Նպատակը երկրում քաոսի, անկառավարելիության՝ անտեսանելի գրոհի տպավորության ձևավորումն է

- in Կարծիք
Mishik

Ակնառու է, որ նախկին իշխող համակարգի տեղեկատվաքարոզչական ռազմավարության առաջնային նպատակը երկրում քաոսի, անկառավարելիության, այսպես ասած՝ անտեսանելի գրոհի տպավորության ձևավորումն է, որի ենթադրյալ հետևանքը պետք է լինի թավշյա հեղափոխությունից, Հայաստանում տեղի ունեցած և տեղի ունեցող փոփոխությունից հանրության մեջ առաջացող վախը:

Նկատելի է, որ զուտ նոր իշխանության վարկանիշի դեմ կազմակերպվող տեղեկատվաքարոզչական մարտավարությունը չի տալիս բավարար արդյունք և թերևս չունի նաև այդպիսի մեծ հավանականություն կամ իրատեսականություն: Պատճառը բավականաչափ պարզ է. երբ նոր իշխանությանը քննադատում է նախկին իշխող համակարգի որևէ շրջանակ, իսկ այստեղ ամեն ինչ բավական պարզ է փոքր երկրի մասշտաբներից ելնելով, ապա այդ հանգամանքը ոչ թե հարվածում է իշխանության լեգիտիմությանը, այլ ունենում է հակառակ էֆեկտ և հանրությանն ավելի շատ հիշեցնում է այն մասին, թե ինչ հակահասարակական և հակապետական համակարգ է հաջողվել մերժել ու հեռացնել իշխանությունից:

Այդ անարդյունավետությունն անկասկած նկատում է ոչ միայն հանրությունը, այլ նաև տեղեկատվաքարոզչական գրոհի կազմակերպիչները՝ լինեն դրանք ներսում, թե երկրի սահմանից դուրս: Այդ իսկ պատճառով վերջին շրջանում նկատելի է ալիքի շեշտադրումների որոշակի տրանսֆորմացիա, երբ ավելի շատ թիրախավորվում է ոչ թե բուն իշխանությունը, վարչապետը, այլ ավելի շատ թիրախավորվում է իրականությունը և փորձ է արվում առաջացնել ոչ թե բացասական վերաբերմունք իշխանության կամ դրա առաջնորդի նկատմամբ, այլ ավելի շատ վախ իրականության նկատմամբ, անորոշության զգացում, ինչ-որ վերահաս վտանգի սպասում:

Այդ մարտավարության կամ մեթոդաբանության կիրառման ակնկալիքը թերևս այն է, որ ուղիղ թիրախավորման չափաբաժինը որոշակիորեն նվազեցնելով կամ, այսպես ասած, հակակշռելով, ուղեկցելով ոչ ուղիղ թիրախավորման, այլ իրականության հանդեպ վախ և անորոշություն ներշնչելու չափաբաժնով՝ հնարավոր է նվազեցնել տեղեկատվաքարոզչական ալիքի հակառակ՝ բումերանգի էֆեկտը, փոխարենը անորոշության էֆեկտով բարձրացնել դրա արդյունավետությունը: Ունի՞ հեռանկար այդ մեթոդաբանությունը, թե՞ ոչ՝ կպարզվի ժամանակի ընթացքում:

Այստեղ շեշտը դրվում է նաև մի էական հանգամանքի վրա: Անորոշությունը գուցե չի հանգեցնում նոր իշխանության հանդեպ բացասական տրամադրվածության, սակայն բերում է նյարդային մի իրավիճակի, երբ հանրությունը գերլարված է, կաշկանդված, շփոթված: Կաշկանդվելով հոգեբանորեն՝ հանրությունը սկսում է կաշկանդվել նաև իր վարքագծի իմաստով: Մինչդեռ թավշյա հեղափոխության առանցքային էֆեկտներից մեկն էլ պետք է լիներ կամ պետք է լինի այն, որ պետության հետագա ընթացքում առանցքային դեր պետք է ունենան հանրությունը, տարբեր հանրային շերտեր, ընկերակցություններ, տարբեր միջավայրային նորարարություններ, որոնք մի կողմից՝ պետք է ապահովեն նոր իրավիճակի բյուրեղացումը, մյուս կողմից՝ պետք է երաշխավորեն իշխանության հանդեպ արդյունավետ վերահսկողությունը և քաղաքական դերակատարների համար սահմանեն հանրության շահերի ծառայության նոր նշաձողեր՝ գործնականում իշխանության վերահսկողություն ասվածը դարձնելով մեխանիզմ, երբ վերահսկողությունը սկսվում է քաղաքական որևէ ուժի դեռևս իշխանություն չդարձած շրջափուլից: Կամ, այլ կերպ ասած, երբ ձևավորվում է նաև ընդդիմության վերահսկողության մեխանիզմ, առանց որի իշխանության վերահսկողություն ասվածն ինքնին որպես հանրային երևույթ գործնականում կլինի թերի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...