cec

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Բ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հոկտեմբերի 9-ին, ժամը 21-ն անց 50-ի սահմաններում Կարեն Բ.-ն ալկոհոլ օգտագործած վիճակում Երևանի Թբիլիսյան խճուղու շենքերից մեկի բակում վիճել է «Ֆիշ Արտ» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի աշխատակիցների հետ, ապա չի ենթարկվել ահազանգով ժամանած ոստիկանության տեսուչ Արսեն Հ.-ի՝ վիճաբանությունը դադարեցնելուն ուղղված օրինական պահանջին: Կարեն Բ.-ն, ըստ մեղադրանքի, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի նկատմամբ՝ բռունցքով հարվածել է ոստիկանի այտին:

Այս դեպքով քրեական գործ է հարուցվել, քննություն է կատարվել: Կարեն Բ.-ն եղել է ազատության մեջ: Եվ, ըստ մեղադրանքի, օրեր անց՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 23-ի սահմաններում Կարեն Բ.-ն նույն շենքի բակում մեքենայի ձայնարկիչի ձայնն անհարկի բարձր լինելու պատճառով դիտողություն է արել հարևան շենքում բնակվող Ռոբերտին ու նրա բարեկամներին՝ Գոռին, Մովսեսին:

Վիճաբանություն է առաջացել, փոխադարձ քաշքշուկ, որը շարունակվել է Կարեն Բ.-ին պատկանող ավտոտնակում: Այնտեղ վիճաբանության ընթացքում, ըստ մեղադրանքի, Ռոբերտը բռունցքով հարվածել է Կարենին, նա ընկել է, հետո վերցրել է սեղանին դրված խոհանոցային դանակն ու հարվածել է Ռոբերտի կրծքավանդակի հետին մակերեսին, ապա դանակով հարվածել է Գոռի կրծքավանդակի հետին մակերեսին, երկուսին էլ պատճառել է թափանցող, ծանր վնասվածք: Նա դանակով հարվածել է նաև Մովսեսի ականջի շրջանին, վնասել է ականջի բլթակը, պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Կարեն Բ.-ին նոր մեղադրանք է առաջադրվել, ևս մեկ քրեական գործ է հարուցվել, ապա երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

Կարեն Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Կարեն Բ.-ի խափանման միջոցը կալանավորումն է:

Կարեն Բ.-ն դատարանում դիրքորոշում հայտնելիս իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել՝ միայն ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով, իսկ տուժողների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, չի ընդունել:

Ըստ ոստիկանությունից տրված տեղեկանքի՝ Կարեն Բ.-ն նախկինում դատապարտվել է:

Մեղսագրված երկրորդ արարքի կատարման ժամանակ Կարեն Բ.-ն ծեծի է ենթարկվել, նույնպես վնասվածքներ է ստացել ու բժշկական կենտրոն է դիմել, արձանագրվել է, որ նա Ռոբերտի, Գոռի ու Մովսեսի հետ վիճաբանության ժամանակ ոչ միայն ինքն է վնասվածքներ պատճառել, այլև վնասվածքներ է ստացել՝ գլխի, հոնքի շրջանում, արձանագրվել է քթի ոսկրերի կոտրվածք: Իր ստացած վնասվածքների մասով, որոնք առողջության թեթև վնաս են պատճառել, Կարեն Բ.-ն բողոք չի ներկայացրել, վնասվածքներ պատճառողների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել:

Այս դրվագն աղմկոտ է եղել, քաղաքացիներն են ահազանգել ոստիկանություն: Մեկը ահազանգել է. «Շտապ ոստիկան ուղարկեք, դանակով իրար սպանում են»: Մի կին էլ զանգել ու ասել է. «Ես վախեցած եմ, երեխաների հետ անցնում էի, լամպերի գործարանից քիչ վերև՝ հինգհարկանի շենքերի մոտ ահավոր կռիվ է, իրար կզարկեն… Ուղղակի ես չեմ ուզի, որ պահի տակ ասեմ՝ ով եմ, կասեք՝ տղամարդ էր զանգե…»:

Նախաքննության ժամանակ Կարեն Բ.-ն դիմել է դատախազին, քննչականի պետին, վերադաս ատյաններ: Համաձայն նրա դիմումի՝ երկրորդ դրվագով դեպքից հետո ինքը գտնվել է Միքայելյանի անվան հիվանդանոցում՝ քթոսկրերի կոտրվածքով, ուժեղ ցավերով: Նրան հիվանդանոցից են բերման ենթարկել՝ առանց բժշկի թույլտվության, տարել են ոստիկանության բաժին: Ձևակերպել են, թե բերման են ենթարկել: Դրանից հետո, ըստ Կարենի, իրեն բուժօգնություն չի ցուցաբերվել, ինքը արգելանքի տակ է առնվել ուժեղ ցավերով ու վնասվածքներով, մնացել է առանց բժշկական օգնության…

Դատարանը վկաների և տուժողների հարցաքննությունների փուլում է:

Դատական այս նիստին հարցաքննվեց երկրորդ դրվագի մասնակից, Կարեն Բ.-ի դանակի հարված ու թեթև վնասվածք ստացած Մովսես Ա.-ն: Նա հիմնականում կրկնում էր, թե դեպքից ոչինչ չի հիշում: Վկան չգիտեր՝ ինչպես պահեր դաջվածքապատ ձեռքերը, դատախազին դիմեց՝ «ցավդ տանեմ»-ով, պաշտպանին՝ «ախպեր»-ով, համարյա պառկած դիրք ընդունեց ամբիոնի մոտ, ի վերջո նախագահողը թույլատրեց, որ նա ցուցմունք տա նստած:

Միջադեպի ժամանակ Կարեն Բ.-ն դանակով վնասվածք էր պատճառել Մովսեսին՝ կտրած վերք կար նրա ձախ ականջի բլթակին, որի սպին երևում էր: Մովսեսի առողջությանը պատճառվել էր թեթև վնաս: Մովսեսը չէր բողոքել, այդ մասով՝ նրա բողոքի բացակայության հիմքով, Կարեն Բ.-ն քրեական հետապնդման չի ենթարկվում:

Մովսես Ա.-ն հիմնականում կրկնում էր, թե դեպքից ոչինչ չի հիշում: Հրապարակվեցին նաև նրա նախաքննական ցուցմունքերը, համաձայն որոնց՝ դեպքի օրը բարեկամի տղերքով՝ ինքը, Ռոբերտը, Գոռն ու Արմանը, նշել են Գոռի՝ նոր մեքենա գնելը: Վերջինիս տանը հաց են կերել, ալկոհոլ են օգտագործել: Ապա Արմանի մեքենայով Ռոբերտին տարել են տուն: Արմանի մեքենայի մեջ երաժշտությունը շատ բարձր էր միացրած: Ռոբերտենց բակում այդ բարձր երաժշտության հետ միասին՝ իրենք էլ մեքենայի մեջ բարձր-բարձր խոսում էին, երբ մոտեցել է մի տղամարդ ու դիտողություն է արել: Իրենք երաժշտության ձայնն իջեցրել են, բայց, այնուամենայնիվ, այդ տղամարդու հետ վիճաբանություն է առաջացել: Վիճաբանել է հիմնականում Ռոբերտը, նա ճանաչում էր իրենց հարևան շենքում բնակվող այդ՝ Կարեն անունով տղամարդուն, ինքը վերջինիս անունը հետագայում է իմացել:

Իրենք իջել են մեքենայից, գնացել են այդ տղամարդու ավտոտնակը: Այնտեղ տղամարդը ձեռքը գցել է դանակին, այդ ժամանակ Ռոբերտը բռունցքով հարվածել է նրան: Այդ տղամարդն ընկել է: Վիճաբանությունը թեժացել է, իրենք՝ Գոռն ու ինքը, բաժանողի դերում էին, ինքը, իր հիշելով՝ այդ տղամարդուն չի հարվածել, նրա հետ կռվում էր Ռոբերտը: Արմանն իրենց հետ ավտոտնակ չէր եկել, նա գնացել էր խանութ: Հետո բոլորով դուրս են եկել ավտոտնակից: Այդ տղամարդուն ինքը հետո չի տեսել: Երբ նստել են Արմանի մեքենան, Ռոբերտը փսխել է, ինքը տրորել է նրա մեջքը ու տեսել է, որ մեջքը թաց է, նայել է ձեռքին ու տեսել է, որ ձեռքն արյունոտ է: Բարձրացրել են Ռոբերտի վերնահագուստը, տեսել են, որ թիկունքին ծակած վերք կա: Հասկացել են, որ նա դանակի հարված է ստացել: Պարզվել է՝ Գոռի թիկունքին էլ նման վերք կա: Իրենք անմիջապես նրանց տարել են «Էրեբունի» բ/կ:

Գոռին ու Ռոբերտին տարել են վերակենդանացման բաժանմունք, հիվանդանոցում ինքն իմացել է, որ վնասված է նաև իր ականջի բլթակը, ինքը բուժօգնության չի դիմել, վերքն իրեն չի անհանգստացրել, լավացել է:

Մովսեսը նշել է, թե դեպքի պահին ինքն ալկոհոլ օգտագործած վիճակում էր, այդ պատճառով մանրամասները չի հիշում:

Քննիչը նրան հարցրել է՝ նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ ավտոտնակից դուրս գալուց հետո Մովսեսն ու նրա եղբայրները փնտրել են Կարենին, շենքի մոտակայքում գոռացել են. «Կարեն, էս խփիր ու փախա՞ր, քեզ լավ տղու տե՞ղ ես դրել»: Նրանց է մոտեցել մի կին ու հարցրել է՝ ո՞ր Կարենին են փնտրում: Ասել են՝ «Բեջոյին» ու հայհոյանք են տվել այդ կնոջ ներկայությամբ, քաշել են նրա ձեռքից, այդ կինը Կարեն Բ.-ի կինն է եղել…

Մովսեսը պատասխանել է, թե նման բան չի հիշում:

Քննիչը հարցրել է՝ նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ ավտոտնակից դուրս գալուց հետո ծեծկռտուք է եղել, Մովսեսը քարեր է վերցրել, մի քարով հարվածել է Կարենի գլխին, վերջինս վայր է ընկել: Մովսեսը մի քարով էլ հարվածել ու պատահաբար վնասել է միջադեպի հետ կապ չունեցող քաղաքացու մեքենան, որ կանգնած էր այդ վայրում:

Մովսեսն ընդունել է, որ հնարավոր է՝ ինքը քարով հարվածած լինի, լավ չի հիշում, բայց դեմ չէ, որ Կարենի ու վնասված մեքենատիրոջ բողոքների բացակայությամբ իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի: Դատարանում Մովսեսն ասաց, թե քարը գցել է, որ… կռիվը դադարի…

Քննիչը հարցրել է՝ նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ Կարենին խմբով ծեծի են ենթարկել, գցել են գետնին, նրան հարվածներ են հասցրել ոտքերով, ձեռքերով, ինչի արդյունքում Կարեն Բ.-ն սալջարդ վնասվածքներ է ստացել գլխի ծոծրակային, միջին ու ճակատային հատվածներում, ստացել է քթոսկրերի կոտրվածքներ, ովքե՞ր են հարվածել Կարեն Բ.-ին: Մովսեսը պատասխանել է, թե չի տեսել ու չի հիշում, միգուցե չհիշելու պատճառն այն է, որ խմած է եղել…

Հարցաքննվեց գործով տուժող Ռոբերտ Ա.-ն՝ 33 տարեկան: Նա նույնպես ընդունեց, որ դեպքի պահին եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում: Երբ Արմանը մեքենայով իրեն բերել է իրենց շենքի բակ, մեքենայի մեջ երաժշտությունը շատ բարձր է եղել, իրենք էլ բարձր են խոսել: Իրենց է մոտեցել Կարենն ու դիտողություն է արել:

«Նրա մոտեցման ձևը ինձ դուր չեկավ»,- ասաց տուժողը՝ դրանով բացատրելով իր ու Կարենի միջև վիճաբանության առաջացումը:

Այնուհետև վեճը շարունակվել է Կարենի ավտոտնակում, քանի որ իրար չէին հասկացել ու լեզվակռիվ էին սկսել:

Ռոբերտն ասաց, թե հիշում է, որ ավտոտնակում Կարենին մեկ անգամ հարվածել է բռունցքով՝ դեմքի շրջանին: Հարվածից հետո Կարենն ընկել է, թե ոչ՝ չի հիշում: Չի տեսել, որ Կարենը ավտոտնակում դանակ վերցնի: Իրեն հարվածելու պահը ո՛չ տեսել է, ո՛չ զգացել: Երբ միջադեպից հետո նստել են Արմանի մեքենան, ինքը զգացել է, որ մեջքը թրջվել է, ձեռքը տարել ու տեսել է, որ արյունէ գալիս, այդ ժամանակ է հասկացել, որ դանակի հարված է ստացել: Չի կարող պնդել, որ իրեն Կարենն է հարվածել, քանի որ նրա ձեռքին դանակ չի տեսել ու չի տեսել հարվածի պահը, բայց «տրամաբանորեն»՝ միայն Կարենը կարող էր հարվածել, քանի որ իրենց հետ կռվողը միայն Կարենն էր…

Բազմաթիվ հարցեր հնչեցին, այդ թվում՝ ինչո՞ւ են գնացել Կարենի ավտոտնակ, մի՞թե չէին կարող բակում խոսել: Ըստ Ռոբերտի՝ երևի շատ բարձր են խոսել, չեն ցանկացել, որ մարդկանց խանգարեն, դրա համար գնացել են ավտոտնակ: Ինքը չի հիշում՝ Կարե՞նը իրենց հրավիրեց ավտոտնակ, որը Արմանի մեքենայի կանգնած տեղից մի քանի մետրի վրա էր, թե՞ իրենք առանց հրավիրելու գնացին, բայց գնացին բոլորը միասին, բացի Արմանից:

Նախագահողի հարցին՝ միգուցե Կարենը փախե՞լ է, իսկ տղաները հետապնդել ու նրա հետևից գնացել են նրա ավտոտնա՞կ, Ռոբերտը պատասխանեց՝ դժվար թե, բակում սկզբնական վեճը դեռ այնպիսին չէր, որ Կարենը իրենցից փախչեր…

Ռոբերտը նշեց, թե Կարենի ավտոտնակում կարող էր մեքենա կանգնել, բայց նրան հիշեցրին, որ այդ ավտոտնակը կահավորված էր որպես կացարան՝ այնտեղ բազմոց կար, սեղան, աթոռներ, այդ ավտոտնակ մտնելու համար հարկավոր էր մի քանի աստիճան իջնել:

Քրեական գործում առկա են լուսանկարներ, որոնք պատկերում են նույն ավտոտնակի գույքը՝ միջադեպից հետո. սեղանի ոտքը ջարդված էր, աթոռները այսուայնկողմ էին նետված, էլեկտրական սալիկը վնասված էր: Ռոբերտը, լուսանկարները նայելով, չհիշեց, որ իրենք ավտոտնակում Կարենի վրա սեղան կամ աթոռներ նետած լինեին: Նա ասաց, թե կոնկրետ ինքը աթոռով հարվածելու «սովորություն չունի», ինքը հարվածում է բռունցքով, ինչը և արել է: Քանի անգամ է հարվածել Կարենին՝ չհիշեց, ասաց, թե առաջին հարվածն է հիշում: Ռոբերտը անհավանական համարեց նաև, որ իր եղբայրները սեղան-աթոռով հարվածած լինեին Կարենին, քանի որ եղբայրները՝ հորեղբոր ու մորաքրոջ որդիները, հիմնականում բաժանում էին իրեն ու Կարենին:

Ռոբերտը պնդեց, թե իրենց բակ էին գնացել մեկ մեքենայով, որի մեջ չորսով էին, ընդ որում՝ Արմանն ընդհանրապես չի մասնակցել միջադեպին, մասնակցել են ինքը, Գոռն ու Մովսեսը: Կարենը մենակ է եղել: Թե ինչպես է պատահել, որ բակում բարձրացված աղմուկը մարդկանց ստիպել է ահազանգել ոստիկանություն, դուրս գալ բակ ու սաստել իրենց, Ռոբերտն ասաց, թե չի հիշում, որ նման աղմուկ բարձրացված լիներ, բայց խառնաշփոթ վիճակ էր…

Քանի որ Ռոբերտն էլ նախորդ հարցաքննվողի՝ Մովսեսի նման անընդհատ կրկնում էր, թե չի հիշում, և մեղադրող դատախազ Կարեն Մելքոնյանը, ամբաստանյալի շահերի պաշտպան Արմեն Հայրապետյանն ու նախագահողը ստիպված էին յուրաքանչյուր նախադասությունը տուժողից կորզել միայն հարցերի միջոցով, ի վերջո դատախազը նկատեց. «Այս հարցաքննությունը ոնց որ ամբաստանյալի հարցաքննություն լինի, ոչ թե տուժողի…»:

Այն հարցին, թե որտեղի՞ց կարող էր Կարեն Բ.-ն շուրջ 26 մարմնական վնասվածք ստանալ, եթե նրան մեկ հոգի է հարվածել, իսկ մյուսները միայն բաժանել են, Ռոբերտը պատասխանեց, թե պատկերացում չունի…

Հիվանդանոցում Ռոբերտը սխալ տեղեկություն էր հայտնել՝ ասելով, թե դանակի վնասվածքը ստացել է… Սովետաշենի գերեզմանոցում անհայտ անձի կողմից…

Ամբաստանյալը հարցրեց՝ հիշո՞ւմ է Ռոբերտը, որ մեքենայից հնչող բարձր երաժշտության ու բարձր խոսակցության պատճառով իր դիտողությանն ի պատասխան՝ նա ասել է. «Կարե՛ն, դո՞ւ ես ասում, որ բարձր չխոսենք»: Միգուցե Ռոբերտը նկատի ուներ, որ օրեր առաջ նույն բակում Կարենի ու ոստիկանի մասնակցությա՞մբ էր միջադեպ եղել: Ռոբերտը պատասխանեց, թե այդ միջադեպի մասին ինքը տեղեկություն չուներ, չի էլ հիշում, որ Կարենին նման բան ասած լինի:

Ամբաստանյալը հարցրեց՝ «ինչո՞ւ այդպես վարվեցիք իմ հետ, ես ձեզ ջան-ղուրբանից բացի ուրիշ բան ասե՞լ եմ, քեզ ավելորդ բան ասե՞լ եմ»:

Ռոբերտը կրկնեց իր հիմնական պատասխանը, որ չի հիշում:

Ամբաստանյալը բորբոքվեց. «Դուք ձեր չհիշելով՝ ձեր տանը նստած՝ կյանքն եք վայելում, իսկ ես իմ հիշելով՝ նստած եմ ստեղ…»:

Ռոբերտն ասաց. «Ես կոնկրետ չեմ ուզում, որ դու կալանք կրես…»:

Ամբաստանյալը հարցի միջոցով հիշեցրեց՝ ինքը դիտողություն անելուց հետո տեսնելով, որ տղաները խմած են ու իր հետ ագրեսիվ են խոսում, փախել-մտել է իր ավտոտնակ, որն իր համար նաև կացարան էր. «Տեսա, որ չկարացինք ի մի գայինք, տեսա, որ էս մարդկանց հետ բեսպալեզնի ա խոսալը՝ նրանք խմած էին, փախա, մտա իմ կացարան, նստեցի թախտին»:

Տղաները եկել են ավտոտնակ իր հետևից, իջել են «փիլաքյանով», մտել են ներս: Ինքը նստած էր թախտին:

Ամբաստանյալը Ռոբերտին հարցրեց. «Ի՞նչ խոսակցություն ունեցա քեզ հետ, որ ինձ խփեցիր… Ես քեզ հետ չեմ խոսել, Մովսեսի հետ եմ խոսել: Նա ասեց՝ ով իմ հետ նստած խոսա, ես նրա մաման…»:

Դրանից հետո է իրավիճակն ավելի է թեժացել:

Ամբաստանյալն ասաց. «Ես չէի կողմնորոշվում՝ ի՞նչ անեմ, ինչի՞ էիք վրա տվել՝ քֆո՞ւր էի արել, ի՞նչ էի արել…»:

Ապա դիմելով դատարանին՝ ամբաստանյալը հայտարարեց. «Ճիշտ եղելությունը թող ասեն, Աստծուց կրա՞կ են ուզում…»:

Ըստ ամբաստանյալի՝ իր հետ կռվողները ոչ թե երեքն էին, այլ մոտ մեկ տասնյակ տղա, ինքը չգիտեր ինչ անի՝ ձեռքը գցել ու դանակն է վերցրել, չգիտեր՝ ոնց փախչեր ավտոտնակից, որտեղ իր վրա էին նետում սեղան, աթոռ, հարվածում էին ոտքերով ու ձեռքերով…

Ըստ տուժողների՝ իրենք դանակի հարվածները ստացել էին այն բանից հետո, երբ ավտոտնակից նորից դուրս էին եկել բակ, որտեղ արդեն աղմուկի վրա մարդիկ էին հավաքվել ու նույնպես աղմկում էին…

Ըստ ամբաստանյալի՝իրեն ծեծողները հետապնդել են իրեն, երբ ինքը փորձում էր փախուստի հնարավորություն գտնել…

Տուժող Ռոբերտը դատարանի հարցին պատասխանեց, որ բանակում չի ծառայել, նյարդային խնդիրներ է ունեցել: Նրա ձեռքերին երևում էին ինքնավնասման հետքեր…

Տուժող Ռոբերտ Ա.-ի հարցաքննությունը ավարտվեց:

Քրեական գործի առաջին դրվագով տուժող ոստիկանը՝ Արսեն Հ.-ն, ներկայումս մեկ այլ գործով գտնվում է… կալանքի տակ, նրան դատարան էին ներկայացրել քրեակատարողական հիմնարկից՝ ոստիկանական ուղեկցությամբ, բայց այս նիստին դատարանը չհասցրեց Արսեն Հ.-ին հարցաքննել, դա կարվի հաջորդ նիստին՝ նոյեմբերի 11-ին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...