքանչյուր խոսք տասը տակ կշռադատելով արտահայտվելուն, հանկարծ ղեկավարությունը չնեղանա, վատ աչքով իրենց չնայի … Այսօր, երբ ազատություն է տրվել խոսքին ու մտքին, նրանք պարզապես չգիտեն ինչպե՞ս վարվել դրա հետ, ի՞նչ անեն: Ահա այդպիսիք էլ իրենց ընտանիքներում, իրենց ազդեցությունների ոլորտներում ու կուսակցություններում սահմանափակում են այն ազատությունները, որոնք տրվում են իշխանության բարձր մարմինների ու Նիկոլ Փաշինյանի կողմից, որոնց արդյունքում էլ հանդիպում ենք այսպիսի անհասկանալի ու զավեշտալի գործողությունների, որ ծավալվում է ԿԳՄՍ նախարարության դիմաց:

Պարզվում է, մեր հասարակությանն անհարժեշտ են միֆեր, լեգենդներ, իմա՝ դարեր առաջ ցցին հանելու գործողություններ, իսկ Նիկոլ Փաշինյանը բոլորի հետ հաղորդակցվում է իբրև արժանապատիվ ՀՀ քաղաքացիների: Մինչդեռ ոմանք անգամ չգիտեն ինչ բան է արժանապատվությունը, դա կարագի հետ են ուտում, թե՝ թանի հետ խմում: Կարևորն իրենց որովայնը լիքը լինի ու տեղները տաք, հրամաններ ստանան ու գլխիկոր կատարեն:

Փոխարենն՝ անհրաժեշտ է ստեղծել միֆեր, արտահայտել այնպիսի մտքեր, որոնք փիլիսոփայական կլինեն ու իրենց մեջ կպարունակեն սպառնալիքներ, անմնացորդ պատժման հրահանգներ, որից կզգաստանան ճորտերը, կասեն արա՜, կպատժի, բա՜, կպատժի …

Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի նորմալ, միտք արտահայտող խոսակցության, նրա շրջապատում ու ՀՀ կառավարության բոլոր համակարգերում դեռևս բուն դրած կարգավիճակում են նախկին իշխանության ներկայացուցիչներն, ովքեր ևս իրենց տեղերում չեն ընկալում ու հասկանում, թե ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունն առհասարակ, որտեղից էլ շառավիղներն իջնում են ստորին օղակներ, ներթափանցում հասարակության շերտեր: Այդպիսի խողովակներում, երբ ներքևից վերև միմյանց հարցնում են, թե ի՞նչ է լինելու, ի՞նչ է փոխվել, ինչպես ճորտատիրական հասարկություններում միայն ուսերն են թոթվում ու ասում՝ եսի՞մ: Որպեսզի այդպիսի ճորտերի մտքերում ու գործողություններում որևէ բան փոխվի, Նիկոլ Փաշինյանը նախ կառավարման համակարգում մնացորդներին պետք է հասկացնի, թե ինչն ինչու է արվում, ինչպես ու ինչ արդյունք ենք ստանալու վերջում: Ինքնուրույն իրենք չեն կարողանում հասկանալ: Նրանք մի ժողովրդական առածով են առաջնորդվում միայն. Երբ վախենում են՝ սիրում են …

Բացի միֆեր ստեղծելուց ու ճորտերին դասեր տալուց, Նիկոլ Փաշինյանի «սխալներից» մեկն էլ համընդհանուր վախի ձևավորման սինդրոմ չստեղծելն է, ինչպես նախորդ երկու տասնամյակներում, երբ օդում թևածում էր այն միտքը, թե հանրահավաքներ չի կարելի անել, շատ բան չի կարելի խոսել, որովհետև պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկիր ենք ու թշնամին կոգևորվի, կհարձակվի … էլի նման զառանցանքներ:

Նիկոլ Փաշինյանի «սխալներից» է նաև ուղիղ հաղորդակցությունը բողոքող, որևէ բան պահանջող հանրույթի հետ: Ոչ վաղ անցյալում՝ հիշում են, երբ երկրի ղեկավարը շփվում էր. սևազգեստ մայրերի հետ նախագահականի ճաղերի հակառակ կողմերից, բողոքող աշխատավորների հետ՝ թիկնապահների մեջքի ետևից ու քամահրական հայացքով: Իսկ ոստիկանության հետ հաղորդակցությունների ժամանակ կոշտ սապոգներով խբում էին ցուցարարների կոճերին: Այն ժամանակ դա վախ էր ներշնչում այդպիսների հոգիներում ու լուռ սսկվում էին, հիմա ի՞նչ, թույլ ղեկավարություն է նրանց համար, դուրս է գալիս, քայլում փողոցում, զրուցում ցուցարարների հետ, մեկը թևն է ընկնում ու քայլում, ժետոն նվիրում … թույլ են, արա, է՜, բան չի փոխվել ու չի փոխվելո՜ւ, անիմաստ ա՜՜՜՜ …

Բա իհարկե բան չի փոխվել, տո, չի էլ փոխվելու, էլ ի՞նչ կարող է փոխվել, երբ քննադատող միջակությունները կորցրել են բռունցքներն իրենց գլխի վերևում, իսկ բաց երկինք ու պայծառ արև տեսնելը սարսափազդու է՝ ոչ մտավոռականները գիտեն ինչ անելները, ոչ դասախոսները, ոչ …, բա սենց էլ երկի՞ր կլինի, հալալ չի, չէր, չեն …: Նիկոլ Փաշինյանի «սխալն» այն է, որ Ստալին չէ սրանց համար:

Շարունակելի

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...