Vazgen Manukyan

«Վախի մթնոլորտ կա շատ մարդկանց մոտ, որովհետև հեչ պարզ չի, թե ում մոտ կարան մտնեն, ում կարան ձերբակալեն, ում չեն կարա ձերբակալեն: Եթե սկիզբը դրված էր կոռուպցիայի դեմ պայքար, հիմա լրիվ ուրիշ տեղ են գնում էդ սլաքները: Սա ձգտում է մի ձեռքում վերցնել իշխանությունը, ու կարևոր չի նախորդները այդպիսին են եղել, թե՞ չէ: Ես կարամ քննարկեմ էդ հարցը, բայց հիմա ես տեսնում եմ, որ ապրում եմ մի երկրում, որը շատ ավելի մոտիկ է 37 թվին, քան ազատության հռչակումին: Եվ էս վտանգը բոլորի շեմին է կանգնած»,- Հանրային խորհրդի վերջին նիստի ժամանակ ասել է Վազգեն Մանուկյանը։

Վերջինս փորձառու գործիչ է, կանգնած է 88-ի շարժման ակունքներում ու իր կենսագրության բազմաթիվ դրվագներում տեսել է իրական ռեպրեսիաներ ու դժվար է հավատալ, որ Հանրային խորհրդի նախագահը մեր իրականությունն օբյեկտիվորեն կարող է նույնացնել 37-ի հետ, եթե նույնիսկ Հայաստանը տակավին հեռու է կայացած, անշրջելի ժողովրդավարության հանգրվանից։ Օրինակ՝ 2008-ի նախագահական ընտրություններում Վազգեն Մանուկյանը գոնե ֆորմալ առումով ընդդիմադիր թեկնածու էր, սակայն ամենևին էլ չաղմկեց, երբ իշխանությունը զանգվածաբար բռնանում էր մարդկանց կամարտահայտության վրա, մարդկանց էր կալանավորում, նույնիսկ գնդակահարում։ Այդ ժամանակ Մանուկյանի աչքերում ոչ միայն «37 թիվ» չէր երևում, այլ նա գոհունակությամբ համաձայնվում էր դառնալ Հանրային խորհրդի նախագահ։

Հետաքրքիր կլինի պարզել, թե Մանուկյանը ինչ է հասկանում «37 թիվ» ասելով։

Եթե դա դասական այն վիճակն է, երբ պետությունը զանգվածաբար բռնություններ է կիրառում սեփական քաղաքացիների նկատմամբ, ապա նման իրավիճակ այսօրվա Հայաստանում պարզապես գոյություն չունի ու Հանրային խորհրդի նախագահը դիմում է ակնհայտ քարոզչական մանիպուլյացիայի՝ կրկնելով Ռոբերտ Քոչարյանին, որին մինչև հիմա պատկանում էր այսօրվա իրավիճակը «37 թվի» հետ համեմատելու «մենաշնորհը»։ Ակամայից մատածում եմ, որ նման սայթաքում անելու պարագայում Վազգեն Մանուկյանը «վաստակում» է այն «փաղաքշական» արտահայտությունը, որը ժամանակին «նվեր» էր ստացել այն օրերի ՊՆ նախարար Սերժ Սարգսյանից։

Սակայն ավելի հավանական եմ համարում, որ Սերժ Սարգսյանն՝ իր «իդիոտ» ձևակերպումով, սխալ է, իսկ Մանուկյանն ուղղակի փորձում է «իդիոտի» տեղ դնել հասարակությանը կամ էլ՝ նրա մոտ քաղաքական իրադարձությունների ու տարեթվերի ասոցիացիան պայմանավորվում են միանգամայն այլ՝ ոչ քաղաքական գործոններով։

Օրինակ՝ երբ խորհրդարանում սպանդ է տեղի ուենում, նրա համար դա ոչ թե ահաբեկչություն է, այլ՝ «ռոմանտիկա», որի իրական կամ վիրտուալ հերոսներից մեկը գուցե նա է։

Երբ Ռոբերտ Քոչրայանը Երևանի փողոցներում մարդկանց էր գնդակահարում, դա ոչ թե «37 թիվ» էր, այլ՝ «ազատության հռչակում», որը Մանուկյանին տանելու էր դեպի Հանրային խորհուրդ։ Իսկ դե Սերժ Սարգսայնի նախագահությունը Հայաստանը դարձրել էր «ժողովրդավարության օազիս»։

Վազգեն Մանուկյանը 88-ի շարժման լիդերներից մեկն էր, սակայն իր չհիմնավորված մեծամտության հետևանքով երկու անգամ պարտվեց Լևոն Տեր-Պետրոսյանին, մնաց Ստեփան Դեմիրճյանի ու ընդդիմադիր այլ առաջնորդերի ստվերում, իսկ հիմա որոշել է վերջնականապես ոչնչացնել 88-ի Վազգեն Մանուկյանին։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...