Նախօրեին կառավարության նիստում կայացվել է Հայաստանում 4 գիշերօթիկի եւ մեկ մանկատան լուծարման մասին որոշում, որը պայմանավորված է հատուկ հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացով:

Ինչպես հայտնել է սոցապնախարար Զարուհի Բաթոյանը, Հայաստանում այն մեկնարկել է դեռեւս 2016-ից, սակայն ժամանակավորապես կասեցվել է 2019-ի հունվարին, քանի որ կառավարությունը դրել է նոր տրամաբանություն եւ ըստ այդմ նոր խնդիրները ամբողջապես հասկանալու նպատակ:

Գործընթացը փաստացի վերսկսում է, ինչը նշանակում է, որ արդյունքում Հայաստանում չեն լինելու հատուկ հաստատություններ, ինչպես գիշերօթիկ դպրոցները կամ մանկատները, ու երեխաները ունենալու են ընտանեկան խնամքի հնարավորություն, սոցիալապես անապահովներին ցուցաբերվելու է հասցեական աջակցություն:

Խնդրի վերաբերյալ արտահայտվել էր վարչապետ Փաշինյանը, նշելով, որ գործընթացի հիմքում Հայաստանում հուսահատության դեմ պայքարն է, որով հատկապես վարակվում են հատուկ հաստատություններում մեծացող երեխաները:

Իրապես, Հայաստանում այդ հատուկ ինստիտուցիոնալացված հաստատությունները գործնականում վերածվել էին «խեղճության» օջախների: Դրանցով անցնող երեխաների տեսակարար կշիռն ընդհանուր հասարակությունում փո՞քր է, թե մեծ, թերեւս էական նշանակություն էլ չունի: Նախ, տարիների ընթացքում խոսքը հազարավոր եւ տասնյակ հազարավորների մասին է, բացի այդ, խնդիրը զուտ մարդկային վիճակագրությունը չէ: Ի վերջո խոսքը հանրային համակեցության օրգանականության մասին է, իսկ այդ հաստատությունները իրենց գոյությամբ եւ տրամաբանությամբ վերածվել էին հանրային եւ պետական օրգանիզմի խոցելի կետերի, թույլ գոտիների, որոնք ինքնին լինելով փոքր, այդուհանդերձ օրգանիզմի դիմադրունակությունը թուլացնող կետեր են:

Կստացվի՞ ռեֆորմը, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար խնդրի լուծման էապես նոր տրամաբանություն ներդնելը, դժվար է ասել: Ի վերջո, որեւէ ռեֆորմ չունի հաջողության 100 տոկոս երաշխիք, սակայն դրված ռազմավարական նպատակը հստակ է՝ հատուկ խնամքի կարիք ունեցող մանկահասակ երեխաներին դուրս բերել կյանքի այսպես ասած «երաշխավորված հուսահատության» հունից, որն արդեն հասուն տարիքում փոխելը դառնում է շատ դժվար:

Այդ իմաստով, Հայաստանում տեղի է ունենում հեղափոխական գործընթաց: Եվ դա հետհեղափոխական այն համատարած տրտունջի կամ երբեմն նույնիսկ նվնվոցի ֆոնին, թե հեղափոխությունը այդքան էլ հեղափոխություն չէ, կամ ռեֆորմներ չկան: Իհարկե, լավ է անընդհատ ավելիի պահանջը, մյուս կողմից, սակայն, հեղափոխության այդքան էլ հեղափոխություն չլինելու վերաբերյալ տրտունջները պայմանավորված են ավելի շատ ոչ թե բովանդակային, արժեհամակարգային եւ ռազմավարական ռեֆորմների, այլ պարզապես գիլյոտինի սպասումով՝ քանիսին բռնեցին, ում բռնեցին, ինչից զրկեցին եւ այլն: Այլ կերպ ասած, տեսարանային սպասումով:

Ու քանի որ հատուկ հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացն իր մեջ տեսարան չի պարունակում, այն այդքան էլ չի արժանանում հանրության ուշադրությանը, ինչպես օրինակ տեսարանային այլ երեւույթներ, որոնք սակայն ապագայի տեսանկյունից այլ բան չեն, քան դեկորատիվ նշանակության աժիոտաժ:

Spread the love