Որքա՞ն դեռ կա Մարտի 1-ի կծիկը ամբողջությամբ քանդվելու համար

- in Վերլուծական

Շուտով մարտիմեկյան գործով մեղադրյալների թիվը արտերկրում կամ Ռուսաստանում կլինի ավելի շատ, քան Հայաստանում նույն գործով որպես մեղադրյալ անցնող մարդկանց թիվը:

Ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն որոշել է գործով որպես մեղադրյալ ներգրավել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որը ևս արտերկրում է: Իհարկե, նա հայտնում է Հայաստան գալու պատրաստակամություն, թեև պարբերաբար ձգում է ժամկետը:

Այդպիսով, հավանակա՞ն է արդյոք, որ հեռակա մեղադրյալների թիվը գերազանցի Հայաստանում գտնվող և արդարադատության համար հասանելի դարձած մեղադրյալների թվին: Եվ հնարավո՞ր է արդյոք այդ դեպքում գործի ամբողջական քննություն:

Ավելի ու ավելի տեսանելի է դառնում մի բան՝ մարտիմեկյան գործը գտնվում է ոչ թե, այսպես ասած, քարերը հավաքելու, այսինքն՝ իրավիճակն ի մի բերելու և հարցերի պատասխանն ի վերջո հանրությանը ներկայացնելու փուլում՝ այդ գործով բոլոր հնարավոր դերակատարների ներգրավումով՝ լինի մեղադրյալ, թե վկա, այլ կծիկը քանդվելու փուլում: Ու դեռ ինչքա՞ն կա այն քանդվելու համար:

Մյուս կողմից՝ հարց է նաև այն, թե արդյոք ո՞ւմ ձեռքին է գտնվում կծիկը, այն գլորվում է ինքնահոսո՞վ, թե՞, այդուհանդերձ, հստակ կառավարվում է: Եվ Հայաստանո՞ւմ է կառավարման ղեկը, թե՞ Հայաստանից դուրս, եթե նկատի առնենք այն, որ գործով մեղադրյալների թվաքանակը մոտ ապագայում հնարավոր է ավելին լինի արտերկրում, քան Հայաստանում:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում որևէ հստակ պատասխան չի տվել արտերկրում գտնվող մեղադրյալների, այսպես ասած, հասանելիության առումով, մի կողմից՝ չխոսելով, թե ինչպես են նրանք դուրս գալիս ընդհանրապես, մյուս դեպքում ասելով, որ հետախուզման պատասխանատուն ՀՔԾ-ն չէ, այլ ոստիկանությունը:

Ֆորմալ տեսանկյունից դա իսկապես այդպես է, սակայն հարց է առաջանում՝ պետության և հանրության համար կարևորագույն այդ գործով ինչպիսի՞ն է իրավապահ կառույցների աշխատանքի համակարգումը: Որովհետե խոսքը պարզապես ընթացիկ գործի մասին չէ, այլ, մեծ հաշվով, Հայաստանում հետանկախական շրջանում իշխող համակարգի հարաբերությունների բարդ հանգույցի, որը բերեց մարտիմեկյան ողբերգական հանգուցալուծման: Հետևաբար թվում է, որ իրավապահ համակարգն այդ առումով պետք է գործի առավելագույն համակարգվածության և ներդաշնակության պայմաններում, ինչը, սակայն, առնվազն ՀՔԾ պետի մեկնաբանությունից ստացվող տպավորությամբ ամենևին այդպես չէ: Դրանից էլ առաջանում է եթե ոչ՝ տպավորություն, ապա առնվազն հարց, թե արդյոք կծիկը չի՞ գլորվում մի տեղից մյուսը՝ անկառավարելի ընթացքով:
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments